Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. Բաբուխանյան

Հաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. Բաբուխանյան

11:56 | 13.05.2021 | Քաղաքականություն

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ կարծիքով՝ Մայիսի 9-ը հայ ժողովուրդը պետք է շարունակի տոնել՝ նախեւառաջ որպես Հայրենական Մեծ պատերազմում մեր ընդհանուր հաղթանակի տոն:

- Սովետական միության հաղթանակի մեջ հայ ժողովուրդն ունեցավ իր հսկայական ներդրումը: Եվ, իհարկե, պետք է այն տոնենք, որովհետեւ մեր հաղթանակն է: Մենք Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթող ժողովուրդ ենք, իսկ Հայաստանի սոցիալիստական հանրապետությունը՝ հաղթող պետություն: Եվ այսօր մեր հաղթանակը պետք է ցույց տանք, որ մասնակցել ենք առաջադեմ մարդկության, Սովետական միության հաղթանակի կերտմանը: Պետք է հպարտանանք, հիշենք եւ նաեւ բոլորին հիշեցնենք, որ հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմում տվել է 600 հազար զորք, տանկային շարասյուներ եւ ունեցել ենք հսկայական զոհեր, մոտավորապես՝ 300 հազար մարդ: Ուստի՝ այսօր հաղթանակին պետք է տեր կանգնել, որովհետեւ եթե դու չես կանգնում տեր, ուրիշը կգա եւ տեր կկանգնի: Մենք այդ հաղթանակի տերերից մեկն ենք եւ պետք է պնդենք, որ որպես հաղթող երկիր իրավունք ունենք մեր համապատասխան մասնաբաժինն ունենալ այդ հաղթանակից:

- Մեր մյուս հաղթանակին, փաստորեն, չկարողացանք տեր կանգնել եւ այն մեզնից խլվեց… Ի՞նչ կասեք այս մասին:

- Այն հաղթանակը, որը 1992-ին ունեցանք՝ Շուշիի ազատագրումը, կարողացանք պահել երկար տարիներ: Ցավոք, ներկայիս ապաշնորհ, ապիկար, ոմանք նաեւ այլ բնորոշումներ են տալիս՝ դավաճանական, բութ կամ՝ պարզապես, զըռ անգրագետ քաղաքականության հետեւանքով կործանվեց մեր հաղթանակը, մեր պայքարը, մեր 30 տարվա ծրագրերը, մեր ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը… Բայց բոլոր դեպքերում պետք է հիշենք Շուշիի ազատագրումը, ինչպես հիշում ենք Սարդարապատի հերոսամարտը: Այդպիսի փայլուն էջերը պետք է հիշենք եւ հպարտանալով նաեւ պատկերացնենք, որ ինչքան էլ թշնամին հոխորտա, եթե մենք արել ենք դա մեկ անգամ, ուրեմն՝ կանենք ապագայում եւս: 1992 թվականին մենք ջարդել ենք թուրքին, ազատագրել ենք Շուշին եւ տղերքի հերոսությունը պետք է հիշել ու նշել: Այդ կապակցությամբ ասեմ, որ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումն այսօր կազմակերպել է միջոցառում եւ նշելու ենք մեր եռատոնը: Ժամը՝ 19:00-ին կայարանամերձ հրապարակի անմիջապես կողքին գտնվող հրապարակում՝ Սասունցի Դավիթ 2 հասցեում, որը ժողովրդի մեջ հայտնի է՝ որպես Հայ մամուլի հրապարակ, տեղի կունենա համերգ: Մեր բոլոր հայրենակիցներին հրավիրում ենք միասին նշել մեր հաղթանակի տոնը:

- Ի դեպ, Դուք այն քիչ քաղաքական ուժերից մեկն էիք, որը մեծ հանդիսավորությամբ այս տարի նշեց նաեւ Լեռնահայաստանի 100-ամյակը…

- Մենք գտնում ենք, որ Նժդեհի ուսմունքը ցանկացած հայի համար պետք է լինի շատ ուսանելի: Նժդեհն ասում էր, որ Հայաստանի համար միակ, բնական դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է: Մեր շարժումը նժդեհական է, համենայնդեպս, գոնե ՍԻՄ-ը հաստատ նժդեհական է: Այդ գաղափարախոսությունը մենք միշտ ունեցել ենք եւ շարունակում ենք ունենալ, որը Նժդեհի ցույց տված մեր ազգային խնդիրների լուծման ճանապարհն է: Դրա համար կարեւորեցինք Լեռնահայաստանի 100 ամյակը: Մեր գործընկերների՝ «Ազգի ձայն» կուսակցության եւ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանի նախաձեռնությամբ Երեւանում եւ Հրազդանում անցկացվեցին գեղեցիկ միջոցառումներ՝ նվիրված Լեռնահայաստանի 100 ամյակին եւ այն մարդկանց հիշատակին, ովքեր կարողացել են այն իրականացնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси