Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Երկու օրից պատրաստվում եմ կրկին գնալ Արցախ, այնտեղ առաքելություն ունեմ». Հրանտ Թոխատյան. «Հայկական ժամանակ»

«Երկու օրից պատրաստվում եմ կրկին գնալ Արցախ, այնտեղ առաքելություն ունեմ». Հրանտ Թոխատյան. «Հայկական ժամանակ»

10:28 | 14.10.2020 | Քաղաքականություն

«Երկու օրից պատրաստվում եմ կրկին գնալ Արցախ, այնտեղ առաքելություն ունեմ». Հրանտ Թոխատյան. «Հայկական ժամանակ»

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը պատերազմական այս օրերին անձամբ է եղել Արցախում և աչքով տեսել այնտեղ կատարվողը: Արցախում տեղի ունեցողի, միջազգային հանրության և մշակույթի այլազգի դեմքերի արձագանքների, այս օրերին իր գործուն քայլերի և այլ հարցերի շուրջ «Հայկական Ժամանակ» թերթի հետ զրույցը՝ ստորև.

– Պարոն Թոխատյան, երկու շաբաթից ավելի է՝ Արցախում չեն լռում հրանոթները: Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ պատերազմ է հայտարարել ոչ միայ ն հայկական զինված ուժերին, այլ նաև գնդակոծում է խաղաղ բնակավայրերը, ենթակառուցվածքները, այդ թվում՝ հոգևոր կառույցը՝ Շուշիի եկեղեցին: Այս ընթացքում Դուք ևս Արցախում էիք: Ականատեսի աչքով կպատմե՞ք Ձեր տեսածը:

– Նախ ասեմ, որ թուրքերն ու ադրբեջանցիներն ինձ համար նույնն են: Նրանց անգամ մարդ կոչել հնարավոր չէ, որովհետև այն, ինչ իրենք են անում, որևէ կապ չունի հոմոսապիենս հասկացության հետ: Նրանց կողմից կիրառվող այդ զենքերը՝ սկսած այդ կասետային կոչվածներից մինչև անօդաչու սարքեր, մեծ վնաս են հասցնում խաղաղ բնակչությանը և քաղաքներին: Դա ահավոր մի բան է: Աչքիդ առաջ զոհվում են մարդիկ, որոնք մինչև վերջ իրենց հողից կառչած են: Նրանց տղաները, եղբայրները, ամուսինները ճակատում են, իսկ իրենք չեն ուզում որևէ կերպ թողնել իրենց տունը, հողը: Այդ մարդիկ անգամ պատրաստ են ամենավատ պայմաններում՝ նկուղներում, ապաստարաններում ապրել, բայց մնալ սեփական հողի վրա: Թեպետ մենք առաջարկում էինք իրենց տեղափոխվել առավել անվտանգ վայրեր, նկատի ունեմ Երևան կամ Հայաստանի այլ մարզեր, շատ-շատերը չէին համաձայնում: Ու հիմա, երբ սոցցանցերում կարդում եմ բացասական գրառումներ արցախցիների հասցեին, թե իբր նրանք չեն ուզում կռվել, փախչում են և այլն, ես շատ եմ զայրանում դրանից: Անթույլատրելի է դա: Այն ցավը, որ մարդիկ իրենց մաշկի վրա զգում են այնտեղ, այստեղ ավելի քիչ ընկալելի է:

– Պարոն Թոխատյան, այս օրերին մենք տեսնում ենք, որ մշակույթի գործիչներից շատերը ներգրավվել են տարբեր նախաձեռնություններում և այդ կերպ փորձում են օգնել ճակատում կռվող զինվորին, նրանցից ոմանք անգամ կամավորագրվել են և մեկնել առաջնագիծ: Դուք էլ նշեցիք, որ իրականացնում եք տարբեր նախաձեռնություններ: Փոքր-ինչ կմանրամասնե՞ք:

– Երբ այստեղ եմ լինում, օրը մի քանի անգամ այցելում եմ այն արցախցի երեխաներին, կանանց և ծերերին, որոնք ապաստան էլ են Հայաստանի տարբեր հատվածներում, ինչն արդեն նշեցի: Երկու օրից պատրաստվում եմ կրկին գնալ Արցախ, այնտեղ առաքելություն ունեմ, որի մասին չեմ ուզում հիմա զրուցել: Իսկ այն, ինչ այսօր Մատենադարանի մոտ իրականացնում են մեր մշակույթի գործիչները, ինձ համար հրաշք մի բան է: Խաղաղ պայմաններում թվում էր, թե երիտասարդ դերասանները, երգիչները ապրում են թեթև կյանքով, անգամ շատերը մտածում էին՝ մի՞թե սրանք են մեր ապագան, բայց այսօր որ տեսնում ես, թե ինչ են անում նրանք՝ դարձած մի բռունցք, ուղղակի ես ուզում եմ ասել, որ խոնարհվում եմ իրենց առաջ: Բրավո նրանց: Ապրեն իրենք: Ապրեն նաև այն վարորդները, որոնց ես տեսել եմ Արցախում: Ռմբակոծությանը շան տեղ չդնելով՝ էդ տղաները օրվա մեջ երկու-երեք անգամ գնում-գալիս են Արցախ, կյանքեր են փրկում՝ իրենց կյանքը վտանգելով: Փառք ու պատիվ բոլորին, այդ թվում՝ մեր գործընկերներին, որոնք հիմա առաջնագծում են: Ես նաև շատ լավ ընկերներ ունեմ, որոնք հիմա այնտեղ են:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси