Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Համոզված եղեք՝ մենք հաղթելու ենք: Մենք ավելի ծանր ժամանակահատված ենք ապրել 92 թվականին». Արայիկ Հարությունյան

«Համոզված եղեք՝ մենք հաղթելու ենք: Մենք ավելի ծանր ժամանակահատված ենք ապրել 92 թվականին». Արայիկ Հարությունյան

10:28 | 03.10.2020 | Քաղաքականություն

«Համոզված եղեք՝ մենք հաղթելու ենք: Մենք ավելի ծանր ժամանակահատված ենք ապրել 92 թվականին». Արայիկ Հարությունյան

 

«Սիրելի իմ եղբայրներ, հայրենակիցներ, գիտակցում եք՝ պատմական պահը: Այսօր որոշվում է, վճռվում է մեր ապագան, այս երկրում ապրելու մեր իրավունքըԼ: Հարյուրամյակների, հազարամյակների մեր պապերի կատարած սխրագործության շարունակությունը մենք պետք է ձեզ հետ միասին կատարենք այսօր: Ես ուզում եմ գիտակցենք պահը»,- մինչ մարտի դաշտ մեկնելը գիշերվա ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մենք հարյուրամյակների, հազարամյակների ամենաճակատագրական ժամանակահատվածն ենք ապրում, ժողովուրդ: Հայրենիք ունենալու և չունենալու օրհասական ժամանակահատվածում ենք ապրում: Մենք պետք է գիտակցենք, որ մեզնից յուրաքանչյուրից է կախված ոչ միայն արցախի, Հայաստանի, այլ հայ ազգի ապագան. ինչքանով ենք մենք կոչվելու ազգ, ինչքանով ենք մենք իրավունք ունենալու այս մոլորակի վրա շարունակելու՝ որպես հայ մնալը, ազգ մնալը, երկիր ունենալը»,- ընդգծել է նախագահը:

 

Նա ընդգծել է. «Ես ուզում եմ, որ դուք կատարեք ձեր ծառայությունը և շարունակեք ապրել այս հայրենիքում ՝ որպես արժանի զավակներ: Ուզում եմ, որ բոլորդ կատարելով ձեր մարտական գործողությունները, առաջադրանքները՝ առանց կորստի շարունակենք: Համոզված եղեք՝ մենք հաղթելու ենք: Մենք ավելի ծանր ժամանակահատված ենք ապրել 92 թվականին, երբ կորցրել էինք Արցախի տարածքի մեծ մասը, երբ հակառակորդը գտնվում էր արդեն Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու, Կարմիր շուկայի, Գանձասարի մատույցներում: Մեզ հաջողվել է այն ժամանակ, հաջողվելու է նաև այսօր: Ոչ միայն հաղթահարել ենք՝ հաղթանակել ենք: Ոչ միան  հաղթել ենք, այլ ազատ երկիր ունենալու իրավունք ենք վաստակել, և այդ ազատ երկրում մեր երեխաների ապրելու իրավունքը, ճակատագիրն է այսօր որոշվում: Սթափ և ամենակարևորը՝ առողջ դատենք և իմանանք, որ մենք ունենք առաքելություն մեր երկրի, մեր ազգի, մեր սերունդների առջև»:

Նա նշել է, որ րոպեներ առաջ հանդիպել է մեր եզդի եղբայրների մի մեծ խմբի, որոնք նույնպես այսօր արդեն գտնվում են առաջնագծում.

«Եվ մեզ հետ միասին պաշտպանում են հող հայրենին: Եվ նաև միջազգային հանրությունն է այսօր համախմբվել, և գիտակցում է այն մեծ չարիքը, որը սկիզբ է առել այս մի քանի օրերին մեր տարածաշրջանում՝ համաշխարհային, տարածաշրջանային մեծ վտանգը: Հաջողություն բոլորիդ: Ես էլ եմ լինելու ձեզ հետ միասին, ոչ մեկը չկասկածի. Հանուն հայրենիքի, հանուն մեր ապագայի»:

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси