Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հանրաքվեն ամենալավ տարբերակն էր, բայց համաճարակի պատճառով հանրաքվե հնարավոր չէ անցկացնել, մնում է երկրորդ տարբերակը». Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ նոր նախագծի մասին

«Հանրաքվեն ամենալավ տարբերակն էր, բայց համաճարակի պատճառով հանրաքվե հնարավոր չէ անցկացնել, մնում է երկրորդ տարբերակը». Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ նոր նախագծի մասին

19:19 | 20.06.2020 | Քաղաքականություն

«Հանրաքվեն ամենալավ տարբերակն էր, բայց համաճարակի պատճառով հանրաքվե հնարավոր չէ անցկացնել, մնում է երկրորդ տարբերակը». Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ նոր նախագծի մասին

Այսօր ժամը 12:00-ից ՔՊ գրասենյակում տեղի էր ունենում Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը: Այն տևեց ավելի քան երկու ժամ: Մամուլը գրեց, որ օրակարգում ներքաղաքական հարցեր են, այդ թվում՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, ՍԴ-ի կազմը փոխելու մասին շրջանառության մեջ դրված օրինագծի, ինչպես նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի մասին հարցերը: Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ առանց լրագրողների հարցերին պատասխանելու: Անպատասխան մնացին նաև ժողովրդի մի հատվածի անունից հանդես եկող քաղաքացու հարցերը։

Ինչպես միշտ լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և պարզաբանեց,  թե որևիցե ծայրահեղ արտառոց բան քննարկելիս հանրությունը տեղյակ է լինում, այս հանդիպման ժամանակ նման հարցեր չեն քննարկվել:

«Հերթական հանդիպումն էր խմբակցության հետ, հնարավոր է, որ գալիք շաբաթ նաև արտահերթ խորհրդարանական նիստ ունենանք՝ հարցեր լինեն քննարկելու: Վարչապետը ելույթ ունեցավ, հնչեցին հարցեր, հնչեցին խմբակցության ելույթները, վերջում նաև ամփոփիչ խոսքով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել է ստեղծված իրավիճակը, որևէ նոր բան չկա ասելու, դուք ամեն ինչ շատ լավ գիտեք, այն, ինչ որ հրապարակավ ասվում է, քննարկվում է, բազմիցս ապացուցել ենք, որ նույն բանն ենք ասում, նույն բանն ենք խոսում»,- ասաց Սիմոնյանը:

Թե ի՞նչ է քննարկվելու խորհրդարանում հրավիրվելիք  արտահերթ նիստում, ԱԺ փոխնախագահը կարճ պատասխան տվեց՝ «կիմանաք»: Այսօրվա հանդիպմանը ներկա էր նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար.Հակոբ Արշակյանը: Լրագրողները հարցրին, թե ինչո՞ւ էր նա եկել, մի՞թե հանդիպումը միայն  պատգամավորների հետ չէր:

«Հակոբ Արշակյանը ՔՊ վարչության անդամ է, ընդհանուր նիստ էր, ինչո՞ւ չպետք է գար Հակոբ Արշակյանը»,- լրագրողներին հարցրեց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ երեկ շրջանառության մեջ  էին դրել և ֆեյսբուքյան տիրույթում տարածել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին տեղեկությունը: Նախագծով առաջարկվում է՝ դադարեցնել Սահմանադրական դատարանի այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի։
ՍԴ մյուս անդամների պաշտոնավարումը սահմանափակել 12 տարով։ Դադարեցնել ՍԴ նախագահի պաշտոնավարումը:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է ՍԴ փոփոխությունների նախագիծը քննարկման մեջ դրվել առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու, որի համար ավելի վաղ դիմել էին, Սիմոնյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ երկուշաբթի կամ երեքշաբթի կլինի այդ կարծիքը, և քննարկումների փուլում այն առկա կլինի: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ենթադրվում է, որ նախագիծն ընդունվելուց և ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանից կհեռանան ՍԴ 3 անդամներ՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ արդեն որպես ՍԴ անդամ: Լրագրողի հարցին, թե ՍԴ հարցի լուծման առաջին տարբերակով Հրայր Թովմասյանը չպետք է պաշտոնավարեր,  ինչպե՞ս են պատրաստվում  ճգնաժամը երկու տարբեր սցենարով լուծել, Սիմոնյանը պատասխանեց.

«Եկեք չշտապենք, կտեսնենք: Զարգացումները տարբեր ժամանակներում տարբեր լուծումներ են առաջարկում, իրավիճակը փոխվում է, և մեր նախագծի վրա հիմնված ձեր բերած փաստը, որ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել, քննարկման փուլում կարող է շատ բան փոխվել»:

Պատգամավորն ասաց, որ նախագիծը վարչապետի հետ հանդիպման ժամանակ չի քննարկվել: Լրագրողները հիշեցրին, որ ՍԴ հարցի կարգավորման համար իշխանությունները հանրաքվե էին նախատեսել, որով ցանկանում էին իմանալ ժողովրդի կարծիքը, այս պարագայում ինչպե՞ս է հանրությունն իր կարծիքն արտահայտելու:

«Հանրաքվեն ամենալավ տարբերակն էր, բայց  համաճարակի պատճառով, հասկանալի պատճառներով հանքավե հնարավոր չէ անցկացնել, մնում է երկրորդ տարբերակը, ժողովրդի կողմից 72 տոկոս վստահության քվե ստացած պատգամավորների և ԱԺ միջոցով այդ հարցի պատասխանը գտնելը, որովհետև բնական է, բոլորս հասկանում ենք, որ Հայաստանի էսօրվա վիճակում հնարավոր չէ հանրաքվե անցկացնել»,- ասաց պատգամավորը:

Լրագրողի նկատառմանը, որ միգուցե հանրաքվեի ժամանակ մարդիկ համաձայնություն չտային իշխող ուժի նախաձեռնությանը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց.

«Միգուցե-ով բաներ տեղի չի ունենում: 3 տարի հետո ՀՀ-ում ընտրություններ են  լինելու, ՀՀ քաղաքացիները կեթան, այդ ձևավորված ընդդիմադիր ճակատը՝ Դաշնակցության, «Բարգավաճի», տարբեր երկրների ներկայացուցիչների և այլնի կողմից ձևավորված, չգիտեմ՝ ով ա ընդեղ հավաքվելու, տարբեր երկրների կողմից համագործակցության մեջ մտած, չգիտեմ՝ այնտեղ ով կհավաքվի, ով կստորագրի, կգնան-կընտրեն էդ մարդկանց, էդ մարդիկ էլ կգան-կասեն՝ տեսեք, իրականում տենց բան է տեղի ունեցել… Չեմ կարծում, որ ՍԴ-ի հարցն անցած-վերջացած կլինի, ու մենք դրա հետ կապված որևիցե ասելիք չենք ունենա, և ՀՀ-ում կա մթնոլորտ, որ մենք կարող ա հանրաքվե անենք, ու այդ հարցը չլուծվի: ՀՀ քաղաքացիները՝ իրենց գերակշիռ մեծամասնությամբ, վստահում են ՀՀ իշխանությանը, վարչապետին, և այն հեքիաթները, որոնք  որ որոշ մարդիկ իրենց լրատվամիջոցներով հորինել են, և իրենք իրենց հավատացել են, իրականությանը չեն համապատասխանում»:

Հանրաքվեի քարոզարշավի համար հավաքված գումարների մասին  էլ Սիմոնյանն ասաց, որ դրանք հավաքված են հիմնադրամում, և կամ կփոխանցվեն պետբյուջե, կամ որևէ այլ գործընթացի:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси