Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվել

Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվել

18:49 | 22.04.2020 | Հասարակություն

Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվել
 

2020 թվականի մարտի 6-ին տեղի է ունեցել «Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Տնօրեն էր ընտրվել դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը։

Նշենք, որ դպրոցի տնօրենի թափուր հաստիքի թեկնածուներն էին Լիանա Աշրաֆյանը, Անժելա Կարապետյանը, Տաթեւիկ Մարաբյանը, Անուշ Մարտիրոսյանը, Արմինե Մարտիրոսյանը։

Կառավարման խորհուրդի 6 անդամներից 1-ը քվեարկել է Անուշ Մարտիրոսյանի, 5-ը՝ Լիանա Աշրաֆյանի օգտին։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ապրիլի 16-ի որոշմամբ մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվել։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը 02.04.2020թ. հ.01/07.1/7798-20 գրությամբ դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2020 թվականի մարտի 24-ի N 235-Ա հրամանով ձեւավորված հանձնաժողովի 27.03.2020թ. եզրակացության հիման վրա «Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար 2020 թվականի մարտի 6-ին կայացած մրցույթի արդյունքները չեղյալ ճանաչելու առաջարկությամբ:

Եզրակացության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ուսումնասիրությամբ պարզվեց նաեւ, որ 2020 թվականի հունվարի 23-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթում հրապարակվել է դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին 1-ին հրապարակումը, իսկ 2-րդը նույն թերթում պետք է լիներ հունվարի 28-ին, սակայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» հ.42-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2020 թվականի փետրվարի 1-ը՝ շաբաթ օրը, ինչի արդյունքում անհնարին է դարձել հունվարի 28-ին 2-րդ հրապարակումն այդ թերթում եւ այն հրապարակվել է հունվարի 29-ին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում, իսկ «Հայաստանի Հանրապետություն» թերթում՝ հունվարի 30-ին:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե ժամկետի ավարտը պայմանավորված է վրա հասած իրադարձությամբ, ապա այն ավարտված է համարվում վրա հասած իրադարձության օրվան հաջորդող օրվանից, որով որոշված է ժամկետի ավարտը, իսկ 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

Սակայն չի պահպանվել Կարգի 7-րդ կետի հետեւյալ պահանջը՝ «մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից 30 օրվա ընթացքում»: Այսինքն՝ հիմք ընդունելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ օրերով հաշվարկվող ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը, ապա հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից (29.01.2020թ.) հաշված հայտերի ընդունման 30-րդ օրը փետրվարի 27-ն է եւ ոչ թե հայտարարության մեջ նշված փետրվարի 26-ը: Հետեւաբար՝ պետք է տեղափոխվեր նաեւ մրցույթի անցկացման օրը եւ կարգի 7-րդ կետի համաձայն՝ նշանակվեր փաստաթղթերի ընդունման ավարտից հետո յոթերորդ աշխատանքային օրը, որը չի կատարվել եւ դրանով իսկ վատթարացվել են հավակնորդների իրավունքները:»:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси