Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
2019 թվականը կորցրած հնարավորությունների և նոր սպառնալիքների ձևավորման տարի էր. Արծվիկ Մինասյան

2019 թվականը կորցրած հնարավորությունների և նոր սպառնալիքների ձևավորման տարի էր. Արծվիկ Մինասյան

15:23 | 23.12.2019 | Հասարակություն

2019 թվականը կորցրած հնարավորությունների և նոր սպառնալիքների ձևավորման տարի էր:  Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովի ընթացքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ պետության, հասարակության, հայ ժողովրդի կյանքում առնվազն յոթ կարևոր ուղղություններով նոր սպառնալիքներ են ձևավորվել:

Առաջին երեքը, ըստ Մինասյանի, արտաքին հարաբերություններն են, արցախյան հարցով բանակցությունները և հայոց բանակը, սակայն հասարակական հարաբերություններում շատ կարևոր են նաև մյուս չորս ուղղությունները: Դրանցից մեկը վերաբերում է ՀՀ-ում, հայկական իրականության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը:

«Ատելության խոսքը, քարոզը, վարքագիծը, որ բխում է նախևառաջ իշխանության ձևավորած անձանց վարքագծից, ցավոք սրտի, Հայաստանում դարձավ առօրյա, և համացանցում գրեթե ամեն օր տարածվող հարյուրհազարավոր վիրավորական մեկնաբանությունները վկայում են, որ իշխանությունը կարևոր մնալու համար ամեն գնով մանիպուլյացիաների միջոցով փորձում է ընտրել նոր թիրախներ, նոր թշնամի, նոր հակառակորդ»,-ասաց Մինասյանը՝ ընդգծելով նաև, թե բոլոր այն անձինք, որոնք մտածում են, թե պետք է թողնել, որ իշխանությունները սխալվեն, որ հասարակության «աչքերը բացվեն», սխալվում են. «Մենք իրավունք չունենք մի կողմ քաշվել և թողնել, որ իշխանությունը տապալի ամեն ինչ»,-հավելեց նա:

Վերջինս նշեց նաև, թե հասարակական լարված մթնոլորտում, անհանդուրժողականության պայմաններում շատ ավելի ծանր հետևանքներ են առաջացնում օտարածին օրակարգերի սպասարկմանը պատրաստ և դրանք հասարակության քաղաքական կյանքում անընդհատ ու ամեն օր ներմուծվող մոտեցումները: «Դրանք փորձ են՝ ձևավորելու մի հասարակություն, որը չունի դիմադրողականություն, որն ապրում է առօրյա հաճույքներով և պատրաստ չէ ազգային գաղափարների ու նպատակների համար պայքար տանել, կամ, լավագույն դեպքում, նրա պայքարը պետք է լինի, այսպես կոչված, համայն աշխարհի կամ մարդկության շրջանակներում պարզապես սեփական բարեկեցությունը բարելավելը»,-պարզաբանեց ՀՅԴ ԳՄ անդամը:

Մյուս մարտահրավերը, ըստ Մինասյանի,  իշխանության մեջ մենատիրության հաստատման առարկայական գործողություններն են: «Դատարանների նվաճման քաղաքականությունը, որ իշխանությունը վերից վար պլանավորված ձևով փորձում էր իրականացնել, բացահայտում է նաև անձնիշխանության, անձնակենտրոն իշխանության ցանկություններն ու ձգտումները: Դատարանների վրա ճնշումները խոսում են այն մասին, որ մենք ոչ միայն չենք կարող իրավական պետության մասին խոսել, այլև հակառակը՝ խոսում ենք բռնապետության մասին, մի հասարակության  մասին, որտեղ մատնությունը դարձել է հիմնական վարքագծի կանոն»,-ասաց նա՝ նշելով, թե  իշխանությունները վերացել են ժողովրդավարական ամենատարրական կանոններից:

Արծվիկ Մինասյանն ասաց նաև, թե քաղաքական կուսակցությունները, որոնք պետք է երկրում հասարակության-քաղաքական կամքը ձևավորեն, այսօր, ինչքան հնարավոր է, պիտակավորվում են, և հատկապես այն կուսակցությունները, որոնք  իշխանությանը ընդդիմախոսում են:

«Այսինքն՝ ոչնչացվում է հենց քաղաքական ինստիտուտի կարևոր մի հատված: Առանց քաղաքական կուսակցությունների՝ նաև գաղափարախոսություն չի կարող լինել, առանց գաղափարախոսության՝ ապագա չի կարող լինել: Պատահական չէ, որ եթե առանց գաղափարախոսության ձևավորվում է իշխանություն, այն կամ պետք է գնա մենիշխանության հաստատման և բռնատիրության միջոցով իշխանությունը պահելուն, կամ պարզապես պետականությունը կորցնելու ճանապարհով»,-ասաց Մինասյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси