Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«168 ժամ». Ընդդեմ իշխանության ու կեղծ ընդդիմության. այստեղ նաեւ ինտրիգ կա

«168 ժամ». Ընդդեմ իշխանության ու կեղծ ընդդիմության. այստեղ նաեւ ինտրիգ կա

10:39 | 13.12.2016 | Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները հուշագիր ստորագրեցին համատեղ գործունեության վերաբերյալ, որի հիմնական դրույթներից մեկն այն է, որ երեք ուժերը 2017 թվականի խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են դաշինքով։

Այս կուսակցությունների դաշինքի ձեւավորման հիմնական ինտրիգներից մեկն այն էր, որ նրանք հավակնում էին միավորել, այսպես կոչված՝ արեւմտամետ ուժերին, ովքեր կունենան հստակ արտաքին քաղաքական կողմնորոշում, որն արմատապես կտարբերվի գործող իշխանության դիրքորոշումից ու կողմնորոշումից։ Երեկ հրապարակված հուշագրում, սակայն, այդ հստակ կողմնորոշումը բացակայում է։

Կուսակցություններն ընդամենն արձանագրել են, որ Հայաստանը տեսնում են՝ որպես եվրոպական տիպի պետություն, ինչպես իրենք են նշել՝ «ազգային լավագույն առանձնահատկությունների եւ հետաքրքրությունների համադրությամբ»։ Այսինքն՝ գոնե հուշագրի մակարդակում այս կուսակցությունների արեւմտամետությունը, ըստ էության, չի արտահայտվում։ Նրանք՝ եվրոպական տիպի պետության տեսլականի արձանագրմամբ, արձանագրել են այն, ինչի մասին հայտարությունների մակարդակում խոսում են նաեւ իշխանությունները՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու մյուսները։

Իսկ դա, մեծ հաշվով, նշանակում է՝ լղոզել Հայաստանի առջեւ ծառացած հիմնական խնդիրը՝ արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրը, դա նշանակում է՝ մոտավորապես, ինչպես իշխանությունը կամ ռուսական ուղեծրում գտնվող ոչ իշխանական ուժերը՝ համարել, որ Հայաստանի խնդիրները կարելի է լուծել՝ նաեւ մնալով եվրասիական տիրույթում։

Դա նշանակում է, որ այս միավորման հիմքում, լայն իմաստով, դրվել է «Քաղաքացիական պայմանագրի» «ոչ-ոչ» դիրքորոշումը, որն ընդհանուր առմամբ իշխանական «եւ-եւ»-ն է՝ հակառակ դրսեւորմամբ։ Դա նշանակում է նաեւ, որ դաշինքի հիմքում ավելի պակաս չափով է դրվել Արամ Սարգսյանի շատ ավելի հստակ՝ հակաեվրասիական դիրքորոշումը։

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանին, ապա նա ընդհանուր առմամբ մշտապես խոսելով եվրոպական ինտեգրացիայի մասին՝ այդուհանդերձ, այնպիսի սկզբունքային հարցերում, ինչպիսին անվտանգության համակարգն է, ավելի շատ նախապատվությունը տվել է ՀԱՊԿ-ին, որը մեծ հաշվով «ոչ-ոչ»-ի մեկ այլ դրսեւորում է, ինչն էլ հանգում է եվրասիականության շարունակությանը։

Իհարկե, հնարավոր է, որ սա դեռեւս առաջին տպավորությունն է, եւ ապագայում արդեն նախընտրական ուղերձներով այս դաշինքն ավելի կհստակեցնի իր դիրքորոշումը։ Բոլոր դեպքերում, ընդդիմադիր դաշինքի ձեւավորումը պետք է դրական համարել իշխանության մենաշնորհի, ու, որ ավելի կարեւոր է՝ գոյություն ունեցող եւ ուրվագծվող կեղծ ընդդիմադիրների համատեքստում։ Ի դեպ, այս դաշինքի ամենակարեւոր առաքելություններից մեկն էլ լինելու է պայքարը՝ կեղծ ընդդիմության դեմ, որի միջոցով, իր հերթին, իշխանությունն է պայքարելու ընդդիմադիր էլեկտորատի ձայները փոշիացնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси