Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գ.Սահակյանը հյուրընկալել է ԱԺ–ում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին և լրագրողներին

Գ.Սահակյանը հյուրընկալել է ԱԺ–ում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին և լրագրողներին

13:52 | 28.12.2015 | Մամուլ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 28-ին տոնական ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահն ասել է.

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Ավարտվում է մեր համատեղ աշխատանքի եւս մեկ տարի, աշխատանք, որը ենթադրում է բոլորիս ջանքերի մեկտեղում հանուն մեր երկրի:

Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր համբերատար գործունեության եւ արդյունավետ աշխատանքի համար: Ընդ որում, այդ աշխատանքը ոչ միայն արդյունավետ է, այլեւ փոխադարձ օգտակար: Շնորհակալ եմ թե՛ դրվատանքի, թե՛ քննադատության համար:


Յուրաքանչյուր քննադատություն իր մեջ հաճախ նաեւ առաջարկություն է պարունակում, եւ մենք բաց ենք յուրաքանչյուր կառուցողական ու ողջամիտ առաջարկի համար, որը կնպաստի թե՛ Ազգային ժողովի գործունեության, թե՛ մեր համագործակցության բարելավմանը:


Հարգելի լրագրողներ, խորհրդարանն այն վայրն է, որտեղ փորձառություն են ձեռք բերում ոչ միայն քաղաքական գործիչները, այլեւ այստեղ հավատարմագրված լրագրողները: Իսկ Ազգային ժողովում տարբեր խմբակցություններում ընդգրկված լրագրող պատգամավորների ներկայությունը նշանակում է, որ լրագրողից պատգամավոր դառնալն այնքան էլ անհավանական չէ: Ձեզանից ոմանք աշխատանքային գործունեության առումով խորհրդարանական հնաբնակներից են, երբեմն խորհրդարանական աշխատանքի մեծ փորձով: Սա մեր պետականության ձեռքբերումներից ու քաղաքացիական հասարակության կայացման հուսալի երաշխիքներից է, լրագրողի աշխատանքի եւ մասնագիտության կարեւորության եւս մեկ վկայություն: Որպես հասարակության հետ անմիջականորեն շփվող, չափազանց կարեւոր է, որ լրագրողը զերծ լինի ամբոխահաճությունից, որ լրագրող ասելիս չհասկացվի պարզապես ձայնագրիչին հմտորեն տիրապետող ու ձայնագրություն սղագրող անձ, որ առավելագույնս հավասարակշռված ու սթափ վերաբերմունք դրսեւորվի հասարակական կարծիքի ձեւավորման հանդեպ, որ տեղեկատվություն մատուցելիս օբյեկտիվությունը չզոհաբերվի օպերատիվությանը, իսկ շտապ լրատվությունը՝ հերքվող շտապողականությանը: Որովհետեւ սխալ կամ ոչ օբյեկտիվ լրատվությունը երբեմն կարող է նմանվել ծանր հետեւանքներ ունեցող բժշկական սխալի:
 

Հարգելի լրագրողներ, համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի մեջ, անկախ ձեր քաղաքական նախասիրությունից, գերակշռողը պետականության զգացումն է, որն արտահայտվում է տարբեր կերպ, բայց մեկ նպատակաուղղվածությամբ՝ ավելի ուժեղ, ավելի բարեկեցիկ եւ ավելի արդար Հայաստանի հեռանկարով: Թող գալիք տարում մեր երկրի զարկերակը բաբախի միշտ համաչափ եւ անկանոնություն դրսեւորի միայն նվաճումների ու հաջողությունների պատճառով, որի առաջին արձանագրողները լինելու եք կրկին դուք:

Թող 2016 թվականը ձեզ, ձեր ընտանիքների, հարազատների ու մերձավորների համար լինի խաղաղության, երջանկության եւ բարեկեցության տարի, իսկ ձեր գործունեության ընթացքում արձանագրեք կայուն առաջընթաց եւ շարունակական
հաջողություններ:


Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси