Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ընտրությունները հրաշալի առիթ դարձան առկա բոլոր խնդիրները վեր հանելու համար

Ընտրությունները հրաշալի առիթ դարձան առկա բոլոր խնդիրները վեր հանելու համար

14:27 | 30.05.2013 | Քաղաքականություն

ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստը: Բացման խոսքով հանդես եկավ Սերժ Սարգսյանը, ով ողջունելով ներկաներին՝ ասաց, որ Հայաստանում ընտրությունների բացակայությունն առաջիկա տարիներին քիչ խոսելու և շատ աշխատելու լավ առիթ կհանդիսանա։

«Վերջին մեկ տարին Հայաստանում հագեցված խորհրդարանական, նախագահական և այնուհետև Երևանի ավագանու ընտրությունները հրաշալի առիթ դարձան առկա բոլոր խնդիրները վեր հանելու, հրապարակայնորեն քննարկելու և լուծումների հնարավոր բազմազանությունը դիտարկելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ չկա որևէ ծանրակշիռ հարց, որի վերաբերյալ առկա դիրքորոշումը քննարկման դրված չլինի։

Նախագահի խոսքով՝ դրանք մեր հասարակության մեջ ձևավորել են նաև մեծ սպասումներ, որոնք իրենք պարտավոր են արդարացնել։ «Կարծում եմ՝ առաջիկա տարիները ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլև ողջ հայության համար պետք է լինեն քրտնաջան և լուրջ աշխատանքի տարիներ։ Կարծում եմ, որ լուրջ արդյունքներ արձանագրելու համար ունենք բոլոր անհրաժեշտ հիմքերը»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով սփյուռքահայության խնդիրներին՝ նախագահն ընդգծեց, որ այս օրերին Սիրիայի և սիրիահայության վիճակը բոլորի համար մնում է բաց վերք. «Եվ մենք, որպես պետություն և որպես հայ ժողովուրդ, աջակցել և աջակցելու ենք սիրիահայերին անկախ այն բանից՝ նրանք եկել են Հայաստան, թե մնացել են Սիրիայում»։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ համահայկական ոչ մի կառույց այնքան ամբողջական չի արտացոլում աշխարհի հայության հնարավորությունները՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որքան «Հայաստան» համահայկական հիմնադրամն է։ «Ուրեմն մենք շատ գործ ունենք անելու և այսքանով բոլորիդ հրավիրում եմ աշխատելու»,- եզրափակելով ելույթը՝ ասաց նա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси