Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՀԵՏ

12:43 | 10.09.2021 | Քաղաքականություն

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների ու ներկայացուցիչների հետ եւ նրանց հետ քննարկել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ինչպես նաեւ ներկայացուցիչներ Պահպանողական, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, «Լուսավոր Հայաստան», «Ազատ դեմոկրատներ», «Արդար Հայաստան», Ազատական եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցություններից։ Քննարկմանը 3 հարց է դրվել՝ ինչպես վերափոխել եւ վերաիմաստավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմն ու գործունեությունը եւ ինչ ձեւաչափով առաջ շարժվել, կառավարման ձեւի ընտրություն եւ դատական ատյանների միավորում, այդ թվում` բարձրագույն ատյանների միավորման միջոցով Գերագույն դատարանի ստեղծման նպատակահարմարություն կամ վերաքննիչ եւ վճռաբեկ ատյանների միավորում:

Տիգրան Խզմալյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպմանն առաջարկել է, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է հռչակի առաջին հանրապետության իրավահաջորդության սկզբունքը, ապահովի դատաիրավական համակարգի անկախությունը գործադիր իշխանությունից եւ դրա արմատական բարեփոխումը՝ ներառելով սփյուռքից հրավիրված մասնագետներին, իսկ երկրի կառավարման խորհրդարանական համակարգը պետք է հավասարակշռվի ՀՀ նախագահի լիազորությունների ընդլայնմամբ․ «Ողջունում եմ ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանի այս նախաձեռնությունը՝ որպես ներառական ժողովրդավարության օրինակ, եւ ափսոսանք եմ հայտնում, որ հրավիրված արտախորհրդարանական կուսակցությունների կեսը չմասնակցեց միջոցառմանը»։

«Ալյանս»-ի ղեկավար Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, որ ներկա չի եղել հանդիպմանը․ «Ես հանդիպմանը չեմ մասնակցել, քանի որ կուսակցությունը լիազորել էր մասնակցել աշխատակազմի ղեկավար Գայ Պետրոսյանին։ Երկրորդ․ որեւէ ասելիք չունենք, քանի որ որեւէ կոնկրետություն չկա, եթե լինելու է սահմանադրական փոփոխություն, ապա պետք է լինի բազմաթիվ ուղղություններով, առաջին  հերթին՝ կառավարման կարգի փոփոխություն։ Անձամբ ես՝ որպես մարդ, որը երկար պայքարել է խորհրդարանական կառավարման դեմ, այս տարիների պետական կառավարումը ցույց տվեց, որ դա ճիշտ չէ ՀՀ-ի համար։ Բայց թե ինչ է նախաձեռնում այս իշխանությունը, ինչ է դրա տակ դրվելու, սրանք հարցեր են, որոնց պատասխանները ես չունեմ»։

Նախարարի հետ հանդիպման ժամանակ «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը ներկայացրել է Ռուզաննա Ավագիմյանը։ Նա էլ մեզ հայտնեց, որ յուրաքանչյուր մասնակցի տրամադրվել է 5 րոպե ժամանակ՝ 3 հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու համար․ «Հարցերը եղել են 3-ը, առաջինն այն էր, թե ինչ ձեւաչափով պետք է աշխատի սահմանադրական հանձնաժողովը։ Մեր պատասխանը եղել է այն, որ կազմում պետք է լինեն թե՛ իրավաբաններ, թե՛ քաղաքագետներ։ Ես առանձնացրի նաեւ ըստ գլուխների, ասացի, որ «Մարդու իրավունքների» գլուխը կազմելիս պետք է ներգրավել փորձառու փաստաբանների, «Դատական իշխանության» մասով՝ դատական իշխանության ներկայացուցիչների։ Ընդհանուր քննարկում, դասական առումով, տեղի չի ունեցել»։

Մեր զրուցակցի խոսքով՝ երրորդ հարցով քննարկել են Գերագույն դատարանի ստեղծման հարցը․ «Մեր անունից ես հայտնել եմ, որ տեսնում եմ խնդիրներ երկու համակարգում էլ, անդրադարձել եմ վճռաբեկ դատարանի՝ վարույթ ընդունելու հետ կապված խնդիրներին, նաեւ անդրադարձել եմ Սահմանադրական դատարանի քաղաքական տարրերին։ Երկրորդ հարցի վերաբերյալ ասել եմ, որ մեզ համար կարեւոր է իշխանության բալանսավորումը, մենք այդ ճանապարհը տեսնում ենք նախագահի արարողակարգային լիազորությունները բովանդակային դարձնելու եւ ընդդիմության լիազորություններն ընդլայնելու մեջ»։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси