Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին. թե՛ մեր, թե՛ մրցակիցների շանսերն իրատեսականորեն ենք գնահատում». ՀՀԿ ներկայացուցիչ

«Մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին. թե՛ մեր, թե՛ մրցակիցների շանսերն իրատեսականորեն ենք գնահատում». ՀՀԿ ներկայացուցիչ

10:32 | 10.09.2021 | Քաղաքականություն

ՀՀԿ-ն կմասնակցի հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին. առաջիկա օրերին պարզ կդառնան կուսակցության թեկնածուները

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը՝ նշելով, որ մասնակցությանն առնչվող մնացած հարցերը ներկա պահին քննարկման փուլում են, առաջիկա օրերին կհստակեցվեն մանրամասները:

«Այս տարի ՏԻՄ ընտրություններ են նախատեսված հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին եւ դեկտեմբերի 5-ին: Երբ ամբողջական պատկերը կլինի՝ կապված կառավարության եւ ԿԸՀ որոշումների հետ, մենք էլ կորոշենք՝ ինչպես ենք մասնակցելու»,- նշեց Թադեւոսյանը:

Հարցին, թե ինչ ձեւաչափով է պատրաստվում մասնակցել ՀՀԿ-ն ընտրություններին՝ միայնա՞կ, թե՞ դաշինքի կազմում, Թադեւոսյանը ոչինչ չբացառեց:

«Հնարավոր է, ընտրական օրենսգիրքը նման հնարավորություն էլ է ընձեռում, կքննարկենք, կորոշենք մասնակցության ձեւաչափը: Գնահատում ենք առկա իրավիճակը, եւ, բնականաբար, իրատեսական ենք նայում թե՛ իրավիճակին, թե՛ մեր եւ թե՛ մրցակիցների շանսերին, այդ ամենը, իհարկե, վերլուծվում է»,- նկատեց ՀՀԿ ներկայացուցիչը:

Հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են կայանալու Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթեւ համայնքներում, Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, Տավուշի մարզում՝ Դիլիջանում:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նշված բոլոր համայնքներում էլ թեկնածուներ է առաջադրելու, որոնց անուններն օրեր առաջ հրապարակվել էր ՔՊ վարչության նիստից հետո:

Գորիսի քաղաքապետ, այժմ կալանավորված Առուշ Առուշանյանը մասնակցելու է Գորիս համայնքում կայանալիք ՏԻՄընտրություններին «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների կազմած դաշինքով, որը կրելու է «Առուշ Առուշանյան» անվանումը: «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից օրերս NEWS.am-ին հայտնել էին, որ Առուշանյանի կալանավորված լինելը չի խանգարին նրան հաղթանակ տանելու հարցում, քանի որ նա զգալի վարկանիշ ու հեղինակություն ունի Գորիսում:

Կուսակցությունը նախատեսում է թեկնածություններ առաջադրել Սյունիքի բոլոր այն համայնքներում, որտեղ նախատեսված են ՏԻՄ ընտրություններ:

Նույն օրը ՏԻՄ ընտրություններ են կայանալու նաեւ Արագածոտնի մարզի Շամիրամ, Արմավիրի մարզի Ֆերիկ եւ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси