Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գլխավոր դատախազությունը նախագիծ է մշակել անձեռմխելիության վերաբերյալ․ ի՞նչ է իրենից ենթադրում նախագիծը

Գլխավոր դատախազությունը նախագիծ է մշակել անձեռմխելիության վերաբերյալ․ ի՞նչ է իրենից ենթադրում նախագիծը

13:19 | 08.09.2021 | Քաղաքականություն

Գլխավոր դատախազությունը մշակել է նախագիծ, որով փոփոխություններ են առաջարկվում Ընտրական օրենսգրքում: Դրանք վերաբերում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրացուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի հարաբերություններին: Որ այդ հարաբերություններում առկա են օրենսդրական բացեր, երևաց հունիսի 20-ի ընտրություններից հետո. «Հայաստան» դաշինքի 3 ընտրված պատգամավոր կալանավորվեց ԿԸՀ-ի թույլտվությամբ և առանց Ազգային ժողովի համաձայնության:

«Այս նախագիծը միտում ունի տանելու նրան, որ երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուի վերաբերյալ տալիս է որոշում ազատությունից զրկելու, ապա վերջինիս մանդատ ստանալու դեպքում նրա անձեռնմխելիությունը համարվում է հաղթահարված։ Եթե մի կողմից պնդում ես, որ օրենքը հստակ սահմանումներ ունի, իսկ մյուս կողմից բերում ես նախագիծ՝ պատճառաբանելով, որ հստակեցնելու բաներ կան, դրանով խոստովանում ես, որ օրենքը շրջանցում ես և պատգամավորներին պահում ես կալանքի տակ ապօրինի»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

Հայրապետյանը հիշեցնում է՝ ընդդիմադիր պատգամավորներ Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը և Արմեն Չարչյանը կալանավորվել են, որովհետև   Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության միջնորդությունները նրանց կալանավորելու վերաբերյալ: Նրանք այդ ժամանակ եղել են պատգամավորության թեկնածուներ, մինչդեռ այսօր պատգամավորներ են. իրավաբանը հղում է անում Սահմանադրության 96-֊րդ հոդվածի երկրորդ կետին. 

«Երբ նրանք ստանձնեցին պատգամավորի պաշտոնը, ստացան մանդատը, գլխավոր դատախազը պարտավոր էր ներկայանալ Ազգային ժողով և վերջիններիս կալանքի տակ պահելու հետագա շարունակականության վերաբերյալ ստանալ պատգամավորների համաձայնությունը։ Ակնհայտորեն, նրանք ապօրինի կերպով են կալանքի տակ պահվում, և սա նախադեպը չունեցող երևույթ է»,- ընդգծեց իրավաբանը։

Գլխավոր դատախազությունը փոփոխությունների նախագծով հստակեցնում է, որ  Դատախազությունը միակ մարմինն է, որը կարող է դիմել ԿԸՀ՝ թեկնածուի կամ ընտրված, բայց դեռ լիազորությունները չստանձնած  պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալու համար: ԿԸՀ-ը  միջնորդության վերաբերյալ որոշումն ընդունում է ոչ ուշ, քան դրա մուտքագրման հաջորդ օրը՝ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 

Նախագծով իշխանությունն ընտրված, բայց դեռ լիազորությունները չստանձնած պատգամավորին, այլ կերպ ասած հանում է Ազգային ժողովից ու բերում ԿԸՀ-ի լիազորությունների դաշտ՝ դրանից բխող իրավակարգավորումներով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անազատության մեջ հայտնված պատգամավորների խնդիրը դիտարկում է այլ հարթությունում:  Վստահ է՝ նրանք քաղբանտարկյալներ են.

«Իշխանության պատվերով դատական համակարգը գործում է՝ ուղղակի մի կողմ դրած Հայաստանի Հանրապետության քրեական-դատավարական օրենսգրքերը, երկրի Սահմանադրությունը։ Սյունեցի մեր պատգամավորների դեպքում մարդկային վրեժխնդրությունն է, որ կա, իսկ Արմեն Չարչյանի դեպքը պայմանավորված է նաև Արմեն Չարչյանի նախկին գործունեությամբ։ Նրանք ուղղակի Հայաստանում կայացած մարդու նկատմամբ ատելություն ունեն»,- ասաց Մանուկյանը։

Պատգմավորը առանձնացնում է Արմեն Չարչյանի դեպքը: Ասում է՝ խախտվել է նրա կյանքի իրավունքը, կալանավորումը նրա կյանքի հետ համատեղելի չէ։

«Ինֆարկտի մասին է խոսքը, շաքարն է սարսափելի, թույլատրված նորմից շատ ավելի բարձր: Ըստ եղած կանոնակարգումների՝ այդ աստիճանի շաքար ունեցող մարդն անազատության մեջ չպետք է գտնվի»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը։

Գլխավոր դատախազության մշակած փոփոխությունների նախագիծը օգոստոսի 20-ից տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական edraft.am կայքում հանրային քննարկման համար: Սեպտեմբերի 5-ը քննարկման վերջին օրն էր: 2 շաբաթվա ընթացքում նախագիծը կարդացել է ընդամենը 309 մարդ, ստացվել է 0 բացասական, 3 դրական արձագանք:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси