Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արվեստոտ օրերը Երևանում շարունակվում են. «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը կգործի ևս մեկ շաբաթ (լուսանկարներ)

Արվեստոտ օրերը Երևանում շարունակվում են. «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը կգործի ևս մեկ շաբաթ (լուսանկարներ)

13:44 | 24.08.2020 | Մշակույթ

Մարտի 7-ից Ազգային պատկերասրահում «Դալի-Պիկասո» խորագրի ներքո բացվել էր 20-րդ դարի մեծագույն արվեստագետներ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի համատեղ ցուցահանդեսը, որը, սակայն, երկրում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ 4 օր անց փակվեց: Եվ միայն հինգ ամիս անց, օգոստոսի 20-ից կրկին վերաբացվեց:

Հանդիսատեսի պակաս ցուցահանդեսը չուներ: Մեծագույն վարպետների աշխատանքները տեսնելու համար հայ արվեստասերների մեծ հերթ էր գոյացել Ազգային պատկերասրահի դիմաց:

Ցուցահանդեսում ներկայացված են Դալիի և Պիկասոյի ավելի քան 260 ստեղծագործություն՝ քանդակ, խեցեղեն և գրաֆիկական աշխատանքներ:

15 տարիների ընթացքում ստեղծված հավաքածուն պատկանում է «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Շադրինին:

Սա Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում և ներկայացվել է բազմաթիվ երկրներում:

Դալիի առաջին ցուցահանդեսը 1925թ. է տեղի ունեցել Բարսելոնա քաղաքում։ Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովանկարներ: 1926թ. նա առաջին անգամ գնում է Փարիզ, որտեղ ծանոթանում է Պիկասսոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում նրա սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը։ 1929 թվականից արդեն նա լիովին ընկղմված էր այդ ոճի մեջ։

Դալիի սյուրռեալիզմի ժամանակաշրջանի նկարներն արտացոլում են տեսիլքային կերպարներ ու ամենօրյա առարկաներ՝ անսպասելի կառուցվածքների տեսքով, ինչպիսիք են, օրինակ, նրա հայտնի փափուկ ժամացույցները:

Պիկասոն ստեղծել է 50.000 աշխատանք՝ 1.885 նկար, 1.228 քանդակ, 2.880 կերամիկա, մոտ 12.000 գծանկար, հազարավոր կրկնօրինակումներ։ Նկարչի կենդանության օրոք նկարները հենց իր՝ նկարչի սեփականությունն էին, և նա դրանք չէր հանում արվեստի շուկա վաճառքի, քանի որ դրա կարիքը չուներ։

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 23-ին ՀՀ ազգային պատկերասրահը հայտարարեց, որ հաշվի առնելով «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ հասարակության ահռելի հետաքրքրությունը և հակահամաճարակային կանոնների պահպանման արդյունքում գոյացած մեծ հերթերը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ համաձայնություն է ձեռք բերվել երկարացնելու ցուցահանդեսը ևս մեկ շաբաթով՝ մինչև օգոստոսի ներառյալ (ի սկզբանե հայտարարված էր, որ այն տևելու է մինչև օգոստոսի 23-ը ներառյալ):

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси