Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Կադրերի ռեզերվ եմ ուղարկվել, քանի որ ֆեյսբուքում լայքել եմ Ռոբերտ Քոչարյանի՝ «Արցախը գերագույն արժեք է» գրառումը». Ոստիկանության ավագ լեյտենանտ

«Կադրերի ռեզերվ եմ ուղարկվել, քանի որ ֆեյսբուքում լայքել եմ Ռոբերտ Քոչարյանի՝ «Արցախը գերագույն արժեք է» գրառումը». Ոստիկանության ավագ լեյտենանտ

14:28 | 13.08.2020 | Պատահարներ

Ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ապօրինի կերպով կադրերի ռեզերվ է ուղարկվել: Գրառման մեջ ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ես` ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանս, երկարատև հարկադիր անգործությունից հետո ստիպված եղա հանդես գալ հայտարարությամբ, որը, մեղմ ասած, չի բխում ինձ ոստիկանության կադրերի ռեզերվի ուղեգիր «նվիրած» անձանց շահերից:

Այո, անձանց, քանի որ այն պատճառը, որի հետևանքով ես հարկադիր պարապուրդում եմ, մի քանի պագոնակիր անձինք են, ովքեր ոտնահարել են իմ՝ ազատության իրավունքը և հիմնավորում են ներկայացրել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին առ այն, որ ես ֆեյսբուքում լայքել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Արցախը գերագույն արժեք է» գրառումը: Այո, ինձ համար Արցախը գերագույն արժեք է և ցանկացած զտարյուն հայի համար Արցախը պետք է լինի գերագույն արժեք:Պարոնայք սպաներ, օրենքի պահապաններ, հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Եվ միանշանակ, ֆեյսբուքում և առհասարակ, առցանց տիրույթում աշխատանքային ժամերից դուրս այս կամ այն գրառումը լայքելն իմ իրավունքն է և լայքելու պատրվակով ինձ այս դժվար պայմաններում ռեզերվ ուղարկելը հակասահմանադրական, հակաօրինական երևույթ է:

Ձեռքիս տակ ունեմ խոսուն ապացույց, որը կենդանի փաստ է և հիմնավորում է իմ այն թեզը, որ ես ռեզերվ եմ ուղարկվել բացառապես ապօրինի և կամայական կերպով: Պարոնայք պատասխանատուներ, բարձրաձայնածս հարցին լուծում չտալու դեպքում, խոստանում եմ հրապարակել ինձ մոտ եղած ապացույցը: Սա ընդունեք ոչ թե որպես շանտաժ, այլ երկխոսության հրավեր և արդարացի ու օբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու կոչ:

Ի վերջո, ոստիկանության առաքելությունն ապօրինությունների կանխումն ու չթույլատրումն է, իսկ այս դեպքում դուք ինքներդ եք ոտնահարում ձեր ստանձնած առաքելության առանցքային գաղափարը, ինչը, միանշանակ, պատիվ չի բերում ձեզ:

Հարգեք օրենքը, հարգեք ձեր գործընկերներին, թեկուզ և, ձեզանից ցածր կոչում ունեցող ոստիկաններին, ովքեր վաղվա գեներալներն են, ի վերջո, ոչ ոք հավերժ չէ և ոչինչ հավերժ չէ, բացի ձեր կատարած գործերից…Հետևություններ արե՛ք և վերանայեք ձեր գործելաոճը:

Եվ հիշեք՝ ԱՄԵՆԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է

Բարին ընդ ազգիս…Պատիվ ունեմ…

Ձեր՝ ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյան»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси