Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նախագահը առաջադրել է ՍԴ դատավորի թեկնածու

Նախագահը առաջադրել է ՍԴ դատավորի թեկնածու

14:51 | 04.08.2020 | Քաղաքականություն

ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածություն առաջադրելու մասին։ Դրանում, մասնավորապես, նշվում է․

«2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2019թ. մայիսի 30-ը Հանրապետության նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն (ևս մեկը թեկնածու հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից՝ անմիջապես այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։ Ազգային ժողովը մերժել է Հանրապետության նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին: ՍԴ դատավորի թեկնածությունները ներկայացնելու նպատակով դեռևս 2018թ. հունիսի 11-ին Հանրապետության նախագահի ՆԿ84-Ա կարգադրությամբ ձևավորվել էր խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ և հայտարարվել թեկնածությունների հայտերի ընդունման մասին։

Հայտ ներկայացրած 28 թեկնածուների հետ հարցազրույցի արդյունքում խմբի յուրաքանչյուր անդամ փակ ընթացակարգով ներկայացրել էր իր անհատական կարծիքը։ Ամփոփելով այդ կարծիքները՝ Հանրապետության նախագահին էր ներկայացվել հետևյալ 3 թեկնածուներից կազմված ցուցակ՝ Վահե Գրիգորյան, Գոռ Հովհաննիսյան, Արթուր Վաղարշյան: Ցուցակում թեկնածուների ներառման հերթականությունը պայմանավորված էր խմբի անդամների կողմից նրանց տրված համապատասխան դրական կարծիքների քանակով: Հանրապետության նախագահը ներկայացված ցուցակից նույն հերթականությամբ հաջորդաբար առաջադրել էր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին:

1. Վահե Գրիգորյանի թեկնածությունը առաջադրվեց 2018թ. հոկտեմբերի 18-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2018թ. հոկտեմբերի 23-ին:

2. Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը առաջադրվեց 2019թ. մարտի 21-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2019թ. ապրիլի 16-ին: 3. Արթուր Վաղարշյանի թեկնածությունը առաջադրվեց 2019թ. մայիսի 15-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2019թ. մայիսի 29-ին: 4. Վահե Գրիգորյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրվեց 2019թ. մայիսի 30-ին: Ազգային ժողովը նրան ընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր 2019թ. հունիսի 18-ին: 5. Գոռ Հովհաննիսյանը 2020թ. հուլիսի 27-ին հրաժարվեց կրկին առաջադրելու նպատակով իր թեկնածությունը քննարկելուց: 6. Արթուր Վաղարշյանի թեկնածությունն առաջադրվում է երկրորդ անգամ: Հանրապետության նախագահը ստորագրել է Արթուր Վաղարշյանի առաջադրման գրությունը:

Այսպիսով, Հանրապետության նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրումները կատարել է խորհրդատվական աշխատանքային խմբի առաջարկած թեկնածուներից՝ ցուցակում նրանց հերթականության կարգով: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը հստակորեն հայտնեց Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության կարգի վերաբերյալ իր դիրքորոշումը: Սահմանադրության տրամաբանությանն ու ոգուն համահունչ և դատաիրավական բարեփոխումների նպատակին համապատասխան կլիներ, եթե Սահմանադրությամբ սահմանվեր ոչ թե ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու, այլ՝ Նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի և կառավարության/Ազգային ժողովի կողմից դատավորին ուղղակի նշանակելու լիազորություն:

Այս դեպքում յուրաքանչյուրը պատասխանատվություն կկրի իր ընտրության համար: Սահմանադրական դատարանի կազմը կլինի հավասարակշռված, կապահովվի դատավորների անկախությունը, քանի որ նրանք զերծ կլինեն քաղաքական փոփոխությունների ներգործությունից: Լիարժեք և արդյունավետ կգործի ժողովրդավարական կառավարման համար կարևորագույն զսպումների ու հակակշիռների սահմանադրական սկզբունքը և կապահովվի անաչառ սահմանադրական արդարադատություն»: 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси