Հակակոռուպցիոն դատարան գուցեև պետք էր, բայց արդյո՞ք  այսպիսի ահռելի, ընդգրկուն, բազմամարդ կազմով, որը մեծ ռեսուրս է տանելու պետությունից: 

«Հրապարակի» հարցին պատասխանելով՝ իրավաբան, ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, թր կողջուներ այսպիսի դատարանի ստեղծումը մի դեպքում. «Եթե դա տեղի ունենա ոչ թե կոնկրետ անձանց հետապնդելու և «վահե գրիգորյաններով» համալրվելու համար, ինչպես ՍԴ-ում ծվարած անբան դատավորն է, այլ իսկապես մասնագիտական բարձր որակավորման, փորձառու մարդկանցով: Իսկ եթե պետք է այնտեղ բերեն չսափրված անբանների ու անունը դնեն, թե հներից ազատվում են՝ փոխարինելով նրանց նորերով, բայց, ըստ էության, այդ նոր կոչեցյալները ամբողջ կյանքում են հին եղել, հնի մեջ ու հնահոտ եղել, ապա դրա կարիքը չկա: Մեր բյուջեն այնքան շռայլ չէ, որ նման անպետք ուղղություններով նման հսկայածավալ գումարներ նվիրաբերվեն»: 

Պատգամավորը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը երեք ամիս առաջ հայտարարել է, թե ինքը տեղյակ չի եղել, որ Վահե Գրիգորյանը անբան դատավոր է: «Հիմա ես հարց եմ տալիս, երեք ամսից ավելի դուք գիտեք, որ ունեք անբան դատավոր ՍԴ-ում: Հարց՝ ի՞նչ եք արել, ինչպես եք փորձել կանխել նրա անբանությունը, նրա ձրիակերությունը: Փորձելով սանձահարել ՍԴ-ն ու դարձնել սեփական քմահաճույքի կառույց, ցանկացած կոնվենցիա վավերացնող, Փաշինյանը դրանով չի բավարարվելու ու անցնելու է ընդհանուր իրավասության դատարաններին: Դրա առաջին փորձը հենց հակակոռուպցիոն դատարանի ստեղծումն է»:

Գևորգ Պետրոսյանը շեշտեց, որ հակակոռուպցիոն գործ ասելով, օրվա իշխանությունը նկատի ունի իր համար անցանկալի սեփականատերերին, կամ  գործարարներին պատժելու նպատակը: «Սա ամոթալի է ուղղակի: Այսօր բացարձակապես անտեսված են տնտեսական հեղափոխությունը, առողջապահության, իրավական անվտանգության ոլորտում բարեփոխումները, արտաքին մարտահրավերների հարցում զգոնությունը հասցված է շրիշակի մակարդակի: Էսօր չեն խոսում Արցախի խնդրի մասին: Այսօր նրանք մի բան են հասկանում՝ որ պետք է անպայման փոխեն ՍԴ-ն, հընթացս անդրադառնալով նաև այլ դատարանների կառուցվածքին ու բովանդակությանը, որպեսզի ամրագրեն իրենց իշխանությունը, բայց այդպես չի լինելու»: