Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մենք ճիշտ ենք եւ մեր ճիշտը միշտ կարողացել ենք ապացուցել. «Իրավունքը» դարձավ 31 տարեկան

Մենք ճիշտ ենք եւ մեր ճիշտը միշտ կարողացել ենք ապացուցել. «Իրավունքը» դարձավ 31 տարեկան

07:49 | 01.08.2020 | Քաղաքականություն

Մենք ճիշտ ենք եւ մեր ճիշտը միշտ կարողացել ենք ապացուցել. «Իրավունքը» դարձավ 31 տարեկան 

31 տարի առաջ այս օրերին «Իրավունք» թերթի հիմնադրման որոշում է կայացվել եւ 1989 թվականի սեպտեմբերին արդենբ լույս է տեսել թերթի առաջին համարը: Այս մասին այսօր իրավունքցիների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԻՄ կուսակցության նախագահ, «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:

«ԻՐԱՎՈՒՆՔ» ԿԱՐԴՈՒՄ, ԼՍՈՒՄ ԵՎ ԴԻՏՈՒՄ ԵՆ ՄՈՏ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ»

«Ցավոք, այսօրվա պայմաններում, երբ կյանքը մի փոքր փոխվել է՝ իր բացասական հետեւանքներով, մենք չենք կարող տոնել «Իրավունքի» 31-ամյակն այնպես, ինչպես տոնեցինք 30-ամյակը, որի ժամանակ մի քանի հարյուր հյուրեր եկան մեզ շնորհավորելու: Ամեն դեպքում, այսօր կարող ենք արձանագրել, որ 31 տարի «Իրավունքը» կա եւ Հայաստանի ամենամեծ, ամենահզոր թերթն է՝ իր տպաքանակով եւ ազդեցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում թերթի կոլեկտիվին՝ Հովհաննես Գալաջյանի գլխավորությամբ, որ վերջին 7 ամիսներին թերթը ամենաանհավանական դժվարությունները հաղթահարելով՝ հասանք այս օրվան: Եղան շատ դժվար օրեր. մի պահ կրպակները փակվեցին, մի պահ՝ տրանսպորտը չէր գործում, բայց «Իրավունք մեդիա» հոլդինգը շարունակեց աշխատել էլ ավելի լարված, էլ ավելի ակտիվ», - ասաց Հ. Բաբուխանյանը:

«Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահը շեշտեց, որ «Իրավունք մեդիա» հոլդինգի 4 թեւերը՝ «Իրավունք» թերթը, iravunk.com կայքը, «Իրավունք» հեռուստաընկերությունը՝ ITV-ին եւ «Կոմսոմոլսկայա պրավդա վ Արմենիի» ռուսալեզու թերթը ոչ միայն հաղթահարել են դժվարություններն, այլ նաեւ արձանագրել լավ ցուցանիշներ. «Աճել է թերթի տպաքանակը, ինչպես նաեւ՝ կայքի հաճախելությունների թիվը: Այսօր մենք կարող ենք ասել, որ «Իրավունք մեդիա» հոլդինգի արտադրանքը կարդում, լսում եւ դիտում են մոտ կես միլիոն մարդ: Սա մեծ նվաճում է, ինչը նաեւ իր հետ բերում է պատասխանատվություն: Հետեւապես մենք էլ ավելի պատասխանատու պետք է լինենք մեր աշխատանքի մեջ: Սա պատասխանատու աշխատանք է, որը պետք է կատարել պատվով այնպես, ինչպես կատարվել է 31 տարվա ընթացքում»:

«ՄԵԶ ՄՈՏ ՉԿԱ ՍԵՎ ՑՈՒՑԱԿ, ՈՐԸ ԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ»

Հ. Բաբուխանյանի կարծիքով՝ մամուլը միշտ պետք է լինի ընդդիմադիր. «Անգամ այն ժամանակ, երբ ՍԻՄ-ը՝ «Իրավունքի» հիմնադիր կուսակցությունը եւ ես, որպես ՍԻՄ նախագահ, կնքել էինք Հանրապետական կուսակցության հետ դաշինք, եւ այդ դաշինքով, քիչ թե շատ սահմանափակ հնարավորություններով, այնուամենայնիվ,  մտել էինք խորհրդարան, «Իրավունքը» շարունակում էր լինել որոշ չափով ընդդիմադիր թերթ՝ այն առումով, որ իշխանավորների բացթողումների մասին չէր լռեցվում, այլ դրանց մասին խոսվում էր: Առավել եւս այսօր, երբ այդ բացթողումները հարյուրապատկվեցին, այն պաշտոնյաները, ովքեր իրենց տեղում չեն, համատարած է, բնական է, որ «Իրավունքն» այս պայմաններում չի լռելու»:

ՍԻՄ կուսակցության նախագահի գնահատմամբ՝ թերթը չի կարող չունենալ գաղափարախոսություն. «Երբ ասում են՝ մամուլը չպետք է ունենա գաղափարախոսություն, իմ կարծիքով՝ սխալ է: Մամուլը պետք է ունենա իր գաղափարախոսությունը եւ պետք է ներկայացնի այն: Մենք, լինելով ազգային պահպանողական գաղափարախոսության կրողներ, այն ներկայացնում ենք, առաջ ենք տանում եւ պաշտպանում ենք: Բայց սա չի նշանակում, որ այլ կարծիք ունեցող մարդիկ  չեն կարող հանդես գալ մեզ մոտ: Մեզ մոտ չկա, այսպես ասած, սեւ ցուցակ, որը կա մի շարք այլ լրատվամիջոցներում: Ուղղակի, մեզ մոտ կա սկզբունք՝  ցանկացած մարդ կարող է գալ եւ խոսել «Իրավունքի» ամբիոնից, բայց նա պետք է պատրաստ լինի պատասխանել մեր լրագրողների բոլոր հարցերին: Ցանկացած մեզ համար ամենաանընդունելի գործիչները, որոնք իրենցից քիչ, թե՝ շատ ինչ-որ բան են ներկայացնում հասարակական դաշտում, կարող են լինել «Իրավունք»-ում, որպես հռետոր: Բայց էլի եմ ասում՝ պարտավոր են պատասխանել մեր լրագրողների ամենասուր հարցերին կամ բանավեճի մեջ մտնել այլ գաղափարախոսություն ներկայացնող անձանց հետ: Սա մեր բաց լինելու մասին է վկայում, մենք երբեք չենք խուսափում բանավեճից, չենք խուսափում քննարկումից, որովհետեւ մենք ճիշտ ենք եւ մեր ճիշտը միշտ կարողացել ենք ապացուցել: Այդ ապացույցն է նաեւ այն, որ այս 31 տարվա ընթացքում տասնյակներով թերթեր, հարյուրներով կայքեր, ինտերնետային հեռուստատեսություններ են ծնվել եւ փակվել, բայց մեր թերթերը, մեր կայքը, մեր հեռուստատեսությունը կա եւ օրեցոր, ամսեամիս աճում է իր դիտելիություններով եւ տպաքանակով»:


Հ. Բաբուխանյանն ընդգծեց, որ թերթը կոչվելով «Իրավունք»՝ պետք է առաջին հերթին պայքարի մեր ժողովրդի իրավունքների համար.
 «Մենք պետք է կարողանանք մեր  ժողովրդի իրավունքները պաշտպանել, ինչը եւ անում ենք, բայց պետք է անենք ավելի ակտիվ: Յուրաքանչյուր այն ոտնահարումը, որի մասին հնչեցնում ենք, ի վերջո, այն պաշտոնյաները, որոնք պարտավոր էին մինչ այդ այդ ոտնահարումը թույլ չտալ, գոնե  մեր հնչեցնելուց հետո՝ փորձում են տակից դուրս գալ, որպեսզի երկրորդ անգամ չհնչեցնենք: Այս առումով՝ թերթը պետք է լինի արդար, երբեք չպետք է կողմնապահություն անենք, թե  ում չենք սիրում, ում ենք սիրում: «Իրավունք» թերթը  միշտ եղել է արդար եւ ամենադժվար իրավիճակներում էլ, միեւնույն է, կողմնակից ենք եղել արդար լուծումների, օբյեկտիվ հոդվածների եւ նյութերի, ինչը պետք է շարունակել:  Հաճախ մեր համաքաղաքացիներին ասում են. «Դուք գնացիք Նիկոլի հետեւից եւ ահա՝ ստացեք այն, ինչ ստանում եք, ձեզ տեղն է»: Բայց ես կարծում եմ, որ նման ձեւով մենք չպետք է մոտենանք մեր ժողովրդին. Լավ կյանքից չէ, երեւի, որ գնացին արդարություն կամ ավելի լավ կյանք փնտրելու: Հավանաբար, այդ սխալը, որը մարդիկ այսօր շատ անգամ գնահատել են իրենք իրենց  պահվածքի մեջ, երեւի, այդ ինքնաքննադատությունը, որ կա, ամենամեծ արդյունքն է: Ուստի՝ պետք չէ, այսպես ասած, այդ ցավոտ մազոլը տրորել, այլ պետք է օգնել մարդկանց իրավունքները պաշտպանելու եւ ներկայացնելու դրանք»:«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵՆՔ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

«ԽՈՐԱՆՈՒՄ Է ԱՅՆ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Ըստ Հ. Բաբուխանյանի, արդար է նաեւ այն, որ հայը կարող է իր երկրում պահպանել իր հայ լինելը, ինչը նույնպես ամենքիս իրավունքն է. «Այդ իրավունքը գրված է ե՛ւ Սահմանադրության մեջ, ե՛ւ ցանկացած միջազգային փաստաթղթում, որ յուրաքանչյուր ազգ կարող է, պարտավոր է եւ իրավուք ունի պահպանել իր ինքնությունը: Եվ կան սյուներ, որոնց վրա հիմնված է մեր ինքնությունը, ուստի՝ մենք, որպես լրատվամիջոց, պարտավոր ենք այդ սյուները պահպանել: Սյուներից մեկը Հայ Առաքելական եկեղեցին է, որը երկու տարի է, ինչ հարձակումների թիրախ է դարձել: Իհարկե, թերթը, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով այն հակազգային ուժերին, ովքեր հարձակումներ են գործում այդ ուղղությամբ, փորձում է բացահայտել նրանց ստոր նպատակները: Մեկ այլ ուղղությունը մշակույթն է: Շատ կարեւոր է, որ կարողանանք մեր մշակույթը պաշտպանել այն այլանդակ երեւույթներից, որոնք փորձում են ներմուծել մշակույթի մեջ: Այսինքն՝ ներմուծել օտար մտածողությունը, հային ոչ բնորոշ, նույնիսկ հակացուցված, արժեքներ, գաղափարներ կամ մտքեր, որոնք որեւէ առնչություն չունեն հայ ազգի մտածելակերպի հետ: Մշակույթը պահելը, պաշտպանելը օրվա խնդիր է, այդ թվում՝ պաշտպանել Հայ գրականությունը, որտեղ կեղտոտ ոտքերով փորձում են մտնել: Մենք պարտավոր ենք ներկայացնել հանրությանն այն վտանգը, որն արդեն երկու տարի է, ինչ շարունակվում է: Խորանում է այն ծանր հիվանդությունը, որը կոչվում է հակահայկականություն»:

«ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՅՔԱՅՈՒՄ Է ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

ՍԻՄ կուսակցության նախագահը նաեւ կարեւորեց, որ պետք է մեր հանրությանը զգուշացնել աղանդների գործունեության մասին. «Այդ գործունեությունը քայքայում է մեր հասարակությունը, եւ այստեղ, իհարկե, առաջին հերթին պետք է զգուշացնել «Կյանքի խոսք» աղանդի գործունեության մասին, որը թաքնվելով գեղեցիկ ցուցանակների հետեում՝ իրականում սորոսականների հետ միասին հարվածում է թե՛ մեր ազգային եկեղեցու գործունեությանը, թե՛ մեր այլ ազգային արժեքներին: Նրանք ասում են, որ չեն մտնում քաղաքականության մեջ, իսկ իրականում բացահայտվեց հենց մեր թերթում, որ քաղաքականության մեջ են եւ կատարում են շատ բացասական դերակատարություն՝ որոշելով, թե որ քաղաքական ուժը պետք է մնա իշխանության, որը՝ ոչ: Ավելին՝ նրանց քարոզիչներից մեկը խայտառակ հայտարարութամբ հանդես եկավ, թե ընդդիմությունը սատանայի գործունեության արդյունք է»:

Հ. Բաբուխանյանը մեր ազգային սյուների շարքում հատուկ շեշտեց ինքնիշխանության սյունը, որը եւս պետք է պաշտպանել. «Այսօր իշխանության մեջ են սորոսականները, ովքեր ՀՀ-ի համար իրենց ողջ կյանքում ոչ մի բան չեն արել, ում կենսագրությունը սկսվում է այն պահից, երբ իրենք դարձել են նախարար կամ պատգամավոր, ովքեր երբեք չեն մտածել, որ մեր երկիրը պետք է պաշտպանել, կառուցել, զարգացնել, այլ մի պահ հանկարծ հայտնվել են տարբեր աթոռներում եւ այնտեղից ընդունում են տարբեր որոշումներ: Այս առումով կարծում եմ՝ մեր ինքնիշխանությունը ոչ թե լոզունգներ են գեղեցիկ կոչեր, այլ այն հայկականությունն է: Եթե դու կարողանում ես պահպանել քո հայկականությունը, քո ազգային եկեղեցին, ազգային գրականությունը, ազգային ապրելակերպը, ազգային արժեհամակարգը, ուրեմն՝  ինքնիշխան ես: Եթե չես կարողանում, 50 անգամ էլ քո դրոշը կախի ՄԱԿ-ից, Եվրոխորհրդարանից կամ էլի որտեղից ուզում ես, դրանից ինքնիշխանությունդ չի ավելանում: Ընդհակառակը՝ երբեմն դառնում է լծակ, այսպես ասած, մեր չուզողների ձեռքում, որոնք մեզ փորձում են զրկել ինքիշխանությունից: Ընդ որում՝ գոնե անձնագրով հայի ձեռքերով են անում»

«ԾԱՅՐԱՀԵՂ ԼԻԲԵՐԱԼԻԶՄՆ ԱՅՍՕՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՒՄ ԴԵՌ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԳՐՈՀԵԼ»

ՍԻՄ կուսակցության նախագահի բանաձեւմամբ՝ ապազգայնականության ընդհանուր անվանումով կոչվում է սորոսականություն, որի նպատակն է Հայաստանը վերածել մի տարածքի, որտեղ ապրում եւ ստեղծագործում են ոչ թե էությամբ հայեր, այլ ինչ-որ անագզ մի զանգված. «Մենք պետք է նախազգուշացնենք մարդկանց, թե ինչ է սա նշանակում: Մենք գտնվում ենք մի ժամանակահատվածում, երբ սորոսականության հոգեհայրերն այսօր նահանջում են: Ապազգայնականության գաղափարախոսությունը, այսինքն՝ ծայրահեղ լիբերալիզմն այսօր աշխարհում նահանջում է: Եվ թեեւ վայրի լիբերալիզմը նահանջում է, այնուամենայնիվ, այն կարող է շատ մեծ վնասներ պատճառել աշխարհին եւ հատկապես Հայաստանին: Հայաստանը լինելով աշխարհում առաջին քրիստոնեական երկիրը՝ ունի հատուկ նշանակություն լիբերաստների նպատակների մեջ: Այստեղ վտանգը մեծ է եւ արտաքին քաղաքական մարտահրավերները եւս պետք է ներկայացնել մեր ընթերցողին»

Հ. Բաբուխանյանը եզրափակելով խոսքը՝ նշեց, որ կարեւոր է պատմությունից դասեր քաղելը, որպեսզի Հայաստանն, ինչպես 100 տարի առաջ, չմնա ձեռնունայն, թեպետ ստորագրել էր Սեւրի պայմանագրի տակ, որով հսկայական հողեր պետք է հատկացվեր հայկական պետությանը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси