Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Коммерсантъ-ի անդրադարձը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

Коммерсантъ-ի անդրադարձը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

10:59 | 14.07.2020 | Քաղաքականություն

Ռուսական Коммерсантъ պարբերականի հոդվածագիրներ Հայկ Խալաթյանն ու Կիրիլ Կրիվոշեևն անդրադարձել են հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտական գործողություններին` ներկայացնելով հակամարտող կողմերի դիրքորոշումները:

Պարբերականը նշում է, որ տեղի ունեցածի վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերի վարկածները գրեթե նույնական են, բացի մեկ կարևոր դետալից՝ ով է առաջինը կրակ բացել:

Պարբերականն ընդգծում է նաև, որ այս բախումները տեղի են ունենում ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի միջև սահմանին: Նշվում է, որ այս մասշտաբի ռազմական գործողություններ այս ուղղությամբ վերջին անգամ տեղի էին ունեցել 2015 թվականին:

Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը պարբերականին տեղեկացրել է, որ համայնքում խուճապի մատնվածներ չկան, մարդիկ ապրում են առօրյա կյանքով, իսկ համայնքի կազմում գտնվող Մովսես գյուղը, որի ուղղությամբ ադրբեջանական բանակը կրակ էր բացել, չի տուժել:

Պարբերականը նշում է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է 4 սպանվածի մասին, և մեջբերել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, իբր իրենց բացած կրակի հետևանքով «հայկական կողմը 20-ից ավելի զոհ և տեխնիկայի կորուստներ ունի»:

Մեջբերվել է նաև հայկական կողմի հայտարարությունը, ըստ որի հայկական կողմը կորուստներ չունի, կան մի քանի թեթև վիրավորներ ոստիկանների և զինծառայողների շրջանում:

ՀՀ արտգործնախարարի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին դիմելու, ՀԱՊԿ արտահերթ նիստ հրավիրելու և հետագայում այն հետաձգելու վերաբերյալ պարբերականը մեկնաբանություններ է ստացել ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամադովից, որի կարծիքով՝ նիստի հետաձգման պատճառը «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դիրքորոշումն է, քանի որ Ստանիսլավ Զասն ի տարբերություն նախորդ քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, որն անգամ օգտագործել է ԼՂՀ հապավումը, չի պաշտպանում Երևանին»:

Պարբերականը մեջբերում է նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը կարիք չունի դիմելու դաշնակիցներին, «իսկ Հայաստանի` ՀԱՊԿ-ին դիմելը ոչ մի հիմք չունի և Երևանի համար ցանկալի արդյունքի չի բերի»:

Коммерсантъ-ի և՛ հայ, և՛ ադրբեջանցի զրուցակիցները կարծում են, որ այս բախումները տեղային են և լայնամասշտաբ պատերազմի չեն վերածվի:

«Կարծում եմ, որ սա տեղային բախումներ են: Սա բավականին խոշոր բախում էր, ամեն դեպքում մի քանի մահացած կա Ադրբեջանի կողմից, հրետանու, տանկերի մասնակցություն, բայց միայն՝ տեղային մակարդակով: Ակնհայտ է, որ Ադրբեջանում իրավիճակը բարվոք չէ և՛ նավթի գների հետ կապված, և՛ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված: Ակնհայտ է, որ էլիտաների միջև որոշակի բախումներ կան: Այդպիսի խնդիրներին Ադրբեջանը փորձում է արձագանքել սահմանին իրավիճակի սրմամբ, որպեսզի շեղի հանրության ուշադրությունը»,-պարբերականի հետ զրույցում ասել է Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել էր նաև հուլիսի 13-ին։

Ադրբեջանական կողմը հայտնել է մարտական կորուստների մասին․ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվել է արդեն 4 զինծառայողի մահվան մասին տեղեկություն։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси