Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Անկարայի եւ Բաքվի ակամա խոստովանությունը

Անկարայի եւ Բաքվի ակամա խոստովանությունը

09:18 | 13.07.2020 | Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳՆ-ն եւս արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։ Թե ինչ էր ասելու Անկարան, էն գլխից էր պարզ։ Սակայն մեկ ուշագրավ վրիպակ թուրքերը թույլ են տվել։ Այսպես, ըստ թուրքական ԱԳՆ-ի․ «Մենք վճռականորեն դատապարտում ենք Ադրբեջանի Թովուզի շրջանի վրա հայկական զինված ուժերի հարձակումը։ Մեր ցավակցությունն ենք հայտնում բարեկամ եղբայրական ժողովրդին եւ Ադրբեջանի կառավարությանը՝ ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ եւ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին․․․»: Տարօրինակ պատկեր է ստացվում․ ըստ Անկարայի՝ նախահարձակը հայերն են եղել, սակայն նրանց ԱԳՆ-ն ադրբեջանական զոհերին է ցավակցում։ Այն դեպքում, երբ բոլոր ռազմական կանոններով, նախահարձակ կողմը պետք է մի քանի անգամ մեծ կորուստներ կրեր։ 
Նկատենք, որ պաշտոնապես Ադրբեջանի ՊՆ-ն եւս հաստատել է կորուստների փաստը՝ 3 զոհ։ Նաեւ ներկայացնելով տեղի ունեցածի մասին իր այս տեսակետը․ «Հուլիսի 12-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանու կիրառմամբ ձեռնարկել են հարձակման փորձ՝ նպատակ ունենալով գրավել հայ-ադրբեջանական պետական սահմանի Թովուզի ուղղությամբ ադրբեջանական դիրքերը»։ «Ձեռնարկել են հարձակման փորձ» ասվածը նշանակում է, որ հայաստանյան հետեւակը եւ ռազմական տեխնիկան պետք է դուրս գար իր դիրքերից եւ առնվազն մտներ չեզոք գոտի կամ հասներ ադրբեջանական դիրքերին։ Բայց ահա, Ադրբեջանի ՊՆ-ն պնդելով «հարձակման դիմած» հայկական ուժերի կորուստների մասին, որեւէ փաստ չի ներկայացնում։

Մինչդեռ, եթե իրոք նախահարձակը հայկական ուժերը լինեին, ապա զոհերը պետք է լինեին ադրբեջանական խրամատների մոտ կամ չեզոք գոտում, եւ այդ դեպքում Բաքուն հաստատ չէր զլանա առնվազն լուսանկարները հրապարակել։ Այնպես, ինչպես հայկական կողմը ներկայացրել է Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ կատարած ադրբեջանական «ՈՒԱԶ» ավտոմեքենան եւ խփված անօդաչու սարքը։ Ուրեմն այդ ի՞նչ հրաշք է՝ հայկական ուժերը, ըստ ազերիների, դիմում են հարձակմա, կրում կորուստներ, սակայն ոչ մի փաստ։ Կամ, եթե հայերին հաջողվել է առանց կորուստների հասնել ադրբեջանական խրամատներին, էլ ինչո՞ւ պետք է նահանջեին․ հիմա այնտեղ կլինեին։ 


Այսպիսով, երբ Բաքուն ընդունում է սեփական կորուստները, Անկարան հաստատում է, իսկ հայկական կողմը ներկայացնում է թշնամու «ՈՒԱԶ»-ի եւ խփված անօդաչու սարքի լուսանկարները, ապա դա արդեն իսկ ցանկացած ռազմական մասնագետի համար հիմնավոր կդարձնի, թե իրականում ով է եղել միջադեպի հրահրողը։ Բայց թե ինչո՞ւ Բաքուն որոշեց գնալ այդ քայլին, դա արդեն շատ հետաքրքիր հարց է։
Քերոբ Սարգսյան 

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси