Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները. ՀՀ ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները. ՀՀ ԱԳՆ

08:54 | 13.07.2020 | Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցների վերաբերյալ ՀՀ արտգործնախարարության հայտարարությունում, որում ասվում է. 

 

«Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ։ Հայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ՝ արդյունավետորեն զսպվում է այս սադրիչ գործողությունները:

ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի հետ համակարգմամբ, մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրությունը տեղում և դրա հետագա սրման վտանգները:

Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով:

Այդ սպառնալիքների պայմաններում իրականացված սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ տեղեկացմամբ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի ուշ տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Ավելի ուշ նա նաև տեղեկացրել է, որ կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են:

Շուշան Ստեփանյանը մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ «Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները»,- գրել է նա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси