Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԹԱՂԱՊԵՏԵՐՆ ԱՉՔԱՉԱՓՈՎ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒՄՆԵՐԸ. ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՆՈՐ ՀՐԱՀԱՆԳ Կ

ԹԱՂԱՊԵՏԵՐՆ ԱՉՔԱՉԱՓՈՎ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒՄՆԵՐԸ. ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՆՈՐ ՀՐԱՀԱՆԳ Կ

11:03 | 07.07.2020 | Հասարակություն

Hraparak.am-ը գրում է

Երեւանի քաղաքապետը նոր հրահանգ է իջեցրել թաղապետարաններին՝ պահանջել է, որ երկրորդ եռամսյակի համար տարբերակված սկզբունքով պարգեւավճարներ սահմանեն: Երեւանի քաղաքապետարանում, համայնքապետարաններում այժմ լարված, ինտրիգային իրավիճակ է: Համայնքապետերը որոշում են, թե երկրորդ եռամսյակի համար ում ինչքան պարգեւավճար գրեն, որ ներկայացնեն քաղաքապետարան: Բաժիններում իրար են «ուտում»․ աշխատողները՝ բաժնի պետերին, բաժնի պետերը՝ միմյանց: 

Առաջին եռամսյակում թաղապետարանների բոլոր աշխատողներին պարգեւատրել են նույն չափով: Այժմ մոտեցումը փոխվել է: Քաղաքապետը հրահանգել է համավարակի պայմաններում կիրառել պարգեւատրման տարբերակված մոտեցում, երբ մի աշխատակից կարող է պարգեւատրում ստանալ աշխատավարձի 30 տոկոսի չափով, մյուսը՝ 100, իսկ երրորդն ընդհանրապես չստանալ: Թե ով՝ ինչքան, որոշում են վարչական շրջանների ղեկավարները: Նրանք ուսումնասիրում են, թե աշխատողներից որը քանի օր է եկել աշխատանքի, եւ ըստ այդմ պարգեւատրումների չափ են առաջարկում քաղաքապետին: Այստեղ էլ սկսվում են փոխադարձ մեղադրանքներն ու կոնֆլիկտները: 

Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանն այս եռամսյակում 0-110 տոկոս պարգեւատրում է կիրառել: «Այս ամիս էլ Դանիելյանն ինքն իրեն ու տեղակալներին 100 տոկոս պարգեւատրում է գրել, բայց մեր հասանելիքը չի տվել, ասել է, որ կարանտինին չեք աշխատելու, չեք ստանա պարգեւավճար»,- գանգատվում է Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցը: Ըստ մեկ այլ աշխատակցի, անցած երեք ամիսներին իրենց մոտ անգամ ներկա-բացակա չեն արել: Պահանջ է եղել, որ թաղապետարանի աշխատողները հերթով աշխատանքի գան: «Այդպես էլ եկել ենք, հիմա փաստի առաջ են կանգնեցրել, ասում են՝ ով քիչ է եկել, չի ստանա պարգեւավճար: Բայց իրենք էին ասում՝ հերթով եկեք, մարտին էլ տրանսպորտ չկար, մենք ո՞նց գայինք գործի»: 

«Ինքս աշխատանքի տնտեսագիտության մասնագետ եմ, որն իր մեջ ներառում է աշխատանքին վերաբերող տարբեր մասնագիտական գնահատումներ: Եթե բոլորին նույն արշինով ես չափում, դա ի վնաս է լինում լավ աշխատողներին, հարգելիս»,- այսպես պատասխանեց Արաբկիրի համայնքապետը: Մարդիկ ասում են, թե իրենց մեղքով չէ, որ բացակայել են: Ինչո՞ւ եք նրանց ցածր պարգեւավճար տվել: «Մյուսներն էլ իրենց մեղքով չէ, որ լրացուցիչ ջանքեր են ներդրել: Անցյալ եռամսյակում Արաբկիրում մոտ 1600 հատ 30 կիլոգրամանոց սոցիալական փաթեթներ բաժանվեցին: Մեր պահակներից մեկը, օրինակ, բեռնաթափմանն ավելի ջանքով էր աշխատում, քան մյուսները: Նրան բարձր չտա՞նք: Մենք չէինք կարող ստիպել, որ բոլորը պետք է գան, փաթեթներ բաժանենք միայնակ տարեցներին: Կամավորներ են մասնակցել, տարբեր երիտասարդներ, ես իմ մեքենան վարում էի, ու ամբողջ օրը մինչեւ երեկոյան 10-ն իմ վարորդը մեքենան օգտագործել է, որ բեռ դատարկի, ու իմ տեղակալը գնում էր, որ հաշվարկ աներ: Հիմա Ձեր ասած մարդը, որը շաբաթը մեկ կամ երկու անգամ եկել է կամ չի եկել, նրան այս աշխատողների հետ նույնչափ պարգեւավճա՞ր տամ»,- պատասխանեց Արամ Դանիելյանը, շեշտելով, որ իր բոլոր՝ 160 աշխատողներն աշխատավարձն ամբողջությամբ ստացել են: 

Ճի՞շտ է, որ իր տեղակալին ու իրեն 100 տոկոս է գրել: «Ես՝ ինքս, ինձ չեմ կարող գրել: Մի տեղակալին, որն ավելի մեծ ջանք է դնում, 110 տոկոս եմ պայմանական նշանակել, բայց անցյալ եռամսյակ նա 70 տոկոս էր ստացել: Միաժամանակ ունեմ բաժնի պետ, որը կարողացել է առեւտրի տուրքերն ապահովել, 110 ենք տալու նրան: Բաժին էլ կա, որ թույլ չենք տվել, որ գան գործի, եթե, ասենք, դպրոցները փակ են, համապատասխան բաժնի աշխատողներն ինչո՞ւ գան: Նրանք հեռահար են աշխատել»: Ըստ թաղապետի, ունեն նաեւ եզակի աշխատողներ, որոնց համար 0 տոկոս պարգեւավճար է սահմանվելու, կան 10 տոկոս ստացողներ: «Որպեսզի հնարավորինս օբյեկտիվ լինի, բաժնի պետերի հետ միասին գնահատել, վերլուծել ենք, նոր որոշումներ ենք կայացրել»,- ասաց նա: Իր տնտեսումներից, որոնք մոտ 30-40 տոկոս են եղել, Արաբկիրի համայնքապետարանը գումար է փոխանցելու՝ որպես օգնություն կորոնավիրուս բուժող բժիշկներին: Նույնն արել էին նախորդ ամիս:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Արաբկիրի համայնքապետարանի աշխատակիցները նույնիսկ «բունտ» էին արել՝ հավաքվել էին դահլիճում եւ պահանջում էին, որ Դանիելյանը գա ու բացատրություններ տա իրենց, թե ինչու է կամայական պարգեւավճարներ նշանակում, ինչու է իր վարորդին 100 տոկոս գրել, որը, ի դեպ, իր աներորդին է: Իսկ համայնքաապետն ասել էր, որ վարորդն իր հետ մինչեւ ուշ ժամը մնում է: Ի դեպ, աներորդի-վարորդն այժմ արդեն պաշտոն է ստացել՝ նա առեւտրի բաժնի մասնագետ է ձեւակերպված:

Նույն տարբերակված մոտեցումն ու դժգոհությունները կան նաեւ Մալաթիա-Սեբաստիայում, Շենգավիթում: Շենգավիթի համայնքապետարանի մեր աղբյուրը հայտնում է, որ իրենց մոտ աշխատանքի գնալը պարտադիր է եղել, բացառությամբ այն անձանց, ում մոտ կորոնավիրուս են կասկածում, ով մեկուսացման մեջ է կամ կոնտակտավոր է, կամ գտնվում է ռիսկային խմբում: «Անցյալ եռամսյակ մենք բոլորս ստացել ենք նույն պարգեւավճարները, հիմա, ասում են՝ տարբեր ենք ստանալու: Բաժիններ են եղել, որոնք շաբաթ-կիրակի էլ են եկել գործի՝ առեւտրի, կրթության բաժինը»,- ասաց աշխատողներից մեկը: Շենգավիթի ղեկավարը հրաժարվեց պատասխանել, թե ինչ սկզբունքով է այս անգամ որոշելու, թե ում ինչքան պարգեւատրի: Մեր հարցերը նա վերահասցեագրեց քաղաքապետարանին: «Զանգեք լրատվության վարչություն, նրանք կպատասխանեն»: Նույն կամայական սկզբունքով էլ պարգեւավճարների հարցը որոշելու են մյուս համայնքապետարաններում: 

Քաղաքապետի մամուլի քարտուղարին հարցրինք, թե եղե՞լ է արդյոք Մարությանի հրահանգը, որ համավարակի շրջանում մարդկանց պարգեւավճարների հարցում տարբերակված մոտեցում դրսեւորվի, քաղաքապետարանի աշխատողներն արդյոք ստացե՞լ են պարգեւավճար, որքա՞ն են ստանալու Մարությանն ու նրա տեղակալները: Մեզնից պահանջեցին գրավոր հարցում, հրաժարվելով բանավոր պատասխանել, անգամ հարցերը չլսեցին մինչեւ վերջ: Եվ սա հասկանալի է՝ քաղաքային իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարը, գլխավոր պատասխանատու Երեւանի քաղաքապետի ղեկավարությամբ, կարելի է ասել՝ տապալել են: Չկար վերջին 4 ամսում մի օղակ, որից քաղաքացիներն այնքան դժգոհ լինեին, որքան Երեւանի քաղաքապետարանն է: Թվում է, թե գոնե այս անգամ տրամաբանական կլիներ քաղաքապետին ու նրա տեղակալներին զրկել «պրեմիաներից»: Սակայն արի ու տես՝ քաղաքապետը, նրա մոտիկներն ու համայնքապետերն իրենք իրենց լիուլի պարգեւատրել են:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси