
Կորոնավիրուսը երեխաների շրջանում։ Մեկնաբանում է Արաբկրի բժշկական կենտրոնի ղեկավար Արման Բաբլոյանը։
18:38 | 09.06.2020 | Քաղաքականություն
Համավարակի պայմաններում հսկայական տեմպերով վարակվող մարդկանց թվերն արձանագրելիս որոշեցինք անդրադառնալ երեխաների շրջանում վարակի տարածմանն ու ընթացքին։ Կորոնավիրուսի տարածման հենց առաջին օրերից էլ հայտնի դարձավ, որ երեխաների մոտ այն ընթանում է առավել թեթև և առանց բարդությունների։
Մինչ այսօր էլ բժիշկները փաստում են, որ , եթե չկան ուղեկցվող բարդ հիվանդություններ, երեխաները վիրուսը հաղթահարում են արագ և առանց խնդիրների։
Xnews.am-ի լրագրողն այսօր զրուցեց "Արաբկիր" երեխաների և դեռահասների ինստիտուտ բժշկական կենտրոնի տնօրեն Արման Բաբլոյանի հետ՝ տեղեկանալու, թե քանի վարակակիր երեխա կա կենտրոնում և ունեն արդյոք արտահայտված բարդություններ։
Պարոն Բաբլոյանն ասաց, որ այս պահին «Արաբկիր» կենտրոնում կա մոտավորապես երեսուն կորոնավիրուսով վարակված, որոնց կեսն են երեխաներ․ նրանք կենտրոնում բուժվում են ծնողներից որևէ մեկի հետ։
- Եթե նույնիսկ դիմում են ջերմությամբ կամ շնչառական խնդիրներով երեխաներ, նրանք արագ վերականգնվում և ավելի շուտ են դուրս գրվում հիվանդանոցից՝ իհարկե շարունակելով գտնվել բժիշկների հսկողության տակ։
- Հիմնականում ի՞նչ տարիքի երեխաներ են
- Հստակ տարիքային վիճակագրություն չկա։ Ունեցել ենք 3 ամսականից մինչև 18 տարեկան պացիենտներ, որոնց հիմնականում կենտրոն են բերել, երբ տանը եղել են թեստի դրական արդյունքով մեծահասակներ կամ վարակվածի հետ կոնտակտավորներ։
- Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Արաբկիր բժշկական կենտորոնում կա Կավասակի սինդրոմով հիվանդ երեխա։ Ի՞նչ վիճակում է գտնվում և արդյոք այդ հիվանդությունը նրա մոտ ուղեկցվում է Կորոնավիրուսով
- Մեր կենտրոնը տարվա սկզբից, եթե չեմ սխալվում, 5 կավասակի սինդրոմով պացիենտ է ունեցել և մենք ունենք փորձառություն նման հիվանության հետ աշխատելու։ Բոլոր երեխաներն էլ բուժվել և դուս են գրվել հիվանդանոցից բավարար վիճակում։
Վերջին շրջանում, միայն հայտնի դարձավ, որ այս հիվանդությունը ուղեկցվում է քովիդի հետ։
Այնուամենայնիվ, այս պահին կավասակի սինդրոմով պացիենտը գտնվում է նորմալ վիճակում և չունի ուղեկցվող բարդություններ։
֊Պարոն Բաբլոյան, հայտնի է, որ Հայաստանում երեխաների և դեռահասների բազմապրոֆիլ բուժհաստատությունները բավականին քիչ են և հավանաբար երկրում չկա ծնող, որը առիթ չի ունեցել այցելելու "Արաբկիր" բժշկական կենտրոն։ Առանց այն էլ մշտապես ծանրաբեռնված լինելով՝ կարողանում եք արդյո՞ք դիմագրավել այս մարտահրավերին։
-Ցանկացած խնդիր, երբ գտնվում է սկզբնական փուլում, բնականաբար դժվարություններ են ի հայտ գալիս: Սակայն մենք հենց սկզբից ինքնակազմակերպվեցինք և արագ լուծումներ գտանք: Շատ բժշկական հաստատություններ, գուցե դժվարացան այդ բեռը վերցնել, սակայն մեզ մոտ ամեն ինչ ստացվեց՝ շնորհիվ մեր բժիշկների և աշխատակազմի: Անմիջապես առանձնացվեց բաժանմունք՝ համաճարակաբանական անհրաժեշտ ռեսուրսներով: Առողջապահության նախարարության հետ համագործակցելով, մենք ցանկացած հարցի կարողանում ենք արագ և արդյունավետ լուծում տալ:
Մերի Մակարյան