Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չի կարող լինել որեւէ լուծում, որը չի ունենա Արցախի եւ Հայաստանի ժողովրդի համաձայնությունը. Արարատ Միրզոյան

Չի կարող լինել որեւէ լուծում, որը չի ունենա Արցախի եւ Հայաստանի ժողովրդի համաձայնությունը. Արարատ Միրզոյան

17:48 | 22.05.2020 | Քաղաքականություն

Մայիսի 22-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը:

Արարատ Միրզոյանը, իր եւ ՀՀ ԱԺ անունից շնորհավորելով Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահին, պատրաստակամություն է հայտնել շարունակել ընդլայնել երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ սերտ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով Արարատ Միրզոյանին ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմով Արցախ այցելելու համար՝ Արթուր Թովմասյանը, բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերը Արցախի դիրքորոշումը խորհրդարանական տարբեր շրջանակներում ներկայացնելու գործում: ԱԺ նախագահը նաեւ համոզմունք է հայտնել, որ երկու խորհրդարանների համագործակցությունը այսուհետ եւս կշարունակի ակտիվորեն ընդլայնվել:

Արցախի եւ Հայաստանի ԱԺ նախագահների հանդիպումն այնուհետեւ շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու հանրապետությունների խորհրդարանների պատգամավորների մասնակցությամբ:

Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների համագործակցությանը՝ նշելով որ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ, անհրաժեշտ է համարում նաեւ երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ սերտ փոխգործակցությունը:

Անդրադառնալով խորհրդարանի արտաքին կապերին՝ ԱԺ նախագահը ընդգծել է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ կապերի խորացումը՝ այդ գործընթացում կարեւորելով ՀՀ խորհրդարանի դերը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհավորելով ներկաներին համապետական ընտրությունների կապակցությամբ, անդրադարձել է Արցախի եւ Հայաստանի խորհրդարանների համագործակցությանը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ երկրի դիրքորոշման ներկայացման գործում:

«Խաղաղ բանակցությունների արդյունքը, արցախյան հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է հիմնված լինեն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման վրա, եւ չի կարող լինել որեւէ լուծում, որը չի ունենա Արցախի եւ Հայաստանի ժողովրդի համաձայնությունը»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Հանդիպմանը հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների պատգամավորները հանդես են եկել ելույթներով եւ հնչեցրել առաջարկներ, ինչպես Արցախի բարեկամական շրջանակների ընդլայնման, այնպես էլ՝ տարբեր երկրների խորհրդարանների հետ համագործակցության նոր ուղիների մշակման վերաբերյալ:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси