Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից. փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից. փաստաբան

12:58 | 08.04.2020 | Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից. փաստաբան
 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Այս մասին ապրիլի 8-ին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ նախկին նախագահի փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Փաստաբանը հայտնեց, որ դիմել է Գերագույն դատական խորհրդի ղեկավարին եւ երկու անգամ ` օմբուդսմենին: «Օմբուդսմենից ես ստացա պատասխան, համաձայն որի ներկայացված խնդիրը` դատավորի բացակայությունը, մարդու իրավունքների խախտում է: Այսինքն, ՄԻՊ-ը համաձայն է, որ իրավիճակը խնդրահարույց է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ դատարանը տարօրինակ կերպով օպերատիվ է գործում, երբ խոսքը ձերբակալության մասին է, բայց չի շտապում, երբ խոսքը խափանման միջոցի վերանայման մասին է:

Փաստաբանը շեշտեց, որ եվրոպական կողմը` ի դեմս Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի եւ հանձնակատար Դունյա Միյատովիչի, կոչ է արել այլընտրանքային միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված ռիսկային խմբում գտնվող անձանց նկատմամբ: «Կան դատավորներ, որոնք իրենց սեփական նախաձեռնությամբ հենց այդպես էլ արել են: Ընդ որում, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների մեջ կան վարակվածներ, չնայած իշխանությունները չէին ցանկանում դա խոստովանել: Միյատովիչը հստակ նշել է, որ վերանայումը պետք է իրականացվի առանց խտրականության: Որպեսզի այնպես չստացվի, որ մի դեպքում կիրառվում է, մյուս դեպքում չի կիրառվում: Դատախազությունը եւս հանդես է եկել նմանատիպ նախաձեռնությամբ: Այս չափանիշներն ուղղակիորեն վերաբերում են Ռոբերտ Քոչարյանին: Եթե իշխանությունները առաջնորդվեն երկակի ստանդարտներով, դա օրենքի կոպիտ խախտում կլինի»,- նախազգուշացրեց փաստաբանը: 

Արամ Վարդեւանյանը հայտնեց դատավորի գրասենյակի հետ կապ հաստատելու փորձերն անհաջող են եղել: «Դատարանի նախագահի աշխատասենյակում տեղեկացնում են, որ իրենց հայտնի չէ, թե դատավորը երբ կվերադառնա: Մեզ ասում են, որ խոսել են նրա հետ, բայց չեն կարող ասել, թե երբ նա կվերադառնա: Եթե դատավորն այդպես է վերաբերվում գործին, երբ ձերբակալված կա, ապա նա պատասխանատվություն է կրում դրա հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերի համար, դա դատավորին պատիվ չի բերում»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси