Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցել է 203.000-ը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցել է 203.000-ը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

18:16 | 02.04.2020 | Հասարակություն

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցել է 203.000-ը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 961 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 49 հազարից: Ապաքինվածների թիվը կազմում է 203 հազար 153:

Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 215 հազար 362 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 5 հազար 100-ից: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 110 հազար 574 է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 13 հազար 155 մարդ:
Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 110 հազար 238 է: Այս ցուցանիշով Իսպանիան մոտեցել է Իտալիային: Իսպանիայում մահացածների ընդհանուր թիվն ավելի քան 10 հազար է:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 589 է: Գրանցվել է 35 նոր դեպք: Ապաքինվել է 76 հազար 408 մարդ: Մահացածների թիվը կազմում է 3 հազար 318:

Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 80 հազար 641 է: Մահացել է 962 մարդ: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 56 հազար 989 է: Մահերի թիվը 4 հազար 032 է: Ֆրանսիան այս ցուցանիշով շրջանցել է Չինաստանին:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 50 հազար 468 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 160:

Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 33 հազար 718 է, այստեղ մեկ օրում 4 հազար 244 նոր դեպք է գրանցվել: Շվեյցարիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 18 հազար 267 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 130 դեպք կա, Ռուսաստանում` 3 հազար 548 դեպք կա: Այստեղ մեկ օրում գրանցվել է 771 նոր դեպք: Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 15 հազար 679:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 203-ի։

Վրաստանում կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից:
«Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մոտավորապես մինչև ապրիլի 10-ն իրավիճակը վերահսկելի կլինի, թեպետ վարակվածների թիվը կաճի: Սպասվում է, որ բռնկման պիկը կլինի ապրիլի երկրորդ կեսին»-նշել է նախարարը:

Նրա խոսքով, զարգացող սցենարում գլխավոր դեր ունի կառավարության և քաղաքացիների համատեղ աշխատանքի արդյունավետությունը: Նախարարը նաև նշել է, որ Վրաստանի սահմաններից դուրս իրենց քաղաքացիների մոտ գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 35 դեպք: Նրանցից 5-ը մահացել է:
Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ը հայտարարել են արտակարգ դրություն՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Ավելի ուշ մտցվել է համընդհանուր կարանտին, սահմանվել է պարետային ժամ երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 6:00-ն:

Գնդակահարել. Ֆիլիպինների նախագահը չի հանդուրժելու կարանտինը խախտողներին

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ կարանտինի ռեժիմը խախտողները, որոնք խնդիրներ կառաջացնեն, կարող են գնդակահարվել: «Reuters»-ը տեղեկացնում է, որ նա իր մտահոգությունն է հայտնել բժիշկների նկատմամբ բացասական վերաբերմունքի առնչությամբ՝ նշելով, որ այն լուրջ հանցագործություն է և չի հանդուրժվելու:

Հեռուստատեսային ուղերձում Դուտերտեն ասել է, որ կենսական նշանակություն ունի բոլորի համագործակցությունն ու տնային կարանտինի կանոններին հետևելը: Իշխանությունները փորձում են դանդաղեցնել վարակի տարածումը և երկրի փխրուն առողջապահական համակարգը փրկել գերծանրաբեռնվածությունից:

«Իրավիճակը դառնում է ավելի վատ: Եվս մեկ անգամ ներկայացնում եմ խնդրի լրջությունը, դուք պետք է ականջալուր լինեք: Իմ հրամանն է ոստիկանությանն ու զինված ուժերին, եթե կան խնդիրներ՝ դիմադրելու, ձեր կյանքը վտանգելու դեպքեր, ապա գնդակահարեք նրանց»,-ասել է նախագահը:

Իտալիայի իշխանությունները կհաստատեն տնտեսության աջակցմանն ուղղված ևս մեկ փաթեթ

Իտալիայի իշխանությունները մինչև ապրիլի 12-ը կհաստատեն տնտեսության աջակցմանն ուղղված ևս մեկ փաթեթ: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: Մասնավորապես, նախատեսվում է պետական երաշխավորությամբ 200 մլն եվրո հատկացնել ձեռնարկությունների վարկավորման համար: Մարտի 22-ին Իտալիայի վարչապետը հայտարարել էր բոլոր ձեռնարկությունների գործունեության դադարեցման մասին, բացառություն են կազմել միայն ռազմավարական նշանակություն ունեցողները: Փակվել են բոլոր առևտրային կետերը՝ բացի սննդամթերքի խանութներից ու դեղատներից:
Ավելի վաղ հաստատվել էր տնտեսության տարբեր ճյուղերին աջակցելու ֆինանսական նախագիծ: Նախագծի ընդհանուր ծավալը կազմում է 25 մլրդ եվրո:

Կիպրոսը կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթով երկարաձգել է թռիչքների արգելքի ժամկետը
Կորոնավիրուսի պատճառով Կիպրոսը ևս 14 օրով երկարաձգել է թռիչքների արգելքը: «Կիպրոսում գնահատելով իրավիճակը, ինչպես նաև հաշվի առնելով դրամատիկ իրավիճակն այլ եվրոպական ու աշխարհի շատ երկրներում, մենք որոշել ենք երկարաձգել թռիչքների արգելքի ժամկետը ևս 14 օրով»,-այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել տրանսպորտի նախարար Յանիս Կարուսոսը: Թռիչքների հետ կապված արգելքը մտցվել էր մարտի 21-ից և նախատեսված էր մինչև ապրիլի 4-ը: Այն երկարացվեց ևս 14 օրով, բացառություններ կլինեն միայն բեռնափոխադրումները:

Ճապոնիա և Կորեա ժամանող քաղաքացիների նկատմամբ կկիրառվի արգելք

Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ ժամկետով մուտքի արգելք կիրառել 49 պետություններից և շրջաններից ժամանող կամ վերջին 14 օրերի ընթացքում այդ երկրներ և շրջաններ այցելած քաղաքացիների նկատմամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը։

Ըստ այդ որոշման, մուտքի արգելք կկիրառվի նաև Հայաստանից ժամանող քաղաքացիների նկատմամբ: Մուտքի արգելքը չի տարածվի միայն «հատուկ հանգամանքներ» ունեցող քաղաքացիներին, ովքեր կկարողանան մուտք գործել Ճապոնիա, սակայն պարտադիր կանցնեն նոր կորոնավիրուսի թեստավորում, իսկ թեստի արդյունքներից հետո էլ քաղաքացիներին կխնդրեն 14 օր լինել ինքնամեկուսացված և չօգտվել հասարակական տրանսպորտից: Ինքնամեկուսացման հորդորին առնչվող սահմանափակումը (այն վերաբերում է երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիներին, այդ թվում նաև ճապոնացիներին, սակայն պարտադիր բնույթ չի կրում) կգործի մինչև ապրիլի 30-ը: Նշված ժամկետը, սակայն, կարող է երկարաձգվել:

ԱՄՆ-ում ամենուր բացվում են ժամանակավոր հոսպիտալներ

Նյու Յորքը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ: Քաղաքային իշխանությունները շատ վայրերում բացում են վրանային հիվանդանոցներ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը: Նյու Յորքի Քվինս թաղամասի «Էլմհարսթ» հիվանդանոցը հայտնվել է քաղաքում կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնում: Այստեղ մեծ թվով հիվանդներ կան: Վերջիններիս սպասարկելու համար հիվանդանոցին կից բացվել են վրանային բուժօգնության կետեր: Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև Բրուքլինի հիվանդանոցում, որը ևս պետական բուժհաստատություն է:

Բոլոր բժշկական կենտրոնները մարդաշատ են, ամենուրեք լսվում է անցնող շտապ օգնության ավտոմեքենաների շչակների ձայնը: Այժմ Միացյալ Նահանգներում ընթանում է հարյուրավոր ժամանակավոր հիվանդանոցների կառուցման գործընթաց՝ կորոնավիրուսի համաճարակին դիմակայելու համար: ԱՄՆ-ում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվն անցել է 200 հազարից: Հաշվի առնելով այս զարգացումները` ամերիկյան բանակի ինժեներական ստորաբաժանումները ձեռնարկել են ժամանակավոր հիվանդանոցների ստեղծման գործընթաց՝ բազմաթիվ կենտրոններ, հյուրանոցներ և այլ տարածքներ վերածելով բուժսպասարկման կետերի:

Նյու Յորքում ևս շատ տեղերում հիմնվում են ժամանակավոր հիվանդանոցներ: Դրանցից մեկը բացվել է Նյու Յորքի նշանավոր Սենթրալ Փարքում, մեկ այլ բուժսպասարկման կենտրոն է հիմնվել թենիսի ազգային կենտրոնում, որտեղ սովորաբար անցնում է ԱՄՆ թենիսի բաց մրցաշարը: Լոս Անջելեսի «Մերսի» նավի օրինակով այստեղ ևս ժամանակավոր հիվանդանոցներ են բացվել նավի վրա Հուդզոն գետում, որոնք կարող են ընդունել մինչև 1000 հիվանդի: Նյու Յորքը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակից ամենաշատը տուժած նահանգը:

Չինաստան. միջազգային թռիչքները չեն գերազանցի շաբաթական 134-ը

Չինաստանում միջազգային թռիչքների քանակը մեկ շաբաթվա ընթացքում չի գերազանցի 134-ը: Այս մասին հայտարարել է այդ երկրի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարի տեղակալ Լյու Էրսյուեն: Նա նշել է, որ միջազգային թռիչքների զգալի կրճատումը նպատակ ունի կանխել վարակի ներթափանցումը: Նա կարևոր է համարում միջազգային թռիչքների որոշ չափով պահպանումը, քանի որ երկրից դուրս մեծ թվով չինացիներ են գտնվում: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ արտերկրում գտնվող բազմաթիվ չինացիներ փորձում են որքան հնարավոր է շուտ վերադառնալ հայրենիք: Թեպետ դա ստեղծում է բարդություններ Չինաստանի իշխանությունների համար, որոնք կարողացան երկրի ներսում հաջողության հասնել կորոնավիրուսի դեմ պայքարում: Չինաստանում վերջին շրջանում գրանցում են միայն կորոնավիրուսի վարակվածության բերովի դեպքեր: Ավելի վաղ նշվել էր, որ բերովի դեպքերի 90 տոկոսը Չինաստանի քաղաքացիներ են: Նրանցից շատերը, իմանալով, որ հիվանդ են, ռիսկի են ենթարկում իրենց առողջությունը և շրջապատի անվտանգությունը, որպեսզի վերադառնան հայրենիք:

Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Լիցմանը վարակվել է կորոնավիրուսով

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախարարի ու նրա կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանք գտնվելու են կարանտինի մեջ: Նշվում է, որ նախարարն իր պարտականությունները կկատարի՝ գտնվելով տանը:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси