Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Իրատես». Դու մենակ չես՝ փողերդ բեր

«Իրատես». Դու մենակ չես՝ փողերդ բեր

09:38 | 20.03.2020 | Մամուլ

«Իրատես». Դու մենակ չես՝ փողերդ բեր
 

«Իրատես» թերթը գրում է. «Իշխանության սիրելի կարգախոսը՝ «Մենակ չես»-ը, նաեւ կորոնավիրուսի օրերին է ակտուալ: Բնավ նկատի չունեմ, թե երկիրն անթերիին մոտ կառավարելու խոստում տվածները ՀՀ ամեն մի քաղաքացու յուրահատուկ ձեւով են սիրում, գուրգուրում, փաղաքշում ու վստահեցնում՝ խնդիրը բոլորինս է, ցավը՝ մեկը: Ասածս այն է, որ օրհասական պահերին իշխանությունները, սովորաբար, կարիքի, անհրաժեշտության, հաճախ իրենց չարածի անունը փաթեթավորում են «ժողովուրդ» անվամբ ու հանուն բոլորիս միասնականության՝ հորդորում օգնել պետությանը, ազգին, համայն մարդկությանն ու Երկիր մոլորակին:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 120-ից ավելի մարդ կա, առողջապահության նախարարությունը, սակայն, նոր է հիշել, գլխի ընկել, որ բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների եւ սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաեւ բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման համար հավելյալ գումար է անհրաժեշտ: Կառավարությունում խնդրի լուծման «ամենաիդեալական» տարբերակը, երեւի թե, միանգամից են գտել ու որոշել՝ ֆինանսների նախարարությունում հաշիվ բացել, որ մարդիկ բժշկական դիմակների, ձեռնոցների ձեռքբերման, ինչպես նաեւ բուժաշխատողներին խրախուսելու համար գումար հավաքեն:

Ժողովուրդն այժմ էլ պետք է մտածի՝ ինչպես օգնի պետությանը, որ նա դիմակ հայթայթի, հետո դրա բիզնեսի մենաշնորհը բաշխի հավատարմության երդում տված օլիգարխներից (հազար անգամ ներողություն՝ խոշոր գործարարներից) մեկին, որ նա էլ հնգապատիկ թանկ վաճառի հենց այն նույն հպարտ քաղաքացուն, որ «Ընդդեմ կորոնավիրուսի» սրտաճմլիկ դրամահավաքության շրջանակում ինչ-որ գումար էր տրամադրել պետությանը: Ցավն այն է, որ իմ կողքին ապրող ու «քայլ արած» մարդը հաճախ չի գիտակցում, որ պետությանն առաջին օժանդակողը ոչ թե ինքը պետք է լինի, այլ հենց այն «խոշոր գործարարը», որի բիզնեսի համար պետությունը արտոնյալ պայմաններ է ստեղծում:

Վարչապետի բառապաշարով ասած՝ իրավապահ համակարգը «վզներից չի բռնում», «պադվալներից չի հանում», «ասֆալտներին չի ծեփում» այն գործարարներին, որոնք, առիթից օգտվելով, երկրին գնաճ են «պարգեւում»: «Հարսնացու հյուսիսից» հայտնի ֆիլմից մի դրվագ հիշեցի՝ «հենց նեղն են ընկնում` Սերոբ, հասի»:

Նույնն էլ՝ իշխանությունների դեպքում. հենց փողի կարիք է լինում, մարդկանց մենակ չլինելու մասին են հիշեցնում ու ասում՝ հասեք, փրկեք: Այո, այս օրերին զօրուգիշեր աշխատող, հերթապահություն իրականացնող, ամենատարբեր մարդկանց հետ շփվող բժիշկներին պետք է վարձատրել արժանապատվորեն, աշխատավարձը մի քանի անգամ գերազանցող պարգեւավճար սահմանել նրանց համար, պետական մակարդակով շնորհակալություն ասել, բայց դրա համար ես ու «իմ հարեւան անգրագետ Պողոսը» գումար չպետք է տանք: Գումար պետք է վճարեն Պողոսին անգրագետ անվանող պատգամավորը, գործադիրի նրա գործընկեր նախարարն ու բոլոր նրանք, որ ամեն ամիս կամ եռամսյակը մեկ բավական յուղալի պարգեւավճարներ են ստանում:

Աստղաբաշխական թվեր ստանալուց զատ՝ քայլելով իշխանության հասածները պետք է վեր կանգնեն սեփական ամբիցիաներից ու գործնականում ապացուցեն՝ տարբերվում են նախկիններից, ժողովրդի հետ են ու եկել են ծառայելու, տքնելու, չարչարվելու, երկիր պահելու: Այդպես չեն վարվի, ուրեմն որեւէ մեկը հաշտ չէ իր խոսքի ու մտքի հետ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը, լրագրողներիս հեգնելով, խորհուրդ էր տալիս իր պարգեւավճարները յուանով հաշվել, այժմ թեկուզ յուանով հանգանակություն կարող է անել՝ ծածուկ, առանց բարձրաձայնելու, ոչ թե հետեւի իր գործընկեր, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի օրինակին ու Facebook-ում հրապարակի, թե 100 հազար դրամ է փոխանցել բացված հաշվեհամարին:

«Աջ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում ձախը», ու եթե բարի գործ եք անում, մի՛ շտապեք դրա մասին բարձրաձայնել, ավելին՝ դա բարի գործ չէ, դա ձեր պարտականությունն է: Ոչ թե հաշվեհամար պետք է բացեիք, այլ բոլորիդ մի քանի տասնյակ հազար դոլարանոց պարգեւավճարներով լուծեիք այն հարցերը, որոնք առկա են: Այդ ժամանակ, խոստանում եմ, ես անձամբ կնախաձեռնեմ ձեզ պարգեւավճարի արժանացնելու գործընթացը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси