Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գյումրեցի կնոջ հուղարկավորությանը հարազատներից ոչ ոք ներկա չի եղել

Գյումրեցի կնոջ հուղարկավորությանը հարազատներից ոչ ոք ներկա չի եղել

15:46 | 11.03.2020 | Հասարակություն

Գյումրեցի կնոջ հուղարկավորությանը հարազատներից ոչ ոք ներկա չի եղել
 

Գյումրիում այսօր՝ մարտի 11-ին տեղի է ունեցել մարտի 5-ին սպանված 43-ամյա կնոջ հուղարկավորությունը։ Գյումրու քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնեցին, որ թաղման արարողությունը կազմակերպել է քաղաքապետարանը, քանի որ հարազատները հրաժարվել էին դա անել։

Ի դեպ, հարազատներից ոչ ոք՝ այդ թվում նրա որդին, որը հոր մահվանից հետո բնակվում էր հորաքրոջ հետ, ներկա չի եղել թաղմանը։

Կնոջ 13-ամյա դուստրը, որը նույնպես տուժել էր 28-ամյա տղամարդու կողմից ծեծի հետեւանքով, այս պահին Երեւանում է՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, վերջին օրերին նրա վիճակում դրական տեղաշարժ է նկատվել։ Անչափահաս աղջկա ու նրա եղբոր  հետագա խնամակալության հարցը դեռեւս չի լուծվել, Գյումրու խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովից NEWS.am-ին հայտնեցին, որ նախօրեի հանձնաժողովի նիստում նրանք ճանաչվել են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ։ Աղջկա խնամակալությունը ստանձնելու համար հանձնաժողովին դիմել է Երեւանաբնակ մի կին, հարազատների կողմից ոչ մի դիմում չեն ստացել։ Խնամակալության հարցը կլուծվի ավելի ուշ՝ երեխաների հետ խոսելուց հետո։

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նույնպես ներկա է եղել, ինչի մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ. «Գյումրիում մասնակցեցի սպանված կնոջ հուղարկավորությանը։ Ներկա էին նաև մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը և վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Եթե ճակատագիրը և մոտ մարդիկ են դաժան գտնվել, ապա հանրությունը պետք է հոգատար ու զգայուն լինի, եթե միջավայրն է երես թեքել, ապա պետությունը պարտավոր է պատասխանատու լինել իր քաղաքացու համար։ Այս դեպքը չէր լինի, եթե հարազատները, հարևանները, ուսուցիչները ժամանակին ահազանգեին և, իհարկե, եթե սոցիալական ծառայողները պատշաճ կատարեին իրենց գործառույթները։ Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն։ Շնորհակալ եմ նաև լրագրողներին, որոնք բարձրաձայնում են սոցիալական այնպիսի խնդրի մասին, ինչպիսին բռնությունն է»։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիի Պռոշյան 14 հասցեում 43-ամյա կինը սպանվել էր իր տան մեջ, նրա 13-ամյա դուստրը՝ ծեծի ենթարկվել։ Հանցագործության մեջ մեղադրվում է 28-ամյա տղամարդ, որը, ըստ նախնական տեղեկությունների, կնոջ ընկերն էր, բնակվում է Գյումրիում։ Նա կալանավորվել է։ 43-ամյա կնոջ մարմնի վրա բռնության հետքեր էին հայտնաբերվել, ծեծից 13-ամյա աղջիկը տրավմային շոկ եւ գանգուղեղային փակ վնասվածք էր ստացել, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նա այժմ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում է, վիճակում դրական փոփոխություն կա։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին եւ 14-րդ կետի հատկանիշներով:       

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси