Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Լրջորեն հստակեցված ռազմավարություն չկա». Գագիկ Գինոսյանը՝ մշակութային քաղաքականության մասին

«Լրջորեն հստակեցված ռազմավարություն չկա». Գագիկ Գինոսյանը՝ մշակութային քաղաքականության մասին

18:43 | 22.02.2020 | Մշակույթ

«Լրջորեն հստակեցված ռազմավարություն չկա». Գագիկ Գինոսյանը՝ մշակութային քաղաքականության մասին

«Ինչ վիճակում երկիրն է, այն վիճակում էլ մշակույթն է». «Հայեր միացեք», «Պատերազմ եք գնում» և մի շարք այլ  հայտնի ռազմահայրենասիրական երգերի հեղինակ Գուսան Հայկազունը վստահ է՝ չի կարող մշակույթի վրա չանդրադառնալ   պետության մյուս բնագավառների վիճակը: Ըստ գուսանի՝ պետական մակարդակով բավարար ուշադրություն չի դարձվում երգարվեստին:

«Մենք ունենք հրաշալի խմբեր, հրաշալի կատարողներ, ազգային երգերը շատ բարձր մակարդակով կատարվում են, բայց մենք շատ քիչ ենք անդրադառնում, կամ ընդհանրապես չենք անդրադառնում մշակույթ ստեղծելուն, ոչ միայն եղածը պահպանելուն, այլև ստեղծելուն: Մենք չենք փորձում ստեղծել նոր երգահաններ, գուսաններ, ազգագրական երգերի ստեղծողներ: Մեր Մշակույթի նախարարությունը կարող է հարյուրավոր միլիոններ ծախսել կինոարտադրության վրա, բայց ոչ մի կոպեկ չդնի երգերի ստեղծման համար»:

Հաջորդ տարի Գուսան Հայկազունը կնշի իր ծննդյան 70 ամյակը: Հույս ունի, որ մինչև այդ հնարավորություն կունենա ձայնագրել ու տարածել իր՝ սիրային քնարական երգերը, որի հնարավորությունն այժմ չունի: «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը վստահեցնում է՝ մեր ինքնության պահպանումը կապված է մեր ժառանգության պահպանման հետ:

«Մշակույթը ազգի հոգևոր հայելին է, ցավոք սրտի, դեռևս խորհրդային տարիներից խեղված հայելիների սենյակում ենք հայտնվել, սկսել ենք մեզանից երես թեքել:  Կոմիտասը ասում էր, եթե ուզում եք տեսնել հանճարեղը, կատարյալը, գնացե՛ք, սովորե՛ք ժողովրդից, բայց ինչ-որ երկու պար բեմադրած մեկն ինձ որոշ ժամանակ առաջ ասում էր՝ «էդ թրիքոտ պարերն ինչքա՞ն պիտի պարեք», «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում ասում է՝ «Կեղտն ու թրիքն էլ չես տարբերում»:  Եկել է ժամանակը, որ լրջորեն վերաբերվենք մեր ինքնությանը»,- ասաց Գինոսյանը:

Ինչ վերաբերում է այժմ մեր երկրում տարվող  մշակութային քաղաքականությանը, Գագիկ Գինոսյանը պնդում է՝ քայլեր արվում են, բայց հստակ ուղեծիր չկա:

«Ինչ-որ նախադրյալներ կան, վերջապես ազգային մշակույթին ինչ-որ հետաքրքիր վերաբերմունք են ցույց տալիս, հետաքրքիր լուծումներ են գտնում, որոշ դեպքերում կարող ենք ասել՝ ոչ ամբողջովին մտածված, բայց քայլ առաջ կա: Լրջորեն  հստակեցված չէ, թե ինչի համար ենք սա անում, ռազմավարություն չկա հստակեցված, ժամանակային քարտեզ չկա, թե որտեղի՞ց և ո՞ւր պետք է գնանք, ինչի՞ն ի՞նչ պետք է հետևի: Սա նման է նրան, որ սկսնակ ծանրամարտիկին տաս 200 կգ ծանրաձող և ասես, որ սա չեմպիոն դառնալու լավագույն ձևն է, այդ մարդը կարող է ոչ միայն չբարձրացնել, այլև ողնաշարը կոտրել»,- ասաց Գինոսյանը:

Մշակութային գործիչները վստահ են՝ Մշակույթի նախարարությունը պետք է մնար՝ որպես առանձին կառույց, իհարկե, որոշ փոփոխություններով: «Գութան» փառատոնի ղեկավար Արսեն Գրիգորյանն (Մրո) էլ ավելացնում է, որ մշակույթը պետք է սերմանել դեռ մանկուց:

«Մշակույթի նախարարությունը պետք է մնար՝ իբրև առանձին հաստատություն, և Հայաստանի բոլոր մանկապարտեզները պետք է  ենթարկվեին այդ նախարարությանը: Եթե մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը ունենա հատուկ մշակութային կյանք, ապա պետք է սկսենք մանկապարտեզից դաստիարակել»:

Արսեն Գրիգորյանը պնդում է՝ մշակույթը պետք է ակտիվացնել հատկապես մարզերում ու գյուղերում, քանի որ հակառակ պարագայում, պայմաններ չլինելու պատճառով՝ բազմաթիվ տաղանդներ չեն կարողանում արտահայտվել:

«Ինչպես ժողովուրդն է ասում՝ «խերն ու բարաքյաթը հիմնականում գյուղերում է»,- ասաց Գրիգորյանը:

Գագիկ Գինոսյանը առաջարկում է սկսել կերտել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների:

«Մի անգամ մի բարձրաստիճան պաշտոնյա ինձ ասաց, որ իր քաղաքացու տեսլականը կրեատիվ, օրինապահ, մասնագիտական բարձր որակավորում ունեցող քաղաքացին է: Ասացի՝ կներեք, բայց եթե այդ քաղաքացուն վերցնենք, տեղափոխենք Ստամբուլ, ապա նա նույնքան լավ քաղաքացի կլինի: Այդ հատկանիշները կարևոր են, բայց դրանք ծառի ճյուղերն են, իսկ այդ ճյուղերը պետք է կպած լինեն ծառի բնին, իսկ դա ազգային ինքնությունն է»,- ասաց Գինոսյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси