Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Համայնքային բյուջեի միջոցներով ընթացիկ տարում Երեւանում նախատեսվում է տեղադրել 500 նոր վերելակ. Մարության

Համայնքային բյուջեի միջոցներով ընթացիկ տարում Երեւանում նախատեսվում է տեղադրել 500 նոր վերելակ. Մարության

12:00 | 24.01.2020 | Հասարակություն

Համայնքային բյուջեի միջոցներով ընթացիկ տարում Երեւանում նախատեսվում է տեղադրել 500 նոր վերելակ. Մարության

Երեւանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպմանն ամփոփվել են ԱԻՆ փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարարական վարչության 2019թ. աշխատանքները: Հանդիպմանը մասնակցել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, պաշտոնատար այլ անձինք:

Միջոցառմանը հնչած զեկույցում նշվել է, որ Երեւանում նախորդ տարի գրանցվել է 10824 արտակարգ դեպք: Եղանակային շոգ պայմանների, մարդկանց գործունեության եւ այլ պատճառներով 2019-նն աչքի է ընկել հատկապես հրդեհների մեծ քանակով։

Ելնելով ոլորտին առաջադրված խնդիրներից եւ մոտեցումներից՝ հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքի կառավարման մարմինների եւ ուժերի պատրաստության մակարդակի, ինչպես նաեւ հրդեհներին, կենցաղային կանչերին եւ տարբեր ահազանգերին արձագանքելու արդյունավետության բարձրացմանը:

Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի եւ կազմակերպությունների կողմից իրականացված միջոցառումների ընթացքում 2019 թվականին շարունակվել է ԱԻՆ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հետ սերտ համագործակցությունը:

Քաղաքապետարանի հետ համագործակցությամբ պատրաստվել ու քաղաքապետի հաստատմանն է ներկայացվել «Երեւան քաղաքի անձնագիրը»։ Աշխատանքներ են տարվել նաեւ «Երեւան քաղաքի բնակչության համալիր անվտանգության ապահովման հայեցակարգ» մշակելու նպատակով։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բարձր գնահատելով հրշեջ-փրկարարների աշխատանքը, հավաստիացրել է, որ քաղաքապետարանն առաջնահերթ է դիտարկում քաղաքացիների անվտանգությունն ու ապահովությունը: Քաղաքապետը տեղեկացրել է, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական Միության միջեւ կնքված պայմանագրով իրականացվելու է վտանգավոր թափոնների կառավարման ծրագիր, որի նպատակն է վտանգավոր թափոնների վնասազերծումը: Հայկ Մարությանը նաեւ նշել, որ համայնքային բյուջեի միջոցներով ընթացիկ տարում Երեւանում նախատեսվում է տեղադրել 500 նոր վերելակ:

Երեւանի քաղաքապետը նաեւ ընդգծել է, որ համայնքային հիմնարկները պատրաստ են աջակցել Փրկարարական վարչությանը, եւ ջրատար մեքենաներն ու մյուս տեխնիկական միջոցները ցանկացած պահի կարող են տրամադրվել ԱԻՆ-ին:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն, իր հերթին շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին դժվար եւ պատասխանատու աշխատանքի համար, առաջնահերթ է համարել կառուցվող շենքերը հակահրդեհային ժամանակակից միջոցներով ապահովելու խնդիրը եւ այդ գործում կարեւորել քաղաքապետարանի հետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաեւ քաղաքացիական պաշտպանության, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական զինվածության, նյութատեխնիկական ապահովման բարձրացման, կենցաղային պայմանների բարելավմանը միտված միջոցառումները:

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Գաբրիելյանն իր խոսքում նշել է, որ հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառավարությունը 1 միլիարդ 170 միլիոն դրամ է հատկացրել այդ թվում Երեւանում գտնվող հրշեջ-փրկարարական 32 ջոկատների՝ շենք շինությունների հիմնանորոգման, փրկարարների համար բարեկեցիկ կենցաղային պայմաններ ստեղծելու համար: Առաջին անգամ 45-50 տոկոսով բարձրացվել է փրկարարների աշխատավարձը:

Փրկարար ծառայության տնօրենը հույս է հայտնել, որ համատեղ քայլերի շնորհիվ հնարավոր կլինի Երեւանը դարձնել առավել անվտանգ եւ ներկայանալի:

Երեւանի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետեւանքների վերացման եւ արագ արձագանքման, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ իրականացնելու համար ԱԻՆ Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Զավեն Մելքոնյանին շնորհվել է «Երեւան քաղաքի պատվավոր փրկարարի» կոչում:

Մասնագիտական բարձր պատրաստականության, բարեխիղճ ծառայության համար ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության, ինչպես նաեւ քաղաքապետարանի եւ վարչական շրջանների մի շարք աշխատակիցներ արժանացել են Երեւանի քաղաքապետի, ինչպես նաեւ ԱԻՆ պատվոգրերի եւ շնորհակալագրերի:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси