Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տպավորություն է ստեղծվում, թե դատարանը չի ուզում ողջ տեսնել Մանվել Գրիգորյանին. փաստաբան

Տպավորություն է ստեղծվում, թե դատարանը չի ուզում ողջ տեսնել Մանվել Գրիգորյանին. փաստաբան

15:31 | 22.01.2020 | Քաղաքականություն

Տպավորություն է ստեղծվում, թե դատարանը չի ուզում ողջ տեսնել Մանվել Գրիգորյանին. փաստաբան

Տպավորություն է ստեղծվում, թե դատարանը չի ցանկանում ողջ տեսնել Մանվել Գրիգորյանին, «չկա մարդ՝ չկա խնդիր» սկզբունքով։ Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին պատգամավոր, «Երկրապահ» կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։

«Մանվել Գրիգորյանի գործը դատավարություն չէ, այլ բռնություն Հայաստանի իշխանությունների աչքերի առաջ, եւ ես չեմ բացառում, որ կդիմեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ստեղծել Մանվել Գրիգորյանի դեմ անօրինական գործողությունների հետաքննման անկախ հանձնաժողով»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ այժմ դատախազությունը ցանկանում է ապացուցել, որ արել է ամեն ինչ, որպեսզի Գրիգորյանը բուժօգնություն ստանա, բայց այդպես չէ՝ հաշվի առնելով, որ իրավապահները անգամ հանել են հիվանդի կատետրն ու բերել ՔԿՀ։ «Հենց դրանից հետո իմ պաշտպանյալը համաձայնեց դիմել ՄԻԵԴ, որն արձագանքեց համապատասխան կերպով, ինչից հետո Գրիգորյանն սկսեց օգնություն ստանալ լավագույն քաղաքացիական հիվանդանոցներից մեկում, որտեղ նա, սակայն, նոր հիվանդություններ ձեռք բերեց։ Գրիգորյանը տառապում է ավելի քան 30 հիվանդություններով, չի կարող ինքնուրույն տեղաշարժվել եւ միացված է արհեստական շնչառության սարքին։ Դա վկայում է այն մասին, որ մարդը ոչ միայն ինտենսիվ բուժում չի ստանում, այլեւ նրա մոտ հետընթաց է նկատվում։ Այս պայմաններում մենք միջնորդել ենք, որպեսզի նրան տեղափոխեն այն հիվանդանոց, որտեղ նա բուժվել է նախկինում, բայց դատախազությունը ընդհանուր դատողությունների հիման վրա մերժել է միջնորդությունը։ Իմ պաշտպանյալը միշտ բուժվել է արտասահմանում եւ կախված չի եղել ինսուլինից, քանի որ գտնվել է բժիշկների հսկողության տակ, բայց ձեբակալությունից հետո այդ հսկողությունը չկար։ Մեր կոչն այն մասին էր, որ թույլ տան Գրիգորյանին բուժում ստանալ այն հիվանդանոցում, որտեղ բուժվում էր նախկինում, ինչից հետո վերադառնալ եւ կանգնել դատարանի առջեւ։ Այս հարցում պետությունը պետք է իր վրա դրական պարտավորություն վերցներ, որպեսզի վաղը-մյուս օրը ոչ ոք իրեն մեղավոր չզգար»,- ընդգծել է Բաղդասարյանը։ Փաստաբանը հիշեցրել է, որ գործը գտնվում է ՄԻԵԴ-ում, գործով ընդունվել է 3 միջանկյալ որոշում, որոնք վերաբերում են բռնությանն ու անօրինական ձերբակալությանը։

Լեւոն Բաղդասարյանը Գրիգորյանի մեղադրանքները չի կապել մարտի 1-ի գործի հետ, քանի որ իր պաշտպանյալը ոչ մի անգամ այդ գործով չի հարցաքննվել։ «Կգա ժամանակը, եւ հասարակությունը կիմանա, թե ով է մեղավոր մարտի 1-ի գործով, իսկ ով՝ ոչ, իսկ առայժմ կարող եմ ասել, որ Գրիգորյանի դեմ սարքված գործը ոչ մի կերպ կապված չէ այդ գործի հետ»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ դատարանը հունվարի 15-ին փոխել էր նախկին պատգամավոր եւ «Երկրապահ» կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ նրան ազատելով կալանքից չբացակայելու ստորագրությամբ։ Մանվել Գրիգորյանի ազատման միջնորդության նախաձեռնողը դատախազությունն էր՝ նախկին պատգամավորի առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետ կապված։ Մանվել Գրիգորյանը մինչ այդ  տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ։ Նրա վիճակը գնահատվում է չափազանց ծանր։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси