Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՆՈՐԻՑ «ԳԱԶԱՅԻՆ ՄԱՀԱԿԸ» ԿԱԽՎԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳԼԽԻՆ. ԻՐԱՎՈՒՆՔ

ՆՈՐԻՑ «ԳԱԶԱՅԻՆ ՄԱՀԱԿԸ» ԿԱԽՎԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳԼԽԻՆ. ԻՐԱՎՈՒՆՔ

20:24 | 21.01.2020 | Քաղաքականություն

 

ՆՈՐԻՑ «ԳԱԶԱՅԻՆ ՄԱՀԱԿԸ» ԿԱԽՎԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳԼԽԻՆ

Նախօրեին Բեռլինում կայացած գագաթաժողովը պաշտոնապես ուղղված էր Լիբիայում իրավիճակի կայունացմանը եւ արդի աշխարհի աչքի ընկնող խնդրիներից մեկի՝ լիբիական հակամարտության կարգավորմանը: Բայց դրանով հանդերձ ասել, թե հենց Լիբիան էր գագաթաժողովի թիվ 1 հարցը, թերեւս սխալ կլիներ: Համենայնդեպս, գագաթաժողովը տվեց մի շարք ազդակներ, որոնք շատ ավելի գլոբալ բնույթ եւ իմաստ ունեին, քան լիբիական հարցն է:

ԼԻԲԻԱՅԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿԸ

Սկսենք նրանից, որ գագաթաժողովի ոչ միայն հյուրընկալողը, այլ նաեւ պաշտոնական նախաձեռնողն ու կազմակերպիչը համարվում է Գերմանիան: Սակայն այստեղ մեկ էական հանգամանք պետք է հաշվի առնել: Բուն լիբիական հակամարտության վրա Գերմանիայի փաստացի ազդեցությունը չնչին է: Փոխարենը Լիբիայում շատ ավելի ծանրակշիռ է մի կողմից՝ ՌԴ-ի, ապա նաեւ Եգիպտոսի եւ որոշ այլ արաբական երկրների դերակատարությունը, որոնք այս կամ այն չափով կապերի մեջ են բուն հակամարտող կողմերից ընդդիմություն համարվող, սակայն երկրի ավելի քան 90 տոկոսը վերահսկող Լիբիայի ազգային բանակի եւ նրա հրամանատար մարշալ Խալիֆա Հաֆթարի հետ: Իսկ ահա լիբիական իշխանություն համարվող Ազգային համաձայնության կառավարությունն ու վարչապետ Ֆայեզ Սարաջը, թեեւ այդ դիրքին հասան ԱՄՆ-ի «դաբրոյով», սակայն այն, որ հետագայում երկրի 90 տոկոսը զիջեցին Հաֆթարին, պարզ խոսում էր Լիբիայում ամերիկյան ռեալ հնարավորությունների մասին: Ճիշտ է, վերջերս էլ Թուրքիան Լիբիա որոշ քանակությամբ զորք մտցրեց՝ Ազգային համաձայնության կառավարության կողմից, բայց էլի Պուտինի` Թուրքիա կատարած այցի ժամանակ նրա հետ հստակեցրեց ծրագրերը, որի արդյունքում ի հայտ եկավ Մոսկվա-Անկարա համատեղ տեսլական՝ կապված լիբիական խնդրի հետ: Դրա արդյունքում էլ, ինչպես նաեւ բեռլինյան գագաթաժողովի ժամանակ պաշտոնապես ֆիքսեց ՌԴ նախագահը, Լիբիայում հիմնական ռազմական գործողությունները դադարեցվեցին: Ընդ որում, Պուտին-Էրդողան պայմանավորվածություններից հետո ինչպես մարշալ Հաֆթարը, այնպես էլ վարչապետ Սարաջը շտապեցին Մոսկվա: Այսինքն, փաստացի լիբիական իրավիճակի վրա հիմնական ազդեցությունն ունի Մոսկվան, ապա՝ Անկարան, ու թե գործնականում ով է առաջ տանում կարգավորման գործնթացը, պարզ է: Ինչ վերաբերում է բեռլինյան գագաթաժողովին, ապա դա իրատեսական դարձավ Մերկելի՝ ՌԴ կատարած վերջին այցի ժամանակ: Մերկելը նման գագաթաժողով կազմակերպելու առաջարկ արեց, Պուտինը համաձայնեց՝ դրանով լիբիական հակամարտությունն առաջ տանողի տեսանելի քաղաքական դափնիները, ըստ էության, նվիրելով կանցլերին: Դա Մերկելին շատ էր պետք: Նախ, նա այսպիսով որոշակիորեն կարգավորում է սասանված իր դիրքերը Գերմանիայում: Բայց ամենակարեւորը. այսկերպ Մերկելը միջազգային քաղաքականությունում իր հեղինակությունը մեծացնելու լուրջ առիթ ստացավ: Միաժամանակ, գագաթաժողովում Մակրոնի եւ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությունը Մերկելի այդ նախաձեռնությունը դարձնում են Եվրոպայինը, եւ, բնականաբար, այդ ֆոնին ընդգծվում է նախ էլի Մերկելի անձնական դերը ԵՄ-ում, ապա նաեւ՝ Մերկել-Մակրոն տանդեմի գերիշխանությունը Հին աշխարհում: Իսկ ավելի խորքային առումով պատկերը սա է. եթե ժամանակին լիբիական հակամարտության արեւմտյան վերահսկողն ԱՄՆ-ն էր, հիմա Մերկելը ցույց տվեց, որ Եվրոպան այդ դերը, ըստ էության, խլեց Վաշինգտոնի ձեռքից: Չնայած բոլորն են հասկանում՝ խլողը ոչ թե Եվրոպան էր, այլ՝ Մոսկվան: Եվ այս ֆոնին է, որ Պուտինի քայլը մեկ այլ իմաստ էլ է ստանում. լիբիական հակամարտության կարգավորողի ֆունկցիան նվիրելով Մերկելին` նա նաեւ Թրամփի դեմքը փրկեց: Սիրիայից եւ Իրանից հետո նաեւ Լիբիան ցուցադրաբար Մոսկվային զիջելը լուրջ խնդիր կդառնար Թրամփի համար: Իսկ հիմա, ինչ կա որ, դաշնակից Եվրոպան է վերահսկողը, եւ, պետքարտուղար Պոմպեոյին Բեռլին գործուղելով, Թրամփը փորձեց ցույց տալ, թե ամեն ինչ իր սրտով է, իրավիճակը վերահսկողության տակ է: Ճիշտ է, Պոմպեոն ժամանակից շուտ հեռացավ, ինչն ակնարկ էր, որ ինչքան էլ ամերիկյան Սենատում իմպիչմենտային լսումների ֆոնին Թրամփի դեմքը որոշակիորեն փրկեցին, սակայն ոչ մեկն էլ չի պատրաստվում որոշումներ կայացնելը եւս զիջել Վաշինգտոնին: Ավելին, գագաթաժողովում, թեեւ ինչ-ինչ որոշումներ կայացվեցին, ընդ որում, բավականին ծանրակշիռ, սակայն բուն լիբիական խնդրի կարգավորման համար այն, ինչպես եւ սպասվում էր, ճեղքումային չէր: Ավելին, մարշալ Հաֆթարը հայտարարեց, որ պատրաստվում է նորից մեկնել Մոսկվա, այսինքն` հասկանալի է, թե գործնականում ինչ սցենարով կարող է լուծում ստանալ լիբիական հակամարտությունը, եւ որ Պուտինը Մերկելին նվիրել է միայն քաղաքական դափնիները եւ ոչ թե՝ ռուսական շահերը: Սակայն քաղաքական կողմն էլ Մերկելի համար այնքան լուրջ օժանդակություն էր, որ նա չէր դադարում Պուտինի հետ ռուսերենով խոսելը:

ՆՈՐ ԱՇԽԱՐՀ

Այսպիսով, բեռլինյան գագաթաժողովը մի քանի լուրջ, համաշխարհային նշանակության ազդակ հղեց: Ամենագլխավորը, թե ինչ էական փոփոխությունների են ենթարկվել խոշոր հակամարտությունների կարգավորման գործընթացները: Ընդամենը մեկ-երկու տարի առաջ Մոսկվայի կարծիքը հարցնող անգամ չկար: Վաշինգտոնը որոշում եւ հրահանգում էր, Եվրոպան «չեստ տալիս» ու վազում կատարելու, եւ եթե ինչ-որ բան չէր ստացվում, ապա հայտնվում էին ամերիկյան ռմբակոծիչներն, ու վերջ, հարցը լուծված էր: Իսկ հիմա Եվրոպայի առաջատար Բեռլինը գագաթաժողով է կազմակերպում Մոսկվայի «դաբրոյով», ՌԴ ղեկավարին ընդունում, որպես ամենաթանկագին հյուր, իսկ ահա ամերիկյան պետքարտուղարը ժամանակից շուտ է հեռանում դաշնակից մայրաքաղաքից՝ «մարտադաշտը» թողնելով հակառակորդին: Եվ սա այն դեպքում, երբ օրակարգում մի շարք այլ հակամարտություններ էլ կան, այդ թվում՝ ուկրաինականը: Այն դեպքում, երբ կարելի է իրավիճակի արմատական փոփոխության մասին վկայող եւս մեկ ազդակ ներկայացնել. երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Սերբիային հակաօդային պաշտպանության գերժամանակակից «Պանցիր-C1» համակարգեր է մատակարարելու: Մեկ-երկու տարի առաջ նման հանդգնության համար սերբերը հաստատ Բելգրադի երկրորդ ռմբակոծությունից չէին խուսափի: Իսկ հիմա այդ հայտարարության հետ կապված արձագանքը միայն թույլ փնթփնթոցի տեսքով էր: Արդյունքում, եթե ռուսական ռազմական դիրքերը սկսում են կամաց-կամաց ամրապնդվել նաեւ Եվրոպայի կենտրոնական հատվածում, ապա Ուկրաինան արդեն դառնում է «թիկունքային գոտի»՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Վերջապես, գլոբալ իրավիճակային փոփոխության առանցքային ազդակներից մեկն էլ Գերմանիայի, ասենք նաեւ՝ Ֆրանսիայի դիրքորոշումն է: Նախ Մակրոնը, ով դեռ անցած տարի էր փորձում Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ միջնորդական առաքելությամբ զբաղվել, վերջին ամիսներին կարծես թե շատ ավելի հակված է ՌԴ-ի հետ սեպարատ կարգով սեփական հարաբերությունները կայունացնելու եւ առաջ տանելու վրա՝ չնայելով Վաշինգտոնից հաճախակի դարձած սպառնալիքներին եւ մինչեւ իսկ՝ «գունավոր ցնցումների» տեսք ունեցող «բաճկոնավորների» միտինգարշավներին: Իսկ ահա Մերկելը, կապված «Հյուսիսային հոսք 2» գազատարի հետ, արդեն իսկ կոշտ հակամարտության մեջ էր Վաշինգտոնի հետ, եւ հիմա էլ, երբ սկսել է Պուտինի հետ ռուսերեն խոսել, այդ հակամարտությունը կարող է միայն սրվել:

 

 

ՆՈՐԻՑ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԻ ԹԵՄԱՆ

Այս զարգացումների ֆոնին, իհարկե, հերթական անգամ օրակարգ է գալիս Հայաստանի աշխարհաքաղաքական ապագայի թեման եւս: Իհարկե, այստեղ տեսականորեն որեւէ հարց չպետք է լիներ. ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին մեր երկրի անդամակցության փաստն արդեն իսկ պետք է բավարար լիներ՝ հետագա ամեն մի գլոբալ զարգացման պարագայում մեր աշխարհաքաղաքական վեկտորի ֆիքսվածության հետ կապված: Ու չնայած նրան, որ վարչապետ Փաշինայնը մի գլուխ հայտարարում է, թե ՌԴ-ի հետ հարաբերություններում վեկտորային տեղաշարժեր չենք ունենալու, փաստն այն է, որ հայաստանյան իշխանական համակարգը շարունակում է լցված մնալ արեւմտյան կամակատարներով: Ավելին, արեւմտյան տերերի պատվերները ճշտորեն կատարելու հետ կապված նրանցից եկող ազդակների պակաս եւս չի զգացվում: Ու այն, որ այս իրավիճակը միայն բարդացնում է առանց այդ էլ «երկու քարի արանքում» տարօրինակ շարժումներ կատարող Փաշինյանի վիճակը, դա էլ է աչքի առաջ, ընդ որում՝ ամենօրյա ռեժիմով: Բայց մյուս կողմից էլ, Մոսկվան, որ կրկին աչքի առաջ արտաքին հարթակում ձեռք է բերում այս նոր դիրքերը, հազիվ թե հայաստանյան այս տատանողական քաղաքականության վրա դեռ երկար ժամանակ աչք փակի: Ընդ որում, ճնշումային մեխանիզմներ արդեն իսկ տեսանելի են, օրինակ՝ գազի ներհայաստանյան գների թանկացման մասին խոսակցությունների տեսքով: Պարզ հաշվարկ. սահմանին այս տարի գազի թանկացում չի եղել, իսկ ահա «Գազպրոմ Արմենիան» ակնարկում է ներքին սակագների բարձրացման հայտի ներկայացման հնարավորության մասին՝ ելնելով անցած տարվա սահմանային 15 դոլարանոց թանկացման փաստից: Սա, ինչ խոսք, Փաշինյանի գլխին կախված հերթական մեծ վտանգն է: Մի կողմից հասկանալի է՝ նման հայտ ներկայացնել-չներկայացնելը որոշվում է ոչ թե «Գազպրոմի» տեղական կառույցում, այլ՝ Մոսկվայում: Այսինքն, հայտ ներկայացնելու դեպքում չբավարարելով, Փաշինյանի բախումը ոչ թե «Գազպրոմ Արմենիայի» հետ է լինելու, այլ՝ Մոսկվայի: Իսկ ահա բավարարելու դեպքում դժվար չէ կռահել, թե ինչ հետեւանքներ են լինելու: Մասնավորապես, որ միանգամից լիովին կզրոյանա Փաշինյանի վարկանիշի մնացորդները, դա սպասելիքներից մեկն է միայն: Կարճ ասած, կարծես թե մինչեւ ապրիլի 1-ը Փաշինյանին ժամանակ է տրված: Իսկ թե կոնկրետ ինչ գնով կկարողանա խուսափել հայտ ներկայացնել-չներկայացնելու հեռանկարից, դա ամենամոտ ժամանակներս կտեսնենք, երբ տեղի կունենա (կամ չի ունենա, դա էլ է ազդակ) Փաշինյանի հայտարարված այցը Մոսկվա:

 

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси