Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կկալանավորվի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը. նա «վնգստացող» է անվանել ՍԴ նախագահին

Կկալանավորվի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը. նա «վնգստացող» է անվանել ՍԴ նախագահին

15:35 | 28.12.2019 | Քաղաքականություն

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին երեկ առաջադրված մեղադրանքը բուռն քննարկումների տեղիք տվեց՝ արժանանալով մասնագիտական շրջանակների քննադատությանը: Ընդ որում, մասնագետները ոչ միայն վիճարկում են վերագրվող արարքը, այլև անձեռնմխելիություն ունեցող բարձրաստիճան պաշտոնյային, առանց ՍԴ համաձայնության, մեղադրանք առաջադրելու հանգամանքը՝ կատարվողը որակելով որպես քաղաքական ճնշում Սահմանադրական դատարանի նկատմամբ:

Եվ այս ամենի ֆոնին երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղղակիորեն հաստատելով, որ գործ ունենք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ անձամբ իր կողմից հրահանգված քաղաքական ճնշման հետ:

Փաշինյանը մասնավորապես գրել է. «... սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից... դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին»:

Ակնհայտ է, որ «վնգստացող» ասելով՝ Փաշինյանը հենց Սահմանադրական դատարանի նախագահին նկատի ուներ: Ստացվում է, որ ՀՀ վարչապետը կարող է անձնական վիրավորանքներ հասցնել բարձր դատարանի նախագահին և առհասարակ դատավորներին, ու անգամ դատապարտող գնահատականի չարժանանալ, իսկ երկու ընդդիմադիր երիտասարդներն ուղիղ եթերում դատավորի կողքով քայլելու և, Փաշինյանի ասած, «վնգստացող դատավորների» մասին հարցեր տալու համար խայտառակ ձևով բերման են ենթարկվում ոստիկանություն և ամիսներ շարունակ կալանքի տակ հայտնվում: Ընդ որում, սա վարչապետ Փաշինյանի կողմից ՍԴ նախագահին ու դատավորներին հասցված միակ վիրավորանքը չէ:

Դեռևս ամռանը «Ազատությանը» տված հարցազրույցում նա հայտարարել էր. «Գնացել են, անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք, մեզ տիրություն արեք, բա մենք 400 հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր էն ժամանակ. մեզ փող էիք տալիս, մեզ հաց էիք տալիս, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում։ Այդ դատական համակարգը՝ սկսած Սահմանադրական դատարանից մինչև վերջ, անհամատեղելի է նոր Հայաստանի հետ»:

Այս հայտարարության համար ևս վարչապետ Փաշինյանը որևէ պատասխանատվություն չկրեց, անգամ ներողություն չխնդրեց դատավորներից՝ նրանց արժանապատվությունը վիրավորելու համար: Մինչդեռ սա ոչ միայն էթիկայի, այլ իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքի կոպտագույն խախտում էր, ինչպես նաև անհիմն ու պոպուլիստական բնույթի ատելության խոսք՝ ուղղված դատական համակարգին:

Նշենք, որ թեմային անդրադարձել նաև է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ գրելով.

«Նիկոլ Փաշինյանը, ակնհայտորեն նկատի ունենալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եւ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից... դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին»: Կրկին «վնգստալ»։ Կրկին անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում:

Բայց մի պահ թողնենք անմեղության կանխավարկածը և անդրադառնանք մեկ այլ հիմնարար կանխավարկածի՝ նույնանման դեպքերին նույնանման իրավական արձագանք տալու կանխավարկածին։ Հիշենք երկու երիտասարդներին, որոնց նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց դատավոր Աննա Դանիբեկյանին ուղիղ եթերում Փաշինյանի բնորոշած «վնգստացող դատավորների» մասին հարց տալու համար, և նրանք ամիսներով պահվեցին անազատության մեջ:

Հիմա եկեք համադրենք այս երկու դեպքերը և հարց ուղղենք ինքներս մեզ՝ նմանություննե՞րն են էական, թե՞ տարբերությունները։ Ես կարծում եմ՝ այնուհանդերձ, էական են նմանությունները, ինչից հետևում է, որ առնվազն քրեական գործ հարուցելու հիմքերն ակնհայտորեն առկա են»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси