Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Առավոտ». «Հուսահատության գազելներից» հույս կա՞. Կյանքում կան բաներ, որոնք շտկելն այլեւս հնարավոր չէ

«Առավոտ». «Հուսահատության գազելներից» հույս կա՞. Կյանքում կան բաներ, որոնք շտկելն այլեւս հնարավոր չէ

10:25 | 26.12.2019 | Մամուլ

«Առավոտ» թերթը գրում է. «Կյանքում կան բաներ, որոնք շտկելն այլեւս հնարավոր չէ՝ ժամանակն անցել է: Ես այլեւս երբեք տիեզերագնաց չեմ դառնա: «Նաիրիտն» ու «Վանաձոր քիմպրոմը» այլեւս երբեք իրենց «խորհրդային» հզորություններով չեն աշխատի: Ռուսաստանին «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում փաստացի նվիրած տնտեսական միավորները երբեք հնարավոր չի լինի հետ վերցնել [հնարավոր է միայն աստղաբաշխական գումարներով գնել]: Ճիշտ նույն ձեւով Երեւանում երբեք չի լինի տրամվայների երթուղիների ցանց, որը գոյություն ուներ 1970-80-ական թվականներին:

Ինչո՞ւ հիշեցի այդ տրամվայների մասին: Որովհետեւ տեսնում եմ, թե ինչ է կատարվում մայրաքաղաքում: Շաբաթվա ցանկացած օր՝ աշխատանքային եւ ոչ աշխատանքային, գրեթե ցանկացած ժամի՝ «պիկ» եւ «ոչ պիկ», Երեւանի որոշակի հատվածներում մեքենաների այնպիսի կուտակում է, որ, ասենք, Կիեւյան փողոցից Շիրվանզադեի դպրոց կարելի է մի քանի անգամ ավելի արագ հասնել ոտքով, բան որեւէ տրանսպորտով:

Մեքենաները շատ-շատ են՝ ընտանիքներ կան, որտեղ ընտանիքի 4 անդամներից յուրաքանչյուրն ունի իր ավտոմեքենան, եւ դրանք ամենեւին մեծահարուստների ընտանիքներ չեն՝ միջին խավի ներկայացուցիչներ են՝ վարկերի տակ ճկված: Բայց այդ մարդիկ ճարահատյալ մեքենա են առնում՝ ոչ նոր, «փակովի», «գրովի» կամ «բանկովի», որովհետեւ գործնականում ոչ մի տարբերակ չունեն քաղաքային տրանսպորտով աշխատանքի հասնելու կամ երեխային դպրոց տանելու:

Իհարկե, կան նաեւ «հուսահատության գազելները»: Բայց ախր դրանք չափից դուրս հուսահատ են, որովհետեւ գալիս են, երբ իրենց հարմար է եւ ուղեւոր են տեղափոխում՝  ստորացնելով մարդկանց արժանապատվությունը: [Գազելների վարորդներն այստեղ, բնականաբար, ոչ մի մեղք չունեն]:

Շվեյցարիայում միլիոնատերերն աշխատանքի են գնում հասարակական տրանսպորտով: Որովհետեւ եւ´ միլիոնատերերն են ուրիշ, եւ´ տրանսպորտը: Երեւանն այդ առումով երբեք Ցյուրիխ կամ ժնեւ չի դառնա՝ դրա համար պետք են ոչ միայն ավտոբուսների, այլեւ տրոլեյբուսների եւ տրամվայների զարգացած ցանցեր:

[Այսօրվա երեւանյան տրանսպորտային քաոսում հատուկենտ տրոլեյբուսները ոնց որ դինոզավրեր լինեն]: Այդպիսի ցանցեր ստեղծելը թանկարժեք եւ անիմաստ գործունեություն կլիներ՝ նույնն է, որ խելքը կորցրած մի բարերար փորձի «Նաիրիտը» վերագործարկել կամ ես փորձեմ տիեզերագնաց դառնալ:

Ժամանակն անցել է: Բայց ժամանակը շարունակում է անցնել, եւ իրավիճակի վատթարացումը բերելու է նոր անդառնալի կորուստների: Մեկ տարի քաղաքային ներկա իշխանությունները «քննում» էին տրանսպորտային ցանցի նոր սխեման, որը քաղաքային նախորդ իշխանությունը պատվիրել էր բրիտանական WYG ընկերությանը՝ 850 հազար դոլարով: [Մի երկու տարի էլ «նախկիններն» էին քննում]: Եթե 2020 թվականին այս «քննությունը» շարունակվի, Երեւանում «Ա» կետից «Բ» կետը հնարավոր կլինի տեղափոխվել միայն ուղղաթիռով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси