Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իշխանությունը փորձում է սնանկացնել հեռուստաընկերությունները

Իշխանությունը փորձում է սնանկացնել հեռուստաընկերությունները

19:00 | 13.12.2019 | Հասարակություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն օրերս շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով նախատեսվում է հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը վճարովի գովազդ ցուցադրել:

Ուշագրավ է, որ նախարարությունն այս օրինագիծը մշակել է միանձնյա՝ առանց մասնագիտական շրջանակների և անգամ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների հետ քննարկումներ անցկացնելու:

ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը «Հրապարակ»-ին հայտնել է, որ նախագծի մասին կարծիք չի կարող հայտնել, քանի որ այն իրենց հետ չեն քննարկել, միայն երեկ է տեսել e draft-ում։ Իսկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ու 10-ից ավելի գործընկեր կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ իրենց վրդովմունքն արտահայտելով թե՛ նախագծի բովանդակության, թե՛ մասնագիտական կառույցների տեսակետն անտեսելու՝ ՀՀ իշխանությունների պահվածքի կապակցությամբ:

«Որևէ հիմք չունենք ենթադրելու, որ ներկայիս նախաձեռնությունը պայմանավորված է հանրային պահանջով, և այդ նախագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում ոլորտում մասնագիտացված կառույցների շրջանում։ Արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հետհեղափոխական կառավարությունը կարևոր որոշումներ ընդունելիս և օրինագծեր մշակելիս անտեսում է փորձագիտական հանրույթի հետ դրանք քննարկելու անհրաժեշտությունը»,-նշված է հայտարարության մեջ։

Այլ կերպ ասած՝ մասնագիտական կազմակերպություններ արձանագրում են, որ այս նախագիծը մշակվել է իշխանության հրահանգով՝ առանց հանրային պահանջի ու ոլորտի մասնագետների կարծիքը հաշվի առնելու: Խոսքի ազատության հիմնախնդիրով զբաղվող կազմակերպություններն Արդարադատության նախարարությունից պահանջել են օրենքի նախագիծը հանել շրջանառությունից և ապահովել պատշաճ հանրային քննարկում: Համաձայն մասնագիտական շրջանակների՝ Հանրային հեռուստաընկերությունը պետբյուջեից բավականին խոշոր ֆինանսավորում է ստանում և չկա որևէ հիմնավորում, որ պետական միջոցները չեն բավարարում հեռուստաընկերության կարիքներին:

Այսպես, միայն 2019թ.-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը պետբյուջեից շուրջ 6 միլիարդ դրամ ֆինանսավորում է ստացել, իսկ մասնավոր հեռուստաընկերության ֆինանսները գոյանում են բացառապես վճարովի գովազդներից: Եվ եթե հաշվի առնենք հեռուստատեսային գովազդի ծավալների օրեցօր նվազման միտումը, ապա կարելի է վստահորեն պնդել, որ այս օրենքի ընդունումը կհանգեցնի մասնավոր հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերի էլ ավելի կրճատման:

Մասնագիտական շրջանակները հակված են կարծելու, որ այս նախագիծը նման շտապողականությամբ դրվել է շրջանառության մեջ մասնավոր հեռուստաընկերություններին ճնշելու և աստիճանաբար սնանկացման տանելու համար:

«Առաջին ալիքին» վճարովի գովազդի իրավունք տալով՝ իշխանությունը ստեղծում է խիստ անհավասար պայմաններ մյուս հեռուստաընկերությունների համար: Նախ՝ Հանրայինն,  ի տարբերություն մյուս հեռուստաընկերությունների, շարունակելու է պետական ֆինանսավորում ստանալ, ինչպես նաև դիրքավորվելու է առանց այն էլ փոքր գովազդային շուկայում՝ ի հաշիվ մյուս հեռուստաընկերությունների:

Արդարադատության նախարարության այս նախագիծը ոչ միայն լուրջ հարված է խոսքի ազատությանը, այլև տնտեսական բավականին ծանր հետևանքներ կարող է ունենալ, քանի որ հեռուստաընկերություններն ունեն նեղ մասնագիտական կարողություններով բավականին մեծ թվով աշխատակիցներ, որոնք հեռուստաընկերությունների ֆինանսական խնդիրների դեպքում հայտնվելու են գործազրկության վտանգի տակ: Իսկ այս նախագծի ընդունում վստահաբար ծանր հարված է հասցնելու մասնավոր TV-ների ֆինասական վիճակին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси