Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունը ոչնչով չարդարացված քայլ է․ հայտարարություն

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունը ոչնչով չարդարացված քայլ է․ հայտարարություն

13:36 | 13.12.2019 | Քաղաքականություն

Մի քանի կազմակերպություններ հայտարարություն են տարածել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծի շուրջ։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․ «Դեկտեմբերի 11-ին ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական e-draft.am կայքում տեղադրել է իր հեղինակած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծ, որում, ի թիվս այլի, նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հայտարարում ենք, որ այս նախաձեռնությունը ոչնչով չարդարացված քայլ է։

Պետական բյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստառադիոընկերության՝ գովազդային շուկայից օգտվել-չօգտվելու հարցը նախկին իշխանությունների օրոք միշտ լուծվել է կամայականորեն՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից ու կոնկրետ բիզնես-խմբերի շահերից, այլ ոչ թե հիմնվելով վստահություն ներշնչող հաշվարկների ու լուրջ փաստարկների վրա։

Որևէ հիմք չունենք ենթադրելու, որ ներկայիս նախաձեռնությունը պայմանավորված է հանրային պահանջով, և այդ նախագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում ոլորտում մասնագիտացված կառույցների շրջանում։

Արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հետհեղափոխական կառավարությունը կարևոր որոշումներ ընդունելիս և օրինագծեր մշակելիս անտեսում է փորձագիտական հանրույթի հետ դրանք քննարկելու անհրաժեշտությունը։

Անընդունելի և աչառու համարելով նշված օրինագծին կից հիմնավորումները՝ մենք պահանջում ենք. Արդարադատության նախարարությունից՝ շրջանառությունից հանել վերոհիշյալ փաստաթուղթը և կազմակերպել բաց քննարկում Հանրային հեռուստատեսությամբ գովազդ հեռարձակելու հարցի վերաբերյալ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից՝ հրապարակային դիրքորոշում արտահայտել հանրային հեռարձակողի՝ բյուջետային հատկացումներից բացի, գովազդային շուկայից օգտվելու անհրաժեշտության առնչությամբ, Հանրային հեռուստառադիոընկերության Խորհրդից՝ լրացուցիչ և առավել համոզիչ հիմնավորումներ՝ բյուջետային ֆինանսավորման անբավարարության և գովազդ հեռարձակելու հրատապության վերաբերյալ, ինչպես նաև՝ պարզաբանումներ, թե ինչու են այդ խնդիրներն ու օրենսդրական փոփոխությունները համաձայնեցվում բացառապես իշխանությունների հետ, և անտեսվում է այլ շահագրգիռ կողմերի կարծիքը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси