Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀԴՄ-ներ՝ իրական զարգացան փոխարեն. ի՞նչ է կոծկում Փաշինյանը

ՀԴՄ-ներ՝ իրական զարգացան փոխարեն. ի՞նչ է կոծկում Փաշինյանը

13:56 | 12.12.2019 | Քաղաքականություն

Հավատարիմ մնալով իր գործելաոճին՝ Փաշինյանը հրապարակել էր որոշ վիճակագրական տվյալներ՝ փորձելով իբր հանրությանն ավետել դրական տեղաշարժերի մասին. պարզվում է՝ մեկուկես տարվա ընթացքում Կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 մլրդ դրամ շրջանառու միջոց, նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ստեղծվել կամ ստվերից դուրս է բերվել 81.534 նոր աշխատատեղ և վերջապես, որ, թերևս, «ամենաէականն» է, 2019-ի հունվար-նոյեմբեր ամիսներին  դուրս է գրվել 106609299-ով ավելի ՀԴՄ կտրոն՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Ի դեպ՝ ՀԴՄ-ների թեմային Փաշինյանն առանձին ֆեյսբուքյան «լայվ» է նվիրել՝ հընթացս փորձելով նաև բացահայտել, թե ինչպես է պատրաստվում երկիր զարգացնել: Պարզվել է՝ հենց ՀԴՄ-ներն են դառնալու խոստացված տնտեսական հեղափոխության հիմքերի հիմքը:

Այն, որ ՀԴՄ տպելը վատ բան չէ, իհարկե, ոչ ոք չի վիճարկում, քանի որ վերջիվերջո դա այն գործիքակազմերից մեկն է, որի օգնությամբ պետությունը պայքար է մղում ստվերային տնտեսության դեմ արդեն երկար տարիներ՝ դեռ Փաշինյանից առաջ էլ: Սակայն միաժամանակ պետք է արձանագրել նաև այն պարզ ճշմարտությունը, որ ՀԴՄ-ներ տպելը չի կարող լինել մի ողջ պետության տնտեսական զարգացման հիմք այն էլ 21-րդ դարում, քանի որ այն մեթոդաբանությունը, որի կիրառմամբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է «սայլը տեղից շարժել», իրականում իր դարը վաղուց է ապրել՝ապացուցելով իր անարդյունավետությունը:

Եթե Փաշինյանն, իսկապես, գոնե ինքն իր համար ձևակերպել է գերխնդիրը, և այն ազգաբնակչության կենսմակարդակի համընդհանուր բարձրացումն է, ապա ակնհայտ է, որ միայն ՀԴՄ-ների միջոցով խնդիրը ոչ միայն չի լուծվելու, այլև մեծ է տնտեսության դեգրադացման վտանգը: Բանն այն է, որ կառավարության նախանձախնդրության հիմնական զոհը դառնում է մանր ու միջին բիզնեսը մի պարագայում, երբ ողջ աշխարհում ընդունված է հատկապես մանր բիզնեսի նկատմամբ ավելի մեղմ հարկային քաղաքականության որդեգրումը: Բացի այդ, եթե իսկապես խնդիր է դրված բարձրացնելու բնակչության եկամուտներն, ապա պետք է մշակվի հստակ տնտեսական ռազմավարություն, գործողությունների հստակ պլան, որը բացակայում է: Դրա փոխարեն Փաշինյանը ողջ պատասխանատվությունը դնում է պարզ քաղաքացիների ուսերին, ՀԴՄ չտալը կամ չպահանջելը հավասարեցնում պետական դավաճանությանը՝ փորձելով կոծկել իր ու իր թիմի բարդույթները:

Ինչպես արդարացիորեն նշում են մասնագետներն, եթե նույն կապիտալ ծախսերն իրականացվեին ամբողջ ծավալով և ժամանակին, ապա դրանից տնտեսական էֆեկտը շատ ավելին կլիներ, քան նույն ՀԴՄ-ների պարագայում է: Ի դեպ՝ ինչ վերաբերում է կապիտալ ծախսերի թերակատարմանն, ապա պետք է արձանագրել, որ չնայած այս տարվա համար նախատեսված էր կատարել 248.8 մլրդ դրամի կապիտալ ծախսեր (միայն 9 ամիսներին ծախսերը պետք է կազմեին 184 մլրդ դրամ), սակայն, փաստացի կապիտալ ծախսերն 9 ամիսներին կազմել են 71 մլրդ-ից մի փոքր ավել։ Սա նշանակում է, որ կապիտալ ծախսերի կատարողականն 9 ամիսներին կազմել է ընդամենը 38.9%: Սա չափազանց կարևոր ցուցիչ է, որը բացահայտում է  պետության արդյունավետության իրական մակարդակը, որը մեզանում, փաստրեն, գրեթե զրոյական է:

Եվ վերջապես եթե իշխանութուններն իսկապես ցանկանում են տնտեսական հեղափոխություն անել, ապա պետք է ոչ թե շեշտը դնեն ՀԴՄ-ների վրա, այլ ընդամենը ստեղծեն ներդրումային բարենպաստ միջավայր, ու փոխարենը պոտենցիալ ներդրողներին վանելու կամ մարդկանց պիտակավորելու՝ անեն ամենայն հնարավորն ու անհնարինը՝ փաստացի բլոկադայի պայմաններում գոյատևող ու ներդրումային գրավչությունից օբյեկտիվորեն զերծ Հայաստանի տնտեսություն փող բերելու համար:

Ցավոք, պետք է արձանագրել, որ այս ուղղությամբ ևս վիճակագրությունն անհրապույր է. 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 32 մլրդ դրամ, ինչը խայտառակություն է, և խոսում է  այն  մասին, որ իշխանությունները, հակառակ դեմագոգիկ հայտարարությունների, դեռ չեն սովորել ներդրողների հետ աշխատելու նրբությունները: Բացի դա՝ նման տխուր պատկերն արդյունք է, իհարկե, նախևառաջ Հայաստանում տեղի ունեցող վատառողջ պրոցեսների, որոնք օրենքի, իրավունքի հետ իրականում շատ քիչ աղերսներ ունեն: Փաշինյանի կապրիզների հետևանքով Հայաստանն էապես կորցրել է իր նեդրումային գրավչությունն ու մրցունակությունը, քանզի միայն դատական համակարգի դեմ իրականացված ոտնձգությունները բավական են, որպեսզի պոտենցիալ ներդրողները հավերժ մոռանան Հայաստանի տեղը:

Ինչ վերաբերում է ներքին ռեսուրսների հաշվին զարգանալու վերաբերյալ ուտոպիստական գաղափարին, որն, ըստ էության, ընկած է Փաշինյանի տնտեսական հեղափոխության չեղած պլանի հիմքում, ապա այն ի սկբանե մեռելածին է և ի վեջո հանգեցնելու է փակուղու՝ հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները. աղքատ, նվազող բնակչությամբ, շրջափակման մեջ գտնվող երկիրը, որի մշտական բնակչությունը չի գերազանցում 3 մլն-ը, չի կարող տնտեսական հեղափոխության հույս ունենալ, եթե մի կողմից երկրից նկատվում է կապիտալի աննախպադեպ արտահոսք, մյուս կողմից՝ ներդրումների բացակայություն, գյուղատնտեսության անկում, որի զարգացումը կարող էր իսկապես ապահովել ներառական տնտեսական առաջընթաց կամ ասենք տեղական արտադրանքը ներկրվող ապրանքներով փոխարինելու վատառողջ միտում: Այս մթնոլորտում 180 մլրդ չէ, 180 տրիլիոն էլ եթե վերադարձվի բիզնեսին, ոչինչ էլ չի փոխվելու, այլ ընդամենը Հայաստանից նկատվող կապիտալի արտահոսքն է էլ ավելի ուժեղանալու:

Իրականում երկրի զարգացման ու սեփական նեղանձնային շահերի միջև ընտրություն կատարելիս Փաշինյանը նախապատվությունը տվել է երկրորդին հենց ի սկզբանե, իսկ բոլոր այն հավաստիացումները, թե ի վերջո հաջողվելու է երկիրը տեղափոխել զարգացման հուն, ոչ այլ ինչ են, քան պողոսներին մոլորեցնելու փորձ:  Եթե իսկապես իշխանւթյունները ցանկանային երկիր զարգացնել, ապա առաջին հերթին ամեն ինչ պետք է անեին՝ երկրում կայունություն ապահովելու  և  կանխատեսելի Հայաստան ունենալու համար, այնինչ այսօր միակ բանը, որով լրջորեն զբաղվում են, դատական իշխանության ոչնչացումն է, քաղաքական մրցակիցներին հետապնդելը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси