Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Որքա՞ն է վարչապետի խղճի խայթի սահմանաչափը

Որքա՞ն է վարչապետի խղճի խայթի սահմանաչափը

18:02 | 10.12.2019 | Քաղաքականություն

Օրերս վարչապետը՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ իր ելույթում նշեց, որ նախարարների աշխատավարձերը դարձրել է 1․5 մլն դրամ, որպեսզի կառուպցիոն դեպքերի բացահայտման ժամանակ առանց խղճի խայթի պատժի նրանց, չմտածի, թե այդ մարդկանց այնքան քիչ են վճարել, որ ուրիշ տարբերակ չեն թողել, քան գնալ, կոռուպցիոն գործարքներ փնտրել։ Այսինքն կառավարության ղեկավարը չի հիմնավորում, որ այդ գումարն անհրաժեշտ է նման ծավալի ու պատասխանատվության գործի համար, այլ իր աչքաչափով գտել է, որ 1․5 մլն դրամը հենց այն թիվն է, որից հետո կաշառք վերցնելու պարագայում կարելի է պատժել առանց խղճի խայթ զգալու։ Իսկ որքա՞ն է վարչապետի խղճի խայթի լիմիտը ցածր աշխատավարձով, բայց բավական կարևոր ու ծանր գործեր անողների պարագայում, որ նրանք չգողանան իրենց հիմնարկներից, ու վարչապետն էլ խղճի խայթ չզգա նրանց պատժելու դեպքում։

Իշխանությունները ծառ կտրողներին դատում են ու ազդարարում, որ լի են վճռականությամբ դատել ցանկացածին, քանի հոգի ուզում է լինեն, ու թույլ չեն տալու ծառ կտրել, մոռացեք այդ մասին։ Իսկ եթե դա առաջ է բերում անտառամերձ տարածքի աղքատ բնակչության դժգոհությունը, որոնք դուրս են գալիս ցույցի, քանզի կորցնում են ապրուստի միջոցը, բայց չեն տեսնում, թե հանապազօրյա հացը ինչ կերպ են վաստակելու, իշխանությունները ոստիկանական բիրտ ուժով ճնշում են բողոքը։ Նույն իշխանությունը բարձրացնում է դատավորի աշխատավարձը, որպեսզի կաշառք չվերցնի ու ծառ կտրողին օրենքի ողջ խստությամբ դատի, որպեսզի մյուսներին էլ դաս լինի, բայց չենք մտածում, եթե տարիներով մարդն այդ անտառից է սնվել, հիմա աշխատատեղ չի ստեղծում նոր իշխանությունը, ինչպե՞ս է ապրելու մեր քաղաքացին, այս հարցում բարոյական պարտավորություն չունի՞ կառավարությունը։

Դժվար է չհասկանալ այն համոզիչ պարզաբանումը, թե անտառը մեր երեխաների թթվածինն է, ապագան, ինչպես կարելի է այն վերացնել, միաժամանակ դժվար չէ հասկանալ, որ ապրուստի միջոց չունեցող ծնողն ունի այդ նույն երեխայի ներկայի խնդիրը լուծելու առաքելություն, ու առավել հասկանալի կլիներ, որ սոցիալական պետություն հանդիսացող մեր երկիրը մի բան արգելելուց առաջ ապրուստի նվազագույն պայման ապահովեր։

Պատահում են զավեշտալի իրավիճակներ, երբ աշխարհի ամենահզոր երկրի գիտնականները միլիոնավոր դոլարներ են ծախսում, այցելում Աֆրիկայի մի խուլ բնակավայր, հանդիմանում տեղաբնակներին, թե այդ ինչո՞ւ են սպանում «կարմիր գրքում» գրանցված կենդանիներին։ Դե ինչպես բացատրել բարեկեցիկ կյանքով ու ապագայի հանդեպ տագնապ չունեցող մեր հարգարժան գիտնականներին, որ տեղաբնակները սովից բառիս բուն իմաստով իրար են ուտում, ուր մնաց, թե հազվագյուտ կենդանիներ չուտեն, երբ անգամ տեղյակ չեն, թե ով է նրանց ինչ որ գրքում զետեղել։ Այո, բայց չհասկացվածության անդունդը ԱՄՆ-ի մեծահարուստ բնակչի ու Աֆրիկայի չքավոր աբորիգենի ինչ որ տեղ հասկանալի է, բայց երբ ծագումով իջևանցի մեր վարչապետը, ում հայրական ընտանիքը դեռ այնտեղ է, որտեղ ունի բարեկամներ, ընկերներ, քավոր-սանիկական կապեր, այդ ինչպե՞ս գլխի չընկավ, որ իր հայրենակիցների ապրուստը կտրելը կարող է ծանր հետևանքներ ունենալ նրանց ընտանիքների համար։ Այդքան կարճ ժամանակում այդպես կտրվել իրականությունից վտանգավոր չէ՞ Փաշինյանի առողջության ու ճակատագրի համար։      

Որքա՞ն է վարչապետի խղճի խայթի սահմանաչափը, երբ կենսապահովման նվազագույնը հազիվ հազ գերազանցող գումար է տրվում մեր գալիք կառավարիչներին կրթող ու դաստիարակող մանկավարժներին, բայց եթե մի փունջ ծաղիկ են նվեր ստանում, ապա դա որակվում է որպես կաշառք։

Չենք մոռացել, որ ամիսներ առաջ վարչապետը նույն տրամաբանությամբ բացատրում էր, թե ինչու պետք է բարձրացվեն քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը, թե չէ նրանք չեն դիմանա գայթակղությանն ու կալանավորների ու նրանց ընտանիքների հետ գործարքի մեջ կմտնեն։ Սա հիշեցրեց մի անեկդոտ, երբ կոռուպացված պատգամավորն այցելելով իր ընտրատարածքի տարբեր հիմնարկություններ, դպրոցում որքան էլ խնդրեցին միջոցներ հայթայթել դպրոցի վերանորոգման համար, հրաժարվեց ու բերեց հազար ու մի պատճառաբանություն խնդիրը լուծելու անհնարինության վերաբերյալ։ Բայց երբ պատգամավորն այցելեց կալանավայր պատրաստակամորեն համաձայնվեց մեծ գումարներ հայթայթել այն կապիտալ վերանորոգելու համար։ Օգնականի զարմացած հարցին, թե ինչո՞ւ դպրոցի համար գումար չգտնվեց, իսկ բանտի համար այսպիսի պատրաստակամություն։ Իսկ պատգամավորի պատասխանը առավել քան համոզիչ էր, թե՝ դպրոց հազիվ թե վերադառնանք՝ տարիքի բերումով, իսկ գործի բերումով բանտ հաստատ կընկնենք։ Փորձենք հասկանալ, թե այդ ինչն է Փաշինյանին համոզել, որ պետք է բարձրացնել բանտապետի, դատավորի ու նախարարի աշխատավարձը, որպեսզի չգողանան, իսկ մյուս «գողերին» խստորեն պատժել։ Երբ սա հասկանանք, գուցե նաև հասկանանք, թե ուր է տանում մեր երկիրը մեր վարչապետը։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси