Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կադրերի դեֆիցիտ՝ ՔՊ-ում. ռիսկ չկա՞

Կադրերի դեֆիցիտ՝ ՔՊ-ում. ռիսկ չկա՞

13:55 | 10.12.2019 | Քաղաքականություն

ՀՀ 6 մարզերի 16 համայնքում կիրակի օրն անցկացված ՏԻՄ ընտրությունների նկատմամբ իշխանությունների որդեգրած վերաբերմունքն աչքի ընկավ մի տեսակ պասիվությամբ:

Մեծ ակտիվությամբ աչքի չէին ընկել նաև բնակիչները. ըստ ԿԸՀ-ի՝ 16 համայնքում մոտ 20 հազար քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 10 հազարից մի փոքր քիչ թվով քաղաքացիներ կամ՝ 49.77%-ը: Հետաքրքիր է, որ բացի այս ամենը, ՏԻՄ ընտրություններն անցել էին ոչ մրցակցային մթնոլորտում:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ չնայած իշխանությունները կարևորում են ՏԻՄ ընտրություններին մասնակցելը, բայց  չեն կարծում, որ բոլոր ՏԻՄ ընտրություններում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է պարտադիր ներկայացված լինի:

«…Մենք չենք տառապում այն մոլուցքով, և մեր առջև նպատակ չենք դրել՝ բոլոր գյուղերում և բոլոր քաղաքներում ներկայացված լինի միայն «Քաղաքացիական պայմանագիրը…»,-մասնավորապես՝ հայտարարել էր Մակունցը:

Իրականում, սակայն, իշխանությունների սառնասրտությունը ՏԻՄ ընտրությունների նկատմամբ  կարող է պայմանավորված լինել ոչ այնքան դեմոկրատիայի վերաբերյալ իշխողների ունեցած ընկալումներով, որքան շատ ավելի այլ՝ միանգամայն պրագմատիկ գործոններով, որոնցից առաջինը, թերևս, ավելորդ անգամ փորձության չենթարկվելու նրանց բնական մղումն է:

Ինչպես հիմնականում ցույց են տվել վերջին մեկ և կես տարվա ընթացքում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները, իշխանությունների այն պրոպագանդիստական պնդումները, թե հեղինակության իմաստով ոչ մի խնդիր չունեն ոչ միայն ասենք Երևանում, այլև մարզերում, համայնքներում, փաստական հիմնավորվածություն չեն ստանում. համայնքներում չեն շտապում նետվել ՔՊ-ի գիրկը, և ընտրություն կատարելիս առավելապես կարևորում են ոչ թե այն, թե այս կամ այն անձի անվան առջև որ քաղաքական ուժի անունն է գրված, այլ՝ այն, թե իրենց ղեկավարելու հայտ ներկայացրածն անձնապես ով է, ինչ անցած ուղի ունի կամ ինչ հետագիծ է թողել: Էյֆորիայի տոտալ անկման ֆոնին գնալ սեփական հեղինակության իրական մակարդակի բացահայտման ճանապարհով մի դեպքում, երբ ձեռքի տակ եղած կադրերն ընդամենը, ասենք, Հայաստանի զարգացման հեռանկարները կոկորդիլոսաբուծարանների ստեղծման մեջ նշմարողների մակարդակի են ու աշխարհայացքով, քաղաքական ինքնասպանության պես մի բան կլիներ:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե Փաշինյանի իշխանությունը, որ հետզհետե է՛լ ավելի ամբողջատիրական է դառնում, այսօրինակ «համեստության» արդյունքում ի՞նչ վնասներ կարող է կրել, Փաշինյանի ազդեցությունը նույն համայնքների վրա կարո՞ղ է սահմանափակել այն, որ այս կամ այն համայնքում ղեկավար է դառնում ոչ թե ասենք քայլարածներից մեկը,  այլ՝  չեզոք մի անձ:

Պետք է խոստովանել, որ այս հարցը չունի միանշանակ պատասխան, քանի որ մի կողմից՝ բացարձակ իշխանությունը Փաշինյանին չէր խանգարի՝ անկախ դրա ունեցած կողմնակի ազդեցությունից, մյուս կողմից, սակայն, կա նաև նորհայաստանյան իրականությունը, որից բխում է մի պարզ ճշմարտություն՝ առանց ժողովրդական վարչապետի Հայաստանում «ճանճն անգամ չի տզզում», և սա անկախ այն բանից, թե ասենք այս կամ այն համայնքում համայնքապետն ինչ գաղտնի կամ բացահայտ քաղաքական հայացքներ ունի: Եթե մեկը հանկարծ համարձակվի կուրսից շեղվել, ապա տեղնուտեղը կորակվի՝ հակահեղափոխական՝ դրանից բխող հետևանքներով: Այնպես որ, որոշ դեպքերում իշխանությունների համար շատ ավելի ձեռնտու կլինի այս կամ այն ոչ իմքայլականի աշխատանքի դրական արդյունքները վերագրել իշխող ուժին ու այդպիսով պարզերես լինել, քան սեփական գործն իմացողին փոխարինել գործից ոչինչ չհասկացող մեկով ու փաստացի խայտառակվել:

Իշխանությունների առաջնային գերխնդիրներից մեկը եղել ու լինելու է կադրերի պակասի հարցը՝ անխտիր բոլոր ոլորտներում: Լինեն ՏԻՄ-եր, թե՝ նախարարություն, դրանից խնդրի էությունը չի փոխվում: Թիմային մտածելակերպը գուցե վատ չէ, բայց այն արդարացված է լինում այն դեպքում, երբ առնվազը դրանից շահողներն ավելի շատ են լինում, քան տուժողները:

Սա այդ դեպքը չէ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси