Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Փաշինյանի խոսքերի տողատակը. ինքնաարդարացո՞ւմ, թե՞ սպառնալիք

Փաշինյանի խոսքերի տողատակը. ինքնաարդարացո՞ւմ, թե՞ սպառնալիք

17:12 | 09.12.2019 | Քաղաքականություն

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիան կազմակերպության կողմից անցկացվող «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների փորձագիտական համաժողով»-ում, ըստ երևույթին, հանրությանն ինքն իրեն որպես «կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի քաղաքական գործիչ» մատուցելու շրջանակներում Նիկոլ Փաշինյանը շոշափել է նաև Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի հարցը:

Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանին զարմացրել է տեղի ունեցածի վերաբերյալ հանրային արձագանքները:

«…Շատերը նշում են, թե ինչ զավեշտ է՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 մլն դրամի հետ կապված մեղադրանք է առաջադրվել: Կարծես՝ ոմանք կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են՝ համերգ հեռուստադիտողների հայտերով: Հայտ է ներկայացվում՝ խնդրում եմ մեկ քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ 400 մլն դրամի սահմաններում: Հետո դրանից բխում է հաջորդ հարցը, թե ինչո՞ւ ես պատվիրել 400 մլն դրամանոց գործ, այլ ոչ թե 4 մլրդ դրամանոց…»,-մասնավորապես հայտարարել է Փաշինյանը:

Չնայած բոլորին է հայտնի, թե այս ընթացքում երկրում տեղի ունեցած «իրավական» պրոցեսներն իրականում ինչ են իրենցից ներկայացրել, բայց իշխանությունները, հասկանալի պատճառներով, անընդհատ փորձել են դրանք մատուցել հակակոռուպցիայի ականջահաճո փաթեթավորմամբ՝ հաճախ մոռացության մատնելով աղաղակող փաստերը, որոնք, ըստ էության, պարբերաբար բացահայտել են տեղի ունեցողի իսկությունը:

Այն, որ Փաշինյանը Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ սեփական խոհերով կիսվել է հենց վերոհիշյալ համաժողովի ընթացքում, պատահականություն չէ. նա դրանով, ըստ էության, փորձել է կոծկել Սարգսյանի դեմ սանձազերծած հետապնդումների իրական բնույթը՝ այն մատուցելով իբր երկրում ընթացող հակակոռուպցիոն միջոցառումների համատեքստում:

Նպատակը, իհարկե, պարզ է, սակայն խնդիրն այստեղ ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունն է՝ այս կամ այն երևույթը մատուցելու ուզած դիտակետից, այլ այն, թե այդ մատուցումը որքանով կարող է համոզիչ լինել:

Երբ վարչապետը բացառում է քաղաքական գործոնը կամ համոզում, որ տեղի ունեցողը միանգամայն օբյեկտիվ պրոցես է, իսկապես հույս ունի, որ ինչ-որ մեկը կարող է հավատա՞լ իրեն: Եթե փաստերը, մեղմ ասած, հակառակի մասին են վկայում, ինչպե՞ս կարող է բանական մեկը «հալած յուղի» տեղ ընդունել հեղափոխության առաջնորդի մերկապարանոց պնդումները: Միայն Փաշինյանի, ԱԱԾ տնօրենի, Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ հայտնի հեռախոսային գաղտնալսումները բավարար են, որպեսզի Փաշինյանի հավաստիացումները, մեղմ ասած, վստահություն չներշնչեն: Էլ չասած «վնգստացող» դատավորների, դատարանների մուտքերը շրջափակելու և դատական իշխանության դեմ Սահմանադրության տարրական նորմերի խախտմամբ տեղի ունեցած այլ ոտնձգությունների մասին, ինչի արդյունքում, ըստ էության, Փաշինյանին հաջողվեց կարճ ժամանակահատվածում տոտալ վերհասկողություն հաստատել իշխանության երրորդ ճյուղի վրա, և այդ ամենը, իհարկե, ժողովրդավարության, մարդու իրավունքների ու էլի նմանօրինակ վերամբարձ բաների մասին դեկլարատիվ հայտարարությունների ֆոնին: Այնպես որ՝ Փաշինյանի հավաստիացումներն այս պարագայում ունեն զրոյական արժեք, և միայն նորհայաստանյան իրականությանն անտեղյակ միամիտ մեկը կարող է գերի գնալ վարչապետի խոսքերին ու կարծել, թե Փաշինյանի մատն այս ամենում անմիջականորեն խառը չէ:

Միևնույն ժամանակ Փաշինյանի հայտարարության մեջ նկատվում են որոշակի խորքեր. ինքնարդարացմանը զուգահեռ՝ հայտարարության տողատակերում նկատում է նաև որոշակի նախազգուշական ուղերձներ՝ հենց Սերժ Սարգսյանին: Արդյոք  Փաշինյանը չի՞ փորձում ակնարկել երրորդ նախագահին, որ եթե տեղի ունեցածից համապատասխան հետևություններ չարվեն, ապա ինքը կարող է տրվել պողոսների բնազդներին հագուրդ տալու պոպուլիստական ցանկությանն ու իջեցնել ոչ թե մեկ միլիոն դոլարանոց, այլ ասենք 100 միլիոնանոց գործի պատվեր ընդդեմ երկրի ճակատագրի հանդեպ ոչ անտարբեր Սերժ Սարգսյանի, ում ակտիվացումը, փաստորեն, Փաշինյանը դիտարկել է՝ իր համար ուղղակի քաղաքական սպառնալիք: Իրականում փորձելով հերքել սեփական պոպուլիզմը՝ Փաշինյանը ծածուկ ակնարկում է ավելի հեռուն գնալու պատրաստակամության մասին, եթե դրա կարիքն իսկապես զգացվի:

Իսկ Սերժ Սարգսյանի ակտիվացումը սպառնալիք է դարձել իշխանությունների համար, քանի որ վերջիններս ոչ մի կերպ չեն կարողանում գործնական հարթության վրա ապացուցել իրենց առավելությունը նախորդ իշխանությունների նկատմամբ. այն թվերը, որոնք պարբերաբար մեջբերում է նույն Փաշինյանը, դրանց մասին խոսում տարբեր ամբիոններից կամ գրառում կատարում սոցիալական ցանցերում, գործնականում ոչինչ չեն նշանակում: Հայաստանի առաջ ծառացած բազմաշերտ խնդիրների կառուցվածքն ու բնույթն այնպիսին են, որ միայն ԱՎԾ-ի օգնությամբ դրանցից գլուխ հանելն անհնարին է լինելու: Իշխանությունները չունեն ո՛չ բավարար պրոֆեսիոնալիզմ, ո՛չ իրականության ադեկվատ ընկալում: Այնինչ խնդիրներ լուծելու համար այս երկուսն իսկապես գերկարևոր են, անփոխարինելի. մարդ բռնելով՝ հեռուն չես գնա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси