Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
1200 ընտանիք այսօր ապրում են տնակներում.Սպիտակի քաղաքապետ

1200 ընտանիք այսօր ապրում են տնակներում.Սպիտակի քաղաքապետ

18:05 | 07.12.2019 | Քաղաքականություն

Երկրաշարժի ժամանակ ավիրվեց ամբողջ քաղաքաը՝ բնակֆոնդը, արտադրական մակերեսները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը։

Քաղաքապետի խոսքով՝ այսօր քաղաքը կա, բայց կան նաեւ շատ անելիքներ. «Ունենք անօթեւան ընտանիքներ, չունենք աշխատատեղեր, ենթակառուցվածքների խնդիրներ կան, բայց կանգ չենք առել»։

Սահակյանի խոսքով՝ անցած տարի վարչապետի հանձնարարականով իրենք հաշվառել են բոլոր այն ընտանիքներին, որոնք ապրում են տնակներում. «Նրանց թիվը հասնում է 1200–ի, դա մոտավորապես մեր ամբողջ բնակչության 20 տոկոսն է։ Արդեն քննարկվում են բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի անօթեւան ընտանիքների բնակապահովման խնդիրները կարողանանք լուծել»։

Գագիկ Սահակյանի խոսքով՝ բնակարանների ապահովման տարբեր եղանակներ են գործելու, բայց վերջնական որոշման դեռ չեն հանգել։

«Կարծում եմ, որ մոտ ապագայում այս խնդիրը կլուծվի։ Ոչ Սպիտակի, ոչ Գյումրիի, ոչ Վանաձորի եւ ոչ էլ Ստեփանավան քաղաքների համար Կառավարությունում որոշում չկա եւ բնականաբար ոչ մի հատկացում չկա, քանի որ քննարկման փուլում  է»,– ասաց քաղաքապետը։

Նրա խոսքով կան չափորոշիչներ, ըստ որոնց սեփական տուն կորցրած ընտանիքները չեն ապահովվել բնակարաններով եւ հիմա նաեւ այդ հարցն է քննարկվում։

«Սեփական տուն կորցրած ընտանիքները չեն ապահովվել բնակարաններով, քանի որ երկրաշարժից անմիջապես հետո՝ ԽՍՀՄ տարիներին, նրանք սովետական ռուբլիով փոխհատուցվել են։ Այս պահին պետական բնակարան կորցրած ընտանիքների բնակապահովման խնդիրն ամողջությամբ կարելի է ասել ավարտված է, մի քանի մասնավոր դեպքեր են մնացել, որոնք վիճարկվում են դատական կարգով եւ դրանք էլ լուծում կստանան, բայց սեփական տուն կորցրածների վերաբերյալ այսօր քննարկումներ են ընթանում, որպես անօթեւանների ինչ կարգավիճակ ստանան եւ ինչպիսի լուծումներ ստանա բնակապահովման խնդիրը»,– եզրափակեց Սպիտակի քաղաքապետը։

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси