Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Մեր նախընտրած շեմը զրոն է, ոչ թե 3-ը կամ 6-ը». Ինչո՞ւ է ֆիննախը դեմ Արսեն Թորոսյանի նախաձեռնությանը

«Մեր նախընտրած շեմը զրոն է, ոչ թե 3-ը կամ 6-ը». Ինչո՞ւ է ֆիննախը դեմ Արսեն Թորոսյանի նախաձեռնությանը

12:05 | 07.12.2019 | Քաղաքականություն

ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեմ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությանը, որը վերաբերում է առողջապահության համընդհանուր ապահովագրությանը եւ 6 տոկոս առողջապահական հարկ սահմանելուն:

Նա այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, թե ինչու են ֆինանսական բլոկը, այդ թվում ԿԲ-ն դեմ այդ նախաձեռնությանը: Նախարարը հիշեցրեց, որ հարկային օրենսգրքի փոփոխություններով նվազեցրել են ուղղակի հարկերը, մասնավորապես եկամտային հարկը եւ շարունակեց. «Ուղղակի հարկերի բեռի նվազեցման հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսվարողին լրացուցիչ հնարավորություններ կտա եւ նրանք կկարողանան ազատված միջոցներով ներդրումներ կատարել, հավելյալ արժեք գեներացնել:

Իսկ հիմա կստացվի, որ մի կողմից արել են ուղղակի հարկերի բեռի նվազեցում, մյուս կողմից լրացուցիչ հարկային բեռ ենք ավելացնում: Իհարկե, այստեղ կա ընկալում, որ այդ բեռը վարձու աշխատողի բեռն է, ոչ թե տնտեսվարողի, բայց խոշոր հաշվով դա բեռ է տնտեսության վրա, որովհետեւ նույն վարձու աշխատողը եթե դրա փոխարեն լրացուցիչ միջոցներ գեներացներ, կարող է ինքը ներդրումներ կատարել թեկուզ փոքր մասնաբաժիններով: Հիմա կստացվի, որ այդ ներդրումների փոխարեն ներդրում է կատարվում առողջապահության համակարգում: Դրանով է պայմանավորված այս տեսակետը: Դրա համար կարծում ենք՝ դեռ վաղ է այդ որոշման մասին խոսել որպես արդեն կայացված որոշում: Պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա հարցը»:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով, կան նաեւ այլ փաստարկներ, որոնք պետք է ուշադրության արժանանան. «Օրինակ, ըստ էության, առողջապահության համակարգում գնահատվում է, որ բացի պետբյուջեից կատարվող ծախսերը, մոտ երկու այդքան էլ ծախսվում է քաղաքացիների կողմից: Եթե ուշադրություն դարձնենք, քաղաքացիների վերաբերմունքն այնքան էլ բավարարված չի կարելի գնահատել, դժգոհություններն ավելի շատ են: Միգուցե պետք է քննարկել այլընտրանքային տարբերակներ, թե ինչպես այդ ծախսվող միջոցները ուղղորդել, որ հնարավոր լինի լուծել ապահովագրության խնդիրը՝ չծանրացնելով բեռը տնտեսվարողների վրա»:

Հարցին, թե իր կարծիքով որն է օպտիմալ շեմը առողջապահական հարկի, Ջանջուղազյանը պատասխանեց. «Ֆիննախի նախընտրած շեմը զրոն է, ոչ թե 3-ը կամ 6-ը: Մենք այնքան էլ վստահ չենք, որ առաջարկվող ճանապարհը կհացնի այդ արդյունքներին առանց կորուստների: Այդպիսի կարգավորումները խոշոր հաշվով, կվերածվի  պետական ֆինանսավորման համակարգի ամբողջական ֆինանսավորման: Այդ մոդելը համենայնդեպս, մեր տարածքում եղել է եւ դժվար է գնահատել որպես ամենահաջողվածը: Ըստ էության, ստացվում է, որ ամբողջությամբ պետությունն իր վրա է վերցնում առողջապահության ֆինանսավորումը, որը որակի տեսակետից կարող է դիտարկվել խնդրահարույց»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси