Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վերաքննիչում քննվում է Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու հարցը (ուղիղ)

Վերաքննիչում քննվում է Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու հարցը (ուղիղ)

13:32 | 06.12.2019 | Հասարակություն

Վերաքննիչ դատարանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ուղարկված եւ պաշտպանների միջնորդության քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը թերի էր։ Դատարանը նաեւ հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտություն էր տեսել։

Նոյեմբերի 7-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։

Տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը միացավ միջնորդությանը եւ ասաց, որ կասկածում է դատավորի օբյեկտիվությանը, քանի որ նա դատավոր Ալեքսանդր Ազարյանի ընկերն է: Մխիթար Պապոյանը ի պատասխան Սաֆարյանին՝ տեղեկացրեց, որ ինքն իսկապես Ազարյանի ընկերն է, ինչն ամենեւին չի նշանակում դատական գործերին նույնական մոտեցում:

Տուժող կողմի մյուս ներկայացուցիչների նախատինքին հնարավոր ոչ օբյեկտիվության մասին՝ Պապոյանն ընդգծեց, որ եղել եւ մնում է անկախ դատավոր:

Փաստաբան Հայկ Ալումյանը բողոք հայտնեց, որ այս միջնորդությունը ըստ ձեւի եւ ըստ էության պահանջ է փոխանցել դատավոր Արմեն Դանիելյանին: Միջնորդությունն անհիմն է եւ մեծաթիվ սխալներով, նշեց փաստաբանը: Դատախազ Բաղդասարյանը վրդովվեց իր միջնորդության գրագիտության վերաբերյալ գնահատականի պատճառով, ինչին դատավոր Պապոյանը նշեց, որ նման գնահատական չի եղել, այլապես ինքը թույլ չէր տա փաստաբանին շարունակել: Դատախազն իր կարծիքը չփոխեց, սակայն Հայկ Ալումյանը նախընտրեց հետին թվով իր ելույթից հանել «անգրագետ» արտահայտությունը:

Փաստաբանը շեշտեց, որ եթե հիմք ընդունենք ոչ մեկին հայտնի «Արտակի» հրապարակումը, ապա երկրում դատավոր չի մնա: «Ինչպես կարելի է օրենքը հասցնել նման մեկնաբանման եւ դեռ հղում կատարել օրենքին: Համանման մեխանիզմները չվերածենք շանտաժի եւ մանիպուլյացիայի գործիքակազմի»,- ընդգծեց փաստաբանը:

Փաստաբան Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ դատախազի հիշատակած գործը վերաբերում է դատավորի նկատմամբ զրպարտությանը եւ այսօր քննվող բողոքի հետ ոչ մի կապ չունի: Իրավաբան Արամ Վարդեւանյանը նշեց, որ դատախազը սխալ է մեկնաբանում ՄԻԵԴ որոշման դրույթները: «21-րդ դարում համացանցը, լինելով տեղեկատվության հզոր աղբյուր, միաժամանակ մեծ թվով զրպարտություն եւ վիրավորանքներ է կրում: Վստահ եղեք, «Ֆեյսբուքում» մեծ թվով զրպարտություն կա ոչ միայն դատավորների, այլեւ դատախազների ու փաստաբանների վերաբերյալ, պատկերացրեք՝ ինչ կստացվի, եթե յուրաքանչյուր զրպարտություն դառնա բացարկի «հիմք»»,- նշեց Վարդեւանյանը:

Փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց, որ կասկածելի է, թե ինչու զրպարտության գործը դեռեւս չի ավարտվել: «Եթե դատարանը միջնորդությունը բավարարի, մեզ մոտ կարծիք կառաջանա, որ դա հատուկ է արվում, որ Դուք այս գործը չքննեք»,- նշեց Սահակյանը: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ չի կարելի կոնկրետ գործի սուբյեկտիվ շահերից ելնելով՝ խորացնել դատավորների վարկաբեկման գործընթացը: «Միջնորդությունը հերթական դատավոից ազատվելու գործիք է, որը կարող է անկանխատեսելի որոշում կայացնել»,- նշեց փաստաբան Խուդոյանը:

Կրկին ձայն խնդրելով՝ Հայկ Ալումյանը նշեց, որ Քոչարյանի գործին ցանկանում են «կապակցել» երկու երիտասարդների գործը, որոնք կալանավորվել են դատավոր Աննա Դանիբեկյանին հաղորդման հիման վրա: «Համանման իրավիճակ է: Էլ ավելի կենտրոնացված: Բայց դատախազներն այս հիմնավորմամբ դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկ չեն ներկայացնում, քանի որ նրա որոշումները կանխատեսելի են»,- նշեց փաստաբանը: Այս հայտարարությունը հարուցեց դատախազի վրդովմունքի հերթական նոպան: Դատավորը նրան կանգնեցրեց՝ նախազգուշացնելով, որ չի կարելի փաստաբանին ընդհատել: «Դուք անգամ ինձ թույլ չեք տալիս մինչեւ վերջ ասելիքս ասել»,- նշեց դատավորը:

«Այսպիսով, դա պատճառ չէ, այլ բացարկի առիթ»,- շարունակեց Ալումյանը:

Ռոբերտ Քոչարյանը միացավ փաստաբանների կարծիքին՝ հավելելով, որ ինչպես նշեց Ալումյանը, սա գործիք է, որը կարող են սկսել օգտագործել երկու կողմերն էլ: «Իմ կողմնակիցները կարող են օգտագործել դատախազների, դատավորների դեմ: Հակառակ կողմը կսկսի կարծիք հայտնել դատավորների մասին: Բայց սա միակողմանի գործիք է, քանի որ սա քննչական մարմինների գործիքակազմն է, եւ այս գործիքակազմը կարող են օգտագործել հեղինակություն ունեցող դատավորների դեմ նրանց հեռացնելու համար: Անհրաժեշտ է թույլ չտալ այդպիսի պրակտիկայի ստեղծումը»,- շեշտեց Ռոբերտ Քոչարյանը:

Դատախազ Բաղդասարյանը կտրականապես չհամաձայնվեց կարծիքին, որ սա անցանկալի դատավորներից ազատվելու նպատակով սադրանք է: Դատախազն ընդգծեց, որ անձամբ ինքը ցանկալի եւ անցանկալի դատավորներ չունի: «Խոսում ենք օբյեկտիվ մոտեցման մասին: ՄԻԵԴ-ն նախատեսում է դատավորի օբյեկտիվության կասկածի հիմքերի առկայություն՝ անկախ նրա վարքագծից»,- նշեց դատախազը: Նա միաժամանակ չհամաձայնվեց դատավոր Պապոյանի վերաբերյալ զրպարտության գործի եւ դատավոր Դանիբեկյանի հաղորդման հիման վրա գործի համեմատությանը:

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси