Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կենսաթոշակը կվճարվի միայն անկանխիկ եղանակով. Օրինագիծն ուժի մեջ կմտնի փուլ առ փուլ

Կենսաթոշակը կվճարվի միայն անկանխիկ եղանակով. Օրինագիծն ուժի մեջ կմտնի փուլ առ փուլ

11:56 | 05.12.2019 | Քաղաքականություն

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթին, որը նպատակը կենսաթոշակների եւ խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է։

Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նշեց, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով սահմանված է կենսաթոշակի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

Միաժամանակ, նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան մեկ անգամ ներկայանալ բանկ եւ հայտարարություն ստորագրել Հայաստանում լինելու մասին:

Սակայն բանկ ներկայանալու վերաբերյալ օրենքի պահանջը խոչընդոտում է բանկի տարածքից դուրս խնդրո առարկա հայտարարությունը վերցնելու հնարավորությունը։

Ըստ այդմ, նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգեւավճարների, պատվովճարների եւ այլ ծրագրերի վճարումներըանկանխիկ եղանակով կատարելը:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանվում է խնամքի նպաստի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ խնամքի նպաստի վճարվում է ծնողի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Այդ հոդվածով հստակեցված չէ, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով, իսկ 28.1-ին հոդվածի 6.1-ին մասի համաձայն` խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով։

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով։ Ընդ որում, առաջարկվում է բացառություն սահմանել հետեւյալ դեպքերում.

կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին:

Ընդ որում, կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է միայն կանխիկ եղանակով, իսկ վերը նշված մնացած դեպքերում՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ անձի ընտրությամբ։

Նախատեսվում է նաեւ բացառապես անկանխիկ եղանակով վճարել կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը եւ թաղման նպաստը` անկախ բնակության վայրից:

Իսկ 35-րդ հոդվածի 6-րդ մասում կատարվող փոփոխությամբ առաջարկվում է հանել Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վերաբերյալ հայտարարությունը բացառապես բանկի տարածքում տալու պահանջը՝ Կառավարությանը վերապահելով հայտարարությունն անձամբ բանկ ներկայացնելու ընթացակարգ սահմանելու լիազորություն:

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով։

Առաջարկվում է բացառություն սահմանել այն դեպքում, երբ ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է։

Ինչպես եւ կենսաթոշակների դեպքում, առաջարկվում է հստակեցնել, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։

Հարկ է նշել, որ կենսաթոշակի եւ խնամքի նպաստը լիազորագրով միայն կանխիկ եղանակով վճարելու պահանջը բխում է վճարման գործընթացի առանձնահատկություններից:

Այսպես,եթե լիազորված անձը եւս կենսաթոշակառու է եւ ինքն իր հերթին լիազորում է այլ անձի ստանալու իր կենսաթոշակը, ապա ստացվում է, որ առաջին կենսաթոշակառուին կենսաթոշակը վճարվում է վերալիազորման կարգով տրված լիազորագրով, ինչն ուղղակիորեն հակասում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասին:

Միաժամանակ, անցումը կենսաթոշակների անկանխիկ համակարգի անցնցում իրականացնելու համար, նախատեսվում է անցումը կատարել փուլային տարբերակով` նախ Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում (2020-ի հուլիսի 1-ից), ապա հաջորդաբար` մնացած քաղաքային բնակավայրերում (2021-ի հունվարի 1-ից), 1000-ից ավել բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ վերջում՝ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси