Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քաղաքական գործընթացներն Ադրբեջանում վկայում են կառավարող կուսակցության պառակտման մասին. Տարասով

Քաղաքական գործընթացներն Ադրբեջանում վկայում են կառավարող կուսակցության պառակտման մասին. Տարասով

17:56 | 02.12.2019 | Քաղաքականություն

Քաղաքական գործընթացներն Ադրբեջանում կարող են վկայել կառավարող կուսակցության պառակտման մասին։ Իլհամ Ալիեւը դա շատ վտանգավոր է համարում եւ, հավանաբար, պատրաստվում է ինչ-որ քաղաքական բարեփոխումների։ Այս մասին դեկտեմբերի 2-ին ասաց քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

Նրա խոսքով՝ մեջլիսը ընդդիմադիր է Ալիեւին, ինչը խանգարում է նրան որոշակի բարեփոխումներ կատարել, եւ այդ պայմաններում շատ կարեւոր է ունենալ Մոսկվայի աջակցությունը որեւէ անկանխատեսելի հանգամանքների պարագայում, քանի որ դիմելու այլ տեղ չկա՝ նկատի ունենալով այն, որ Թուրքիան ինքն է գտնվում ծանր դրության մեջ։

«Նկատի ունենալով նաեւ Արեւմուտքի քննադատությունը ավտորիտարիզմի պատճառով՝ Ալիեւը փորձում է ստեղծել իր քաղաքական իմիջը, բայց նրա գործողությունների սցենարն առայժմ ակնհայտ չէ»,- ավելացրել է նա։

Փորձագետը նշել է, որ Մեհրիբան Ալիեւան, ի տարբերություն Անդրկովկասի մյուս նշանավոր կին քաղաքական գործիչների, ի տարբերություն այդ նույն Զուրաբիշվիլու (Վրաստանի նախագահ- խմբ.), ավելի փորձառու է, ցինիկ, կարող է կտրուկ հակառուսական հայտարարություններ անել, իսկ հետո փոխել տեսակետը։

«Բացի այդ, նա մի ինչ-որ բարեգործական գործունեություն է վարում։ Նրա հետ կարող է անգամ կապված լինել ղարաբաղյան հակամարտության որոշ կարգավորումը, օրինակ՝ նա կարող է հրաժարվել Հայաստանի հետ տեղեկատվական պատերազմից, կարող է ճանաչել հայերի ավանդը Ադրբեջանի, Բաքվի նավթային ճյուղի, մշակույթի կայացման գործում։ Բայց Ալիեւային իշխանություն հանձնելու պայմանները դեռ չեն հասունացել։ Հավանաբար, պետք է տեղի ունենան ինչ-որ գործընթացներ, որոնցում նա պետք է դրսեւորի իրեն։ Չի բացառվում, որ նա լոկ ծածկույթ է եւ արդյունքում՝ կառաջադրվի այլ թեկնածություն։ Բայց ակնհայտ է, որ չորրորդ անգամ Ալիեւին շատ դժվար կլինի առաջադրվել»,- եզրափակել է Տարասովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի մեջլիսը դեկտեմբերի 2-ին հատուկ նիստում հայտարարել էր ինքնալուծարման մասին։

Նոյեմբերին տեղի է ունեցել Ադրբեջանի փոխնախագահ, երկրի նախագահ Իլհամ Ալիեւի տիկին Մեհրիբան Ալիեւայի այցը Մոսկվա։ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նրան շնորհվել է Բարեկամության շքանշան ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում ունեցած վաստակի համար։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси