Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լոնդոնի դատարանը որոշել է կալանքի տակ թողնել Ասանժին

Լոնդոնի դատարանը որոշել է կալանքի տակ թողնել Ասանժին

17:00 | 18.11.2019 | Հասարակություն

Լոնդոնի դատարանը որոշել է Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին թողնել կալանքի տակ, իսկ նրա՝ ԱՄՆ-ին արտահանձնելու մասին հաջորդ տեխնիկական լսումները տեղի կունենան դեկտեմբերի 13-ին և 19-ին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման մասին հերթական տեխնիկական լսումները տեղի են ունեցել Լոնդոնի Վեսթմինսթերյան դատարանում: Ասանժը լսումներին մասնակցել է բանտախցից՝ տեսակապի միջոցով, որտեղ գտնվում է գրավի դիմաց ազատ արձակման պայմանները խախտելու համար:

Նա կրել է երկնագույն ջեմփեր և բաց գույնի անդրավարտիք: Ասանժը սափրված չի եղել և լսումների ընթացքում ակնոց է կրել: Դատարանը խնդրել է հաստատել Ասանժի անունն ու ծննդյան տարեթիվը և հիշեցրել է, որ այսօրվա լսումները պարտադիր ընթացակարգ են արտահանձնման մասին գործերում, որի համաձայն մեղադրյալը պետք է կանգնի դատարանի առաջ ոչ պակաս, քան 28 օրը մեկ անգամ:

«Պարոն Ասանժ, դուք այսօր կանգնել եք դատարանի առաջ պարտադիր ընթացակարգի շրջանակում: Եթե կողմերը որևէ լրացուցիչ հայտարարություններ չունեն, ապա մենք կհետևենք արդեն հաստատված գրաֆիկին: Հաջորդ տեխնիկական լսումները կանցկացվեն դեկտեմբերի 19-ին, գործի քննության ընթացքի մասին լսում-խորհրդատվությունները կանցնեն դեկտեմբերի 13-ին»,-ասել է դատավորը:

Դատավորը նշել է նաև, որ տեխնիկական լսումներին Ասանժը կմասնակցի տեսակապի միջոցով: Նա չի կարողանա վկայություններ տալ, նրան կուղղվի միայն մեկ հարց՝ կարո՞ղ է արդյոք նա հաստատել իր անունն ու ծննդյան թվականը:

Ասանժի փաստաբան Գարետ Փիրսը նշել է, որ իր պաշտպանյալն իրեն վատ է զգում, չունի համակարգչից օգտվելու հնարավորություն և խնդրել է թեթևացնել նրա կալանքի պայմանները: Դատավորը նշել է, որ ինքը չունի նման լիազորություն և մերժել է խնդրանքը:

Այսօրվա լսումները տևել են 4 րոպե:

Հիշեցնենք, որ 2010-ին Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011-ին որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է:

2012-ին նա ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ 7 տարի է անցկացրել: 2018-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել նրա դեմ, սակայն այն «գաղտնի է պահվում»: ԱՄՆ արտահանձնման դեպքում նրան երկարատև ազատազրկում է սպառնում՝ լրտեսության համար: Ասանժն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ում իրեն կարող են սպանել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси