Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տասնյակ միլիոնների մասին էր խոսքը. «Ֆլեշի Բարսեղի» գործով վկա

Տասնյակ միլիոնների մասին էր խոսքը. «Ֆլեշի Բարսեղի» գործով վկա

14:03 | 18.11.2019 | Հասարակություն

Երեւանի ընդհանուր իրվասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր՝ նոյեմբերի 18-ին, շարունակվում է Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի» գործով հերթական դատական նիստը։ Նիստին ներկայացել են  ամբաստանյալներ Բարսեղ Բեգլարյանը, Հրայր Հովսեփյանը, պաշտպան Նիկոլայ Հակոբյանը, տուժող Արման Մկրտումյանը։ Դատական նիստին շարունակվում է վկաների հարցաքննությունը։

Վկա Աշոտ Մարտիրոսյանն իր ցուցմունքում պատմեց, որ 2016 թվականի մարտ ամսին Բարսեղ Բեգլարյանի որդու Նարեկ Բեգլարյանի հետ, ով իր ուսանողական տարիների ընկերն է, գնացել է «Բի էյջ բրենդ»-ի քննարկման սրահ։ Քննարկմանը ներկա են եղել գործով տուժող Արման Մկրտումյանը, ամբաստանյալ Բեգլարյանի որդիները՝ Նարեկ եւ Հայկ Բեգլարյանները, Սուրեն Մխիթարյանը, ավելի ուշ եկել են նաեւ քննարկման սրահ Բարսեղ Բեգլարյանը եւ Հրայր Հովսեփյանը։

«Քննարկման թեման վերաբերվում էր պակասորդներին, ավելի շուտ՝ յուրացումներին։ Հիմնականում  Նարեկ Բեգլարյանն էր հարցադրումներն անում։ Տասնյակ միլիոնների մասին էր խոսքը։ Արման Մկրտումյանն էլ ինչ-որ դեպքեր էր պատմում։ Քննարկման սկզբում Հրայր Հովսեփյանը եւ Բարսեղ Բեգլարյանը չկային, նրանք վերջում եկան»,- պատմեց վկան։

Դատախազի հարցին՝ արդյոք ինքը նկատե՞լ է, որ Հրայր Հովսեփյանը Արման Մկրտումյանի հասցեին

սպառնալիքներ հնչեցնի կամ բռնություն գործադրի, վկան ասաց. «Հնարավոր չի, փոքր տեղ էր, չէր կարող նման բան լիենել, ու մենք ականատես չլինեինք»։

Դատավորը նշեց, որ նախորդ դատական նիստին հարցաքննված տուժողն ասել է, որ Հրայր Հովսեփյանի մոտ ատրճանակ է տեսել, սակայն վկան ասաց, որ Հովսեփյանի նման բան չի տեսել։

Դատախազ դատարանին միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ պատճառաբանելով, որ վկան նախաքննական իր 2 ցուցմունքներում նշել է, թե տեսել է՝ ինչպես է տուժողը Հրայր Հովսեփյանի հետ դուրս եկել քննարկման սրահից, մինչդեռ հետագայում իր այս պնդումը հերքել է։ Պաշտպանական կողմն առարկեց միջնորդությանը, սակայն դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը։

Տուժող Արման Մկրտումյանի հարցին՝ ընկերությունը, որտեղ աշխատում է վկան, ում է պատկանում, վկան ասաց, որ բաժնեմասերի մեծ մասը պատկանում է Բարսեղ Բեգլարյանին. «Մյուս մասը պատկանում է Արայիկ Հարությունյանին»։

Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси