Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ամուլսարի հարցը լուծված է. դրա վերաբացումը կլուծի իշխանության հարցը. «Սասնա ծռեր»

Ամուլսարի հարցը լուծված է. դրա վերաբացումը կլուծի իշխանության հարցը. «Սասնա ծռեր»

13:47 | 18.11.2019 | Հասարակություն

Ամուլսարի հարցը լուծված է. դրա վերաբացումը կլուծի իշխանության հարցը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի վերսկսման նպատակով գործող իշխանության քայլերը լայն հանրության համար բացահայտեցին հետեւյալը.

1) ծրագրի իրագործումը անդառնալի բնույթի աղետալի հետեւանքներ է ունենալու ոչ միայն Ամուլսարին հարակից բնակավայրերի, այլեւ Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքի ջրային համակարգի եւ բնակչության համար՝ առաջացնելով հայրենաբնակ հայության եւ Հայրենիքի լինելության սպառնալիք,

2) ոչ միայն Ամուլսարին հարակից Ջերմուկ քաղաքի եւ մյուս բնակավայրերի բնակիչները, այլեւ Հայաստանում եւ արտերկրում ապրող ակտիվ հայությունը դեմ է այդ ծրագրին:

Թվում էր, թե գործող իշխանությունը նույնպես հասկացել է այս ակնհայտ իրողությունները:

Մինչդեռ գործող իշխանությունը, Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի կոռուպցիոն շղթան բացահայտելու ու ծրագիրը փակելու եւ այն իրագործող ընկերությանը պատասխանատվության կանչելու փոխարեն համառորեն փորձում է տարատեսակ հնարքներով ջլատել Ջերմուկի եւ հարակից բնակավայրերի բնակիչների դիմադրությունը:

Իշխանությունը կարծում է, որ տեղի բնակիչներին պառակտելուց եւ նրանց դիմադրությունը կոտրելուց հետո կարող է բացել դեպի Ամուլսար տանող ճանապարհները, ինչից հետո արդեն կարող է սովորության համաձայն վկայակոչել նախորդ ապազգային եւ հանցավոր ռեժիմի օրոք ընդունված ապօրինի «օրենսդրությունը» եւ ապահովել հանքի բացումն ու շահագործումը:

Ստիպված ենք հերթական սթափության կոչը հղել նման պարզունակ մարտավարությամբ առաջնորդվող իշխանությանը եւ հիշեցնել, որ Ամուլսարի ծրագրի դեմ դիմադրությունը վաղուց այլեւս համազգային է, ուստի նույնիսկ տեղի բնակիչների ակտիվ դիմադրությունը չեզոքացնելու պարագայում հնարավոր չի լինելու մեկնարկել այն:

Ամուլսարի հարցը համազգային ընկալման մեջ լուծված եւ փակված է: Դրա վերաբացման փորձը կառաջացնի համահայկական մասշտաբի դիմադրություն, որն ի վերջո կհանգեցնի իշխանության ճգնաժամի:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси