Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Զբաղվածության մասին» օրենքի փոփոխությունը հակասում է կառավարության ծրագրին. ՀՅԴ

«Զբաղվածության մասին» օրենքի փոփոխությունը հակասում է կառավարության ծրագրին. ՀՅԴ

16:16 | 11.11.2019 | Հասարակություն

«Զբաղվածության մասին» օրենքի փոփոխությունը հակասում է կառավարության ծրագրին: Այս մասին իր հոդվածում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտի պատասխանատու նախարարությունը զբաղվածության պետական աջակցության համակարգի բարեփոխումների տրամաբանական շարունակականություն ապահովելու փոխարեն՝ հետեւողականորեն իրականացնում է այնպիսի փոփոխություններ, որոնք ոչ միայն վերացնում են այդ համակարգի նպատակային կառավարման հնարավորությունը, այլեւ ուղղակիորեն հակասում են օրվա կառավարության հռչակած ծրագրային նպատակադրումներին:

Իրականում այս ամենը կատարվում է միայն մեկ «նպատակով»՝

ամեն գնով ապահովել զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը եւ ծախսել պետական բյուջեից հատկացված միջոցները, որ հետագայում գոնե առերեւույթ չարձանագրվեն 2018 թվականի (75 տոկոս թերակատարում) եւ 2019 թվականի 9 ամիսների (50 տոկոս թերակատարում) փաստացի ձախողումները:

Իրական արդյունքի ու հասցեկանության խորացող խնդիրներն էլ պատասխանատուները ցրում են բազմաժանր մանիպուլիացիաներով:

Իհարկե, արատավոր այս գործընթացը չի համապատասխանում նաեւ զբաղվածության ոլորտում գործող օրենսդրությանը: Այդ անհամապասխանությունը վերացնելու համար էլ ոլորտի պատասխանատուները նախաձեռնել են օրենսդրական փոփոխություններ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծ, որը հակասում է տարածքային համաչափ զարգացման, ժողովրդագրական իրավիճակի բարելավման հիմնական նպատակադրումներին, որոնք ձեւակերպված են նաեւ գործող կառավարության հնգամյա ծրագրում:

Ավելին՝ այս նախագծով առաջարկվող փոփոխությունները հակասում են նաեւ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ամրագրված զբաղվածության պետական քաղաքականության հիմնական հետեւյալ սկզբունքներին` սոցիալական ներառման եւ ըստ առաջնահերթությունների` պետական աջակցության ապահովում: Ի դեպ, օրենքի 10-րդ հոդվածով էլ նախատեսված է զբաղվածության պետական կարգավորման, տարածքային զարգացման եւ ժողովրդագրական քաղաքականությունների փոխադրաձ կապի ապահովման անհրաժեշտությունը:

Իսկ քաղաքականության պատասխանատուները զբաղվածության ոլորտում իրենց կատարողական ցուցանիշները բարելավելու համար, օրենսդրական իրնեց նախագծով առաջարկում են ուղղակի վերացնել ըստ տարածքների՝ զբաղվածության պետական ծրագրերի տեղաբաշխման եւ դրանց ակնկալվող արդյունքների թիրախավորման պահանջները:

Փոփոխության արդյունքում՝ հեռավոր բնակավայրերում զբաղվածության պետական աջակցությունն առաջնահերթ տրամադրելու համար օրենքով սահմանված պահանջը կփոխարինվի պատասխանատու պետական մարմնի անսահման հայեցողությամբ: Եվ վերջապես, հնարավոր կլինի առանց լրացուցիչ ջանքերի ապահովել յուրաքանչյուր մարզի կատարողականը՝ միայն տվյալ մարզի խոշոր քաղաքներում զբաղվածության ծրագրեր իրականացնելով:

Նախագծով առաջարկվում է մեկ այլ խնդրահարույց փոփոխություն եւս:

Գործող օրենքով մինչեւ երեք տարեկան երեխա խնամող ծնողն ունի պետական աջակցության իրավունք, եթե վերադառնում է աշխատանքի: Այս իրավունքն իրացնելու համար ներկայումս իրականացվում է զբաղվածության պետական առանձին ծրագիր՝ օրենքի պահանջով: Այս ծրագիրն ունի նաեւ ժողովրդագրական բնույթ, ըստ որի մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողը ստանում է դրամական աջակցություն՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար:

Նախագծով առաջարկվում է նշված դրույթը վերանայել՝ վերացվում է երեխա խնամող ծնողների համար օերնքով սահմանված կարեւորագույն երաշխիք: Փոխարենը նախատեսվում է, որ նրանք «կարող են ստանալ աջակցություն»: Այսինքն՝ կարող է նաեւ չստանան այդ աջակցությունը:

Այսպիսի փոփոխությունը միանշանակ հետ քայլ է երեխա խնամող, աշխատող ծնողների համար առկա պետական սոցիալական երեաշխիքների ապահովման գործընթացում:

Եվ վերջում, զբաղվածության ոլորտում քաղաքական որոշում կայացնողների համար.

այս նախագծի ընդունման պարագայում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերը կհակասեն նույն օրենքի 17-րդ հոդվածին, քանի որ գործնականում կվերանա նաեւ տարածքային համաձայնեցման կոմիտեների անհրաժեշտությունը, որոնք ձեւավորված են զբաղվածության տարածքային ծրագրերի մշակման եւ իրականացման հարցերում համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси