
Բողոքի ակցիա՝ Նորագավիթի ավտոմաքսատան մոտ․ մաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ բողոքող ավտոներկրողները փակել են ճանապարհը
15:51 | 11.11.2019 | Հասարակություն
Նորագավիթի ավտոմաքսատան մոտ ավտոներկրողներն ի նշան բողոքի ճանապարհ են փակել․ պատճառը Վրաստանից և Ճապոնիայից ներմուծված մեքենաների մաքսազերծումը Հյուսիսային ավտոմաքսատանը՝ Գյումրիում իրականացնելու մասին կառավարության որոշումն է։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ մաքսազերծումը Գյումրիում իրականացնելը ավելացնում է ներմուծողների ծախսերը։
«Ճանապարհածախս է ավելանում, բացի այդ՝ նաև գիշերակացի խնդիր կա․ եթե ձևակերպումը նույն օրն ավարտել չի ստացվում, ներկրողները ստիպված են լինում գիշերել հյուրանոցներում կամ ավտոմեքենաների մեջ»,-ասաց նրանցից մեկը։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ խոսակցություններ կան նոյեմբերի 18-ից Նորագավիթի ավտոմաքսատունն ընդհանրապես փակելու և ամբողջ գործընթացը Գյումրի տեղափոխելու մասին։
«Գյումրիում դեռ ոչ մի պայման չկա, նոր մասնաշենքը պատրաստ չէ։ ԱՄՆ-ից ներմուծված մեքենաները հիմնականում վթարված են և վարել հնարավոր չէ, իսկ բեռնափոխադրողները քաղաքացիներ հետ պայմանավորվածություններ ունեն՝ մեքենան մինչև Երևան հասցնելու համար։ Մեքենաներ տեղափոխող կոնտեյներները Գյումրիում բացելուց հետո մեքենաները պետք է Երևան բերվեն քարշակներով, ինչը ևս լրացուցիչ ծախս է»,-ասաց նա։
Ակցիայի մասնակիցները նաև ընդգծում են, որ Ճապոնիայից բերված մեքենաները ձմեռային անվադողեր չունեն, իսկ առանց դրանց վարելը կարող է վտանգավոր լինել։
Նրանք պահանջում են, որ Նորագավիթի ավտոմաքսատունը գործի մինչև դեկտեմբերի 31-ը, ԱՄՆ-ից բերված մեքենաները մաքսազերծվեն այստեղ, իսկ Ճապոնիայից և Վրաստանից ներմուծված մեքենաների դեպքում ներմուծողն ինքը որոշին՝ այն մաքսազերծել Երևանում, թե Գյումրիում։