Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ անկարող ոստիկանության եւ Վանաձորի «ստախոս» քաղաքապետի մասին․ կենդանիների սպանդը շարունակվում է

ՀՀ անկարող ոստիկանության եւ Վանաձորի «ստախոս» քաղաքապետի մասին․ կենդանիների սպանդը շարունակվում է

10:43 | 23.10.2019 | Հասարակություն

ՀՀ-ում շարունակում են ապօրինաբար եւ դաժանությամբ սպանդի ենթարկել թափառող կենդանիներին։ ՀՀ քաղաքացիները շարունակում են ահազանգել տեղի ունեցող դաժան վերաբերմունքի եւ ապօրինության մասին, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում, հաղորդում է Econews.am-ը: 

 Այս անգամ ահազանգում են Վանաձոր քաղաքի կենդանասերները։ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել եւ լուսանկարներ է հրապարակել․ «Վանաձոր... Մեր օրեր... Ահա հաղորդումս հանցագործության մասին... Նկարի ձագուկը պայքարում է ապրելու համար, մինչդեռ իր բոլոր բարեկամներին եւ ոչ միայն բարեկամներին այսօր կրակել են...

Հ.Գ. ՀՀ կառավարույթունը պարտավոր է օգնել համայնքներին լուծելու այս խնդիրը.... Ազգային ժողովը պարտավոր է տեր կանգնել իր գրած օրենքին, ՀՀ ոստիկանությունն էլ` աշխատել օրենքի սահմանում»։ 

Ընդգծենք, որ բնակավայրերում եւ դրա համար չհատկացված տեղերում հրազենի կիրառումն ապօրինի է եւ պատժվում է օրենքով։ 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով սահմանվում է․

Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում եւ դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով

Հրազենից կրակելը բնակավայրերում եւ դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաեւ դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի եւ ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ուշագրավ է, որ Անահիտ Կարապետյանը դեպքի վայրից հայտնաբերել է նաեւ պարկուճներ, որոնք հավաբանար որսորդական հրազենի են, ինչը ենթադրում է, որ կրկին անգամ սպանդն իրականացվել է որեւէ որսորդի կողմից։ 

Բացի այդ, գործում է նաեւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը սահմանող հոդվածը։

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում: 92-րդ հոդվածն ասում է.

«Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաեւ կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»: 

Հիշեցնենք, որ Վանաձոր քաղաքում տեղի ունեցած կենդանիների սպանդի մասին բարձրաձայնել ենք 2019թ․-ի մարտ ամսին, երբ ՀՀ ոստիկանությունը «Դինգո թիմ» ՀԿ-ի հետ զրույցում բացահայտ հայտարարել է՝ «դա արվում է որսորդների, հրազենի միջոցով եւ իրենք տեղեկանում են հատուկ գրությամբ»։

Հերթական անգամ կարող ենք փաստել, որ իրականացվող ապօրինի գործողությանն ակտիվ մասնակցություն են ունենում որսորդական միությունների անդամները եւ ոստիկանության ծառայողները:

EcoNews.am-ը մարտին զրուցել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ պարզելու համար, թե տեղյա՞կ է արդյոք քաղաքում տեղի ունեցող ապօրինությունների մասին: «Շահող կազմակերպությունն է անում, թաղամասեր են այցելում, որտեղից բողոք է լինում թափառող շների հետ կապված, գնում են առայժմ որսում են: Հիմա բանակցությունների մեջ ենք, տեսնենք՝ ո՞նց ենք ստերջացնելու: Չէ, չէ, չէ... վնասազերծելը կրակելը չէ: Բնակիչների մոտ եղել էին կատաղած շներ անցյալ տարվա վերջին, գնացել էին կրակել էին, բնակիչներն անհանգստացել էին կրակոցներից, բայց այս տարի չենք կրակում... խոսում ենք Երեւանի հետ, որ հասկանանք, ոնց կարող ենք ստերջացնել: Մրցույթը շահած կազմակերպությունը, որսում է, տանում այլ վայրեր, որպեսզի դպրոցի, հիվանդանոցի ճանապարհին շների կուտակումներ չլինեն»,- ասել էր քաղաքապետը՝ խոստանալով հրաժարվել այդ պրակտիկայից։

Փաստացի, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ի վիճակի չէ հետեւելու քաղաքում տեղի ունեցող ապօրինի կրակոցների խնդրին, կամ ավելին՝ նպաստում է դրանց իրականացմանը՝ «պատվիրելով» կենդանիների սպանդ, իսկ ՀՀ ոստիկանությունն առհասարակ անկարող է նման դեպքերում, ինչն ապացուցվել է բազմաթիվ անգամներ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси